Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է

Դեկտեմբեր 04,2010 00:00

Այսօր ընդդիմությունը ակցիաներ է անցկացրել Հայաստանի մի շարք բնակավայրերում

\"\"
Հրազդան

«Ազգային թուրքերը վերանան, ամեն ինչ տեղը կընկնի»
Երեկ Երեւանում մի խումբ ցուցարարներ «Ամո՛թ», «Ազատե՛ք Նիկոլին», «Սերժիկ, հեռացի՛ր», «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով ու ցուցապաստառներով կրկին նույն պահանջով էին համախմբվել: «2008 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում ժողովուրդը, բնականաբար, չհամակերպվեց կեղծարարների կատարած քայլերի հետ, չմոռացավ մարտի 1-ի սպանդը եւ գլխավոր դատախազության հատուկ որոշումը, ինչի արդյունքում հազարավորները հետապնդվեցին ու ձերբակալվեցին: Ժողովուրդը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին, բռնազավթիչներին էլ՝ հեռանալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր ակցիայի մասնակից, ԺՈՒԿ կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչքանով է իրատեսական համարում մինչեւ Ամանոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին քաղաքական որոշում կայացնելու հավանականությունը: Ի պատասխան, պարոն Գրիգորյանը նկատեց. «Վստահ եմ, որ Նոր տարին դիմավորելու ենք մեր բոլոր կալանավորված ընկերների հետ ու ժողովրդավար երկրում»: Ցուցարար Անուշն էլ մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենց պայքարը արդյունք է տալու. «Մեծ հույսեր ունենք… ազգային թուրքերը հենց վերանան, ամեն ինչ տեղը կընկնի, թուրքացած հայեր են, որ մեր ազգն էս օրին են հասցրել: Էս անտեր երկրում 1 միլիոն հայ չկա, բայց 1,5 միլիոն ոստիկան է միայն մեր գլխին կանգնած, սա երկի՞ր է: Ազգի հերոսներին, խելոք գլուխներին աքսորեցին, մնացին դատարկագլուխներով»: Մեկ այլ ցուցարար էլ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջից բացի՝ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու կոչեր էր անում. «Թոշակառու եմ, փող չունեմ, ո՞վ է լսել, որ երկրից մի ամսում 7000 մարդ մեկնի, էդպիսի երկիր աշխարհում չկա, ընդհակառակը՝ ուրիշ երկրներից են մարդ բերում, որ հարստանան, իսկ մեր ղեկավարները մեզ վտարում են մեր սեփական երկրից ու հանրապետությունը լցնում են պարսիկներով, թուրքերով ու շներով: Էս աղքատ ժողովրդի մասին էլ ոչ ոք չի մտածում: Բայց մենք՝ այստեղ հավաքվածներս, չենք հուսահատվում, մենք ապացուցելու ենք, որ Հայաստանը դեռ կարող է ոտքի կանգնել, եւ մեր երկրում էլ հաղթելու է արդար ժողովրդավարությունը, ու իշխանությունը գողերի, ավազակների ձեռքից խլելու է ժողովուրդը: Հավատում ու սպասում ենք մեր պահանջների իրականացմանը»:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀԱԿ-ը դարձյալ «անսերժ ու անռոբ Հայաստան» է երազում
Երեկ Մարալիկում կազմակերպվեց բազմամարդ երթ դեպի քաղաքապետարանի ու ոստիկանության շենքեր, որի ընթացքում անխնա քննադատություններ հնչեցին հանրապետության \"\"երկրորդ եւ երրորդ նախագահների, տարբեր օլիգարխների՝ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի, Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի հասցեին: «Նրանք ի զորու չեն մեզանից խլել մեր ապագան ու բանտերում պահել մեր ընկերներին, նրանք պետք է իրենց կատարած հանցանքների համար հայտնվեն ճաղերի հետեւում»,- ասում էին բողոքավորները՝ մասնավորապես պահանջելով մարալիկցի քաղբանտարկյալ, ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային շտաբի ղեկավար Հարություն Ուռուտյանի անհապաղ ազատումը: Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր հենց ընտրությունների օրը՝ 2008թ. փետրվարի 19-ին՝ իբրեւ թե ընտրական գործընթացը խոչընդոտելու ու Սերժ Սարգսյանի վստահված անձ՝ մարզպետարանի տարածքային վարչության աշխատակից Սուրեն Ավետիսյանին ծեծելու մեջ: Իրականում, ինչպես մեզ վստահեցնում էին ականատես մարալիկցիները, Հարություն Ուռուտյանը փորձել էր կանխել Սերժ Սարգսյանի օգտին ապօրինի քվեարկողների մուտքը Մարալիկ, իսկ վերջիններիս Գյումրիից, մասնավորապես Շիրակի մարզպետարանից այնտեղ էր ուղեկցել Սուրեն Ավետիսյանը: Ըստ մարալիկցիների, ապօրինի քվեարկողների մեջ եղել էին մարզպետարանի մի խումբ կանայք, որոնք անգամ Մարալիկի տեղը չէին իմացել: «Առավոտը» Ուռուտյանի ավագ որդուց՝ օրերս ՀՀՇ երիտասարդական թեւի առաջնորդ ընտրված Բաբկեն Ուռուտյանից հետաքրքրվեց, թե արդյոք բանտից հաջորդ ազատ արձակվողը կլինի՞ իր հայրը: Բաբկենը ավելի քան վստահ էր, որ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները՝ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման պահանջով ու միջազգային կառույցների ճնշման ներքո: Իսկ ազատելու համար, ըստ նրա, իշխանությունները կընտրեն արդեն իսկ հայտնի ձեւը՝ վաղաժամկետ պայմանական ազատ արձակումը, ճիշտ այնպես, ինչպես ազատ արձակեցին վերջին երկու քաղբանտարկյալներին՝ Աշոտ Մանուկյանին եւ Մուշեղ Սաղաթելյանին: ՀՀՇ երիտասարդական թեւի առաջնորդը բացառեց, որ իր հայրը ներման համար երբեւէ դիմում կգրի: «Նա հայտարարել է՝ ես վեց տարի կնստեմ, մինչեւ պատժի վերջին օրը, բայց երբեք դիմում չեմ գրի»,- մեկ անգամ եւս հիշեցրեց Բաբկեն Ուռուտյանը: Ի դեպ, վերջինիս տեղեկացնելով, իր հայրը որոշակի խնդիր ունի՝ կապված բարձր ճնշման հետ: Նշենք, որ բողոքի ակցիայի վերջում կարճ ելույթներ հնչեցին Հայաստանի առօրյայի վիճակի մասին: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը իշխանություններին անվանելով մորեխներ՝ մարալիկցիներին «ուշքի գալու» կոչ արեց:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Այլեւս նահանջելու տեղ չունենք»
Անազատության մեջ գտնվող 11 քաղբանտարկյալներից երկուսը՝ Սասուն Միքայելյանն ու ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանը, հրազդանցիներ են: Երեկ նրանց հայրենի քաղաքում եւս տեղի ունեցավ, ըստ էության, բողոքի՝ իր մասշտաբով չնախատեսված զանգվածային ակցիա, որին մասնակցում էին վերջերս ազատ արձակված՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը, ԵԿՄ նախկին փոխնախագահ եւ քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, նաեւ՝ դեռ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի եւ Արամ Բարեղամյանի հարազատները: ՀԱԿ-ը Հրազդանում քաղաքապետարանին իրազեկել էր ոչ զանգվածային միջոցառում անցկացնելու մասին, բայց գործնականում տեղի ունեցավ ինքնաբուխ զանգվածային միջոցառում՝ հանրահավաք: Ի տարբերություն Իջեւանի, որտեղ ոստիկանները խոչընդոտել էին Կոնգրեսի ակցիան, վերջիններս նման փորձ անգամ չեն էլ արել: Հրազդանում հնչած բոլոր ելույթներում պահանջը մեկն էր՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Մասնավորապես Մյասնիկ Մալխասյանն իր ելույթում ասաց, թե «Մարտի 1»-ից անցել է երեք տարի, իսկ հասարակությունը հոգնել է իշխանությունների կեղծ խոստումներից, եւ հիմա եկել է հատուցման ժամանակը. «Մենք մի սխալ ենք թույլ տվել, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո թույլ տվեցինք այս իշխանություններին գոյություն ունենալ: Այսուհետ նահանջելու իրավունք չունենք»: Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթը սկսելուց առաջ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին Սարյանի արձանի մոտից կազմակերպվելու է երթ, եւ բոլորին կոչ արեց մասնակցել դրան: Նրա ասելով, «Մարտի 1»-ի սպանդից հետո իշխանությունների նպատակը մնում է մեկը՝ կոտրել համաժողովրդական շարժումը, սակայն դա չի հաջողվում. «Իշխանություններին քաղբանտարկյալների առկայությունը վնաս է, եւ նրանց հերթով ազատ են արձակելու: Բայց դա նրանց երազանքը չէ: Դա կանեն միջազգային կառույցների ճնշման ներքո: Իմ մեծագույն ցանկությունն է, որ մինչեւ Նոր տարի բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն»,- եզրափակեց Գ. Ջհանգիրյանը:

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ

Իջեւանում ցույցն ավարտվեց
ընդհարումներով

Դեկտեմբերի 3-ին Իջեւանի Շատրվանների հրապարակում նախատեսված էր ցույց՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների:
Ցույցին նախապատրաստվել էին նաեւ ոստիկանները: Մարզի մյուս տարածաշրջաններից ոստիկանության օժանդակ ուժեր էին բերվել Իջեւան:
Ոստիկաններից ոմանք քաղաքացիական հագուստով էին: Ցույցը նախատեսված էր սկսել ժամը 14-ին, սակայն այդ ժամին արդեն Շատրվանների հրապարակի երկու մուտքերը շրջափակված էին ոստիկանության կողմից: Ցույցի մասնակիցները հավաքվել էին Ենոքի փողոցում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի առաջ: Այստեղից ժամը 14.10-ին սկսվեց Նիկոլի եւ մյուս քաղբանտարկյալների նկարների պաստառներով, եռագույն դրոշներով երթը: Երթի մասնակիցները հասան Շատրվանների հրապարակի մուտքի մոտ, որտեղ հանրահավաք կայացավ: Ելույթ ունեցան Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը: Հետագա երթը փորձում էին փակել ոստիկանները, ովքեր ցուցարարներին հորդորում էին քայլել միայն մայթով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել