Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՌԸ ՄՈՒԿ ԾՆԵՑ

Դեկտեմբեր 04,2010 00:00

\"\"Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում 56 երկրներ, ութժամյա դռնփակ բանավեճերից հետո, ինչպես ՀՀ ԱԳ նախկին  նախարար Ալեքսանդր Արզումանյանն ասաց՝ ոչինչ չասող ամփոփիչ հուշագիր ընդունեցին:

Աստանայում ընդունված ԵԱՀԿ գագաթաժողովի ամփոփիչ հուշագրում միայն ընդհանուր ձեւակերպումներ կան: Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների՝ բանակցությունների գործընթացների խաղաղ ճանապարհով կարգավորման կարեւորությունը, եւ այն, որ դրանք պետք է իրականացվեն համաձայնեցված ձեւաչափերով՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան հռչակագրում արտացոլված միջազգային օրենքների նորմերի եւ սկզբունքների վրա:
Այդուհանդերձ, գագաթաժողովն այդպես էլ չընդունեց գործողության նոր ծրագիրը, որում պետք է ներառված լիներ ԵԱՀԿ-ի ավելի մեծ դերակատարությունը անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ Եվրոպայում եւ նախկին խորհրդային տարածքում հակամարտությունների կանխման եւ կարգավորման հարցերում։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ գործողության ծրագրի շուրջ համաձայնության հասել, ՀՀ ԱԳ նախկին նախարարն ասաց. «Եթե համաձայնության հասնելն այդքան հեշտ լիներ, վերջին 11 տարվա ընթացքում գագաթաժողով կանեին, էլի: Ինչո՞ւ չեք հարցնում՝ ինչո՞ւ 11 տարի շարունակ գագաթաժողով չի եղել: Չի եղել, որովհետեւ այդ հարցերի պատասխանները չկան: Եվ, ի վերջո, այս գագաթաժողովի հրավիրելը դեմք փրկելու ձեւ էր: Դա պետք էր Ղազախստանին, որը մտածում է ապագայում Եվրասիական ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ՝ դրսեւորվելու հնարավորություն ստանալու համար: Իսկ ի՞նչ եղավ. ի վերջո, ոչ ոք ոչինչ չստացավ: 10 կետ են գրել, որից ութը ոչինչ չի ասում»:
Այդ դեպքում ո՞րն էր գագաթաժողով հրավիրելու իմաստը, եթե գլոբալ հարցերում համաձայնություն չէր լինելու. 11 տարի գագաթաժողով չէր հրավիրվել, կարող էր նաեւ 12-րդ տարում չհրավիրվել: Արդյոք դրա նախաձեռնողը Ռուսաստա՞նն է եղել: «Ռուսաստանը, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն: Ակնհայտ է, որ այդ մոտեցումների տարբերությունը վերջին 10 տարիներին թույլ չի տվել գագաթաժողով հրավիրել: Ակնհայտ է նաեւ, որ այս անգամ էլ փոխհամաձայնություն չեղավ, եւ գագաթաժողովը, ի վերջո, ստիպված եղավ գեղեցիկ ձեւակերպումներով սահմանափակվել: Իսկ գագաթաժողով հրավիրելու իմաստը կար, եթե, իհարկե, մենք մի պահ զերծ մնանք այն մտայնությունից, որ աշխարհի կենտրոնը մենք ենք: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան լուրջ հարցեր են լուծում եւ այս տարիների ընթացքում քայլ առ քայլ կարողանում են այդ հարցերի պատասխանները ստանալ: Հիմա, այս ընթացքում ի՞նչ հարցեր նրանք լուծեցին՝ միանշանակ դժվար է ասել: Բայց որ հարցեր կան, որոնք լուծեցին, եւ հարցեր կան, որոնք դեռ պատասխանի կարիք ունեն՝ ակնհայտ է, եւ դա ժամանակը ցույց կտա»,- ասաց Ալ. Արզումանյանը:
ՌԴ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ չի ստորագրի մի փաստաթղթի տակ, որտեղ կլինի Վրաստանի հակամարտություններին վերաբերող դրույթ: Հակամարտությունների մասին եզրափակիչ հուշագրում ընդհանրական ձեւակերպումները նկատի ունենալով՝ կարելի՞ է արձանագրել, որ այդ հարցում, ըստ էության, Մոսկվայի դեմարշը հաջողվեց:
«Կարելի է այդպես ասել, բայց այստեղ Ռուսաստանը շատ ավելի այլ խնդիրներ լուծեց: Պետք չէ ձեւակերպումների ետեւից ընկնել, աշխարհը փոխվում է, եւ դա գլոբալ խնդիրների հարց է: Հիմա խոսվում է ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի վավերացման մասին: Այդ հարցում ինչի՞ են հասել Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն, եւ ի՞նչ պայմանավորվածություններ կան նրանց միջեւ՝ ժամանակը ցույց կտա»,- նկատեց նախկին ԱԳ նախարարը:
Այդ հարցում, ի դեպ, առայժմ պայմանավորվածություններ չկան. կան անհամաձայնություն եւ ՌԴ կողմից ԱՄՆ-ին ուղղված «հաթաթաներ»՝ եթե ԱՄՆ-ն չվավերացնի պայմանագիրը՝ սպառազինությունների նոր մրցավազք կլինի: Մեր այս վերջին դիտարկմանը Ալ. Արզումանյանը չհամաձայնեց. «Դե, դուք դա կարող եք «հաթաթա» անվանել, ես դա անվանում եմ դիվանագիտական նորմալ պրոցես: Այն, ինչ ստացվել է՝ շատ նորմալ, միջազգային գլոբալ, բազմակողմանի դիվանագիտություն է»:
Այդուամենայնիվ, կարելի՞ է Աստանայի գագաթաժողովը հաջողված համարել: «Դժվար է ասել. նայած՝ ինչ տեսանկյունից: Եթե խոսքը ընդհանուր Եվրոպայի, եվրաատլանտյան համերաշխության մասին է, ապա՝ այո: Ինքը՝ փաստը, որ գագաթաժողովը կայացավ, արդեն դրական եմ համարում»,- ասաց Արզումանյանը՝ խորհուրդ տալով հուշագիրը մի կողմ դնել: «Դրա բովանդակությունը կարելի էր կանխատեսել դեռ դրա ընդունումից շատ առաջ: Ես դրա մասին արդեն առիթ ունեցել եմ ասելու: 56 երկրների առաջնորդները, բնականաբար, Ղարաբաղի համար չէ, որ հավաքվել էին Աստանայում: Մենք պետք է ընդունենք, որ մենք հարցերից ընդամենը մեկն ենք՝ անկախ այն բանից, որ հինավուրց ժողովուրդ ենք, երկու հազար տարի առաջ թատրոն ենք ունեցել: Մենք համամարդկային չափանիշներով ընդամենը մի «բուկաշկա» ենք, եւ այդ առումով այս իշխանությունը ստացել է այն, ինչ ուզում էր՝ կոնսենսուսային համաձայնության շրջանակներում: Իսկ գլոբալ իմաստով՝ այն, ինչ կատարվում է, նորմալ ընթացք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել