Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՀՀԿ ԴԵՄ

Դեկտեմբեր 04,2010 00:00

\"\"ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նկատմամբ ՀՀ վերահսկիչ պալատի տարբերակված մոտեցումն արձանագրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

– Դուք պարբերաբար մասնակցում եք ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին: Եվ հետաքրքիր է, թե Ձեզ համար որքանո՞վ են արժանահավատ այն մեղադրանքները, որոնք ՎՊ-ի դեմ ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը: Թե՞ այս ամենը դիտում եք այն համատեքստում, որի մասին ԱԺ ամբիոնից խոսում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, որ ուղղակի ուզում են ջարդել Վերահսկիչ պալատի ողնաշարը։
– Երկուսն էլ ընդունում եմ ի գիտություն՝ թե՛ այն, ինչ ՀՀԿ խմբակցության պատգամավորը ներկայացրեց իբրեւ փաստ, թե՛ Վերահսկիչ պալատի նախագահի տեսակետն այդ կապակցությամբ: Երկուսն էլ հնարավոր են:
Այնուամենայնիվ՝ ՎՊ 2009 թվականի հաշվետվության մեջ ինքս էլ նկատեցի, զգացի ՀՀԿ դեմ մի ուղղվածություն: Այն նախարարությունները, որոնք ղեկավարում է ԲՀԿ-ն՝ նրանց կողմից վերադարձվող գումարները Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ նկատելիորեն քիչ էին ստուգման ենթարկված այն նախարարությունների համեմատ, որոնք ղեկավարում են ՀՀԿ անդամները: Օրինակ՝ քաղաքաշինության նախարարությունն ամենաքիչն է վերադարձրել գումարներ, կամ առողջապահության նախարարությունը: Իսկ ամենաշատը վերադարձրել է կրթության եւ գիտության նախարարությունը: Որպես պատգամավոր՝ խորացել եմ նշված նախարարությունների կողմից տարբեր ծրագրերի իրականացման գործունեության մեջ եւ այդ կարծիքին չեմ: Իմ դիտարկումները վկայում են հակառակի մասին:
– Այդ մասին Սպարտակ Մելիքյանն էլ խոսեց, որ մի քանի նախարարությունների վերաբերյալ ՎՊ-ն նշել է, թե ամեն ինչ նորմալ է, բայց հետո վարչապետի կամ ՀՀ նախագահի վերահսկողությունից «կատարվում են ստուգումներ, եւ շատ ու շատ խնդիրներ են ի հայտ գալիս։ Անգամ այնպիսի խնդիրներ, որ ստիպված են լինում անգամ փոխնախարարներ ազատել աշխատանքից»։ Ենթադրությանն ի պատասխան, թե սա պայմանավորված է տարբեր նախարարների նկատմամբ անձնական կողմնակալ վերաբերմունքով՝ Իշխան Զաքարյանը հայտարարեց. «Մենք անկողմնակալ կամ կողմնակալ վերաբերմունք որեւէ մեկի նկատմամբ չունենք»։
– Բայց ես էլ եմ դա նկատել եւ կարող եմ նշել փաստեր: Ասենք՝ քաղաքաշինության նախարարության կողմից կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի հետ կապված այնքա՜ն լուրջ խախտումներ եմ նկատել՝ թե՛ ժամանակի, թե՛ գումարի, թե՛ օրինական գործընթացի առումով, որ ինքս էլ ունեմ այդ համոզմունքը:
– Սակայն ուզում եմ հիշեցնել, որ ՎՊ ուսումնասիրություններին առաջին հակազդեցությունը եղել է հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Կարծում եք, թե դրանից հետո ինչ-որ բա՞ն է փոխվել՝ դժգոհությունն ազդեցություն ունեցավ եւ ՎՊ-ն սկսեց ավելի մե՞ղմ «նայել» ԲՀԿ նախարարություններին:
– Չեմ կարող ասել, թե ինչ է փոխվել՝ այդ գզվռտոցին ես ծանոթ չեմ: Չնայած ՎՊ նախագահն այսօր կուսակցական չէ, բայց բոլորս էլ հիշում ենք, թե ինքը ո՛ր կուսակցության շնորհիվ էր եկել խորհրդարան, հետո ընտրվել ԱԺ փոխնախագահ եւ այլն: Եվ մեր երկրում շատ արմատացած սուբյեկտիվ վերաբերմունքը, մարդկային գործոնի առկայությունն ինձ թույլ չեն տալիս, որ մտածեմ, թե ՎՊ նախագահն այսօր անաչառ կերպով է վերաբերվում բոլոր նախարարություններին, քաղաքական բոլոր պաշտոնյաներին, եւ ծրագրերի վերաբերյալ բոլոր հաշվետվությունները շատ անկողմնակալ են:
Բայց այն, որ ՎՊ գործունեությանը հասարակությունն այսօր հետեւում է հետաքրքրությամբ՝ դրական երեւույթ է: Անձամբ ես ոչ միայն ուշադիր կարդում եմ ՎՊ հաշվետվությունները, այլեւ դրանք համադրում իմ ունեցած տվյալների հետ:
– ԱԺ-ում Ձեր ելույթում, սակայն, հայտարարեցիք՝ «Որքան էլ անձամբ ես իմ մեջ պայքարում եմ, որ հավատս դեպի Վերահսկիչ պալատն ամրանա եւ հիմնավոր լինի՝ առայժմ այն շատ-շատ խախուտ է, որովհետեւ ինձ չեմ կարողանում համոզել դրանում»: Պատճառն առավել ա՞յն է, որ ինչպես նշեցիք՝ ՎՊ արած առաջարկությունները «մնում են թղթի վրա», «ընդամենն ասվում է, գրվում է, խոսվում է», թե՞ այն, որ «խոշոր շնաձկներին» նրանք այդպես էլ չեն հասնում:
– Առավել՝ երկրորդ պատճառն է: Այնուամենայնիվ՝ Վերահսկիչ պալատի հաշվետվությունները երբեմն պարունակում են փաստեր, որոնք որեւէ երկրում, թվում է՝ ուղղակի պայթյուն կառաջացնեին, բայց մեր երկրում դա չի լինում:
– Բայց այդ հաշվետվությունների պատճառով մարդկանց են ազատում գործից:
– Նախ՝ չգիտեմ, թե հատկապես ում են ազատել, սակայն հաստատ է՝ դրանք երկրորդական պաշտոնյաներ են: Այն մարդիկ, ովքեր հափշտակությունների մեջ իսկապե՛ս ունեն մեծ դեր՝ նրանք երկրում ամենաբարձր պաշտոնները գրավող մարդիկ են: Եվ նրանց չեն կարող բացահայտ դատել: Եկեք հասկանանք՝ եթե նախարարն իր ոլորտում ունի բազմաթիվ բիզնեսներ, ուրեմն՝ ի՞նչ կոռուպցիա հաղթահարելու մասին է խոսքը:
Նրանք մի շղթայի օղակներ են, եւ այսպես ասած՝ «ձեռքը ձեռք է լվանում»: Որեւէ մեկին ձեռնտու չէ նրանց մասին բարձրաձայն ասել եւ բացահայտել ավելին, քան կարող են: Այսինքն՝ ամեն ինչ արվում է մինչեւ մի աստիճան: Իսկ այդ աստիճանից ավելին անելու համար անհրաժեշտ է, որ երկրում ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ արդարադատության ողջ համակարգն իրենք զերծ լինեն կոռուպցիայից: Այ, եթե 5 պաշտոնյաներ իսկապես դուրս լինեն այս բոլոր այլանդակություններից՝ այդ դեպքում ամեն ինչ կասվի անուններով եւ ազգանուններով: Եթե իրենք չեն մասնակցի այդ այլանդակություններին ու զեղծարարություններին՝ թույլ չեն տա, որ նման որեւէ բան անեն իրենց ստորադասները:

Հ. Գ. ԱԺ-ում ելույթում Անահիտ Բախշյանը հայտարարել էր. «Վերահսկիչ պալատին էլ են մեղադրում գործարարության մեջ», եւ հարց տվել, թե իրենց ո՞վ պիտի ստուգի: Փորձեցինք ճշտել, թե հատկապես ում եւ ինչ բիզնեսի մասին է խոսքը, սակայն տիկին Բախշյանն առավել չմանրամասնեց. «Կա՛ն այդ խոսակցությունները, եւ որպեսզի հասարակությունը լիովին վստահի ՎՊ հաշվետվություններին՝ պետք է համոզված լինի, որ ՎՊ ոչ մի անդամ ներգրավված չէ որեւէ բիզնեսի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել