Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենասիրելի կերպարը չեմ մարմնավորել»

Դեկտեմբեր 03,2010 00:00

Ըստ սիրված դերասան Կիմ Երիցյանի, ինչ էլ խաղա՝ իրեն թվում է, թե ավելացնելու բան կա

\"\"Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 1-ին կազմակերպվել էր հոբելյանական երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի 80-ամյակին:

Իրենց շնորհավորական ուղերձներն էին հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ոսկե մեդալ էր պատրաստել: Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը Երիցյանին նվիրեց նարդի, որի վրա փորագրված էր. «Կիմ ջան, եւս ութսուն տարի գլորես զառերը»: Միջոցառմանը ներկա էր Դրամատիկական թատրոնի ամբողջ դերասանական կազմը:

Մենք մի փոքր զրույց ունեցանք արվեստագետի հետ:

– Պարոն Երիցյան, ով կարող է համարվել իսկական դերասան:

– Ես իսկական բառը չեմ հասկանում. կամ պիտի լինել դերասան, կամ՝ ոչ: Իսկականը պայմանական բառ է: Ես պիտի նախ ոչ իսկականը իմանամ, որ իսկականը որոշեմ, ինչպես նաեւ ճիշտն ու սխալը …Միշտ չէ, որ կարողանում եմ ես կողմնորոշվել… Ամեն ինչը ժամանակի քննություն է պահանջում: Իսկ եթե արվեստի մասին է խոսքը՝ անպայման արվեստը իմաց կտա՝ ինքը իսկակա՞ն է, թե ոչ իսկական:

– Ո՞րն է եղել Ձեր մարմնավորած ամենասիրելի կերպարը:

– Ես այն դեռ չեմ խաղացել եւ հուսով եմ, որ չեմ էլ խաղա, որովհետեւ ինչ էլ խաղամ՝ պիտի թվա, որ ինչ-որ բան կա ավելացնելու:

– Եղե՞լ է Ձեր խաղացած կերպարներից գոնե մեկը, որ ընդհանրություններ է ունեցել Ձեզ հետ:

– Երբ դեր ենք պատրաստում, ինքներս մեզ էլ ենք պատրաստում, դերի պատկերն ենք ստեղծում, չէ՞ որ նա պետք է շնչի: Տողերից մարդ ենք ստեղծում: Պատահում է՝ կերպարը հաջող չէ, ստիպված ինքներս ենք տերեւներ ավելացնում, որ ծառ դառնա:

– Պատահե՞լ է, որ փողոցում Ձեզ դիմեն հերոսների անուններով:

– Անընդհատ: 30-40 տարի Տիրացու էին ասում, այնպես որ, ես «շատ եմ կերել»՝ վատ իմաստով: Ես խաղացել եմ արքա, ծառա, իսկ ժողովուրդը միայն մի դեր է հիշում՝ Տիրացուինը: Այդպես հիշում են նրանք, ովքեր թատրոն չեն եկել, չեն տեսել իմ մյուս դերերը:

– Սիրո՞ւմ եք հումոր:

– Ես հումոր ոչ թե սիրում եմ, հումոր ստեղծում եմ, հնարում:

Հ. Գ. Շուտով լույս կտեսնի Կիմ Երիցյանի հեղինակած գիրքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել