Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփում է պատկերասրահի տնօրենը

Դեկտեմբեր 03,2010 00:00

«Հայաստանի ազգային պատկերասրահում անելիքներ դեռեւս շատ կան»,- երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Ըստ նրա, 2010 թ. իրենց գործունեությունը աշխատատար էր. «Այս տարվա համար հատկանշական էր երկու ցուցահանդես: Մոսկվայի Պուշկինյան թանգարանում կազմակերպվեց հայ եւ ռուս արվեստագետների գլուխգործոցների ցուցահանդեսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուով: Ներկայացվեցին 1830-1930-ականների արվեստագետների աշխատանքները: Մյուսը՝ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցադրությունն էր՝ 200-ից ավելի աշխատանքներով»:

Ինչպես նշում է տնօրենը, Ազգային պատկերասրահում կայացել են նաեւ հոբելյանական ցուցահանդեսներ՝ Վաղարշակ Էլիբեկյանի, Հովսեփ Կարալյանի եւ այլ նկարիչների տարեդարձերին նվիրված:

Անդրադառնալով պատկերասրահի խնդիրներին, Փ. Միրզոյանն ասաց. «Վերանորոգումների կարիք ունենք, մասնավորապես պատկերասրահի մարզային մասնաճյուղերում: Պատկերասրահը հանրապետությունում 11 մասնաճյուղ ունի: Վերանորոգվել է Հրազդանի մասնաճյուղը, որի բացումը տեղի կունենա այս ամիս: Վերանորոգման կարոտ է Մարտունիի մասնաճյուղը, իսկ Սիսիանում նոր շենքի կարիք ունենք, հինը վատ վիճակում է: Մենք ոչ մի մասնաճյուղում ֆոնդեր չենք թողնում, քանի որ պատկերասրահի մասնաճյուղերը համապատասխան պայմաններ չունեն ֆոնդերի պահպանության համար, ֆոնդերը գտնվում են Ազգային պատկերասրահի գլխավոր շենքում»:

Ինչ վերաբերում է գլխավոր շենքին, բանախոսի խոսքով, վերջինը չունի օդափոխության ժամանակակից սարքավորումներ. «Որոշ սրահներում oդափոխության սարքեր կան, սակայն բավավար չեն: Անհրաժեշտ է, որ ամբողջ շենքում լինեն: Շենքը հարմար չէ ցուցադրություններ կազմակերպելու համար: Պատկերասրահները սովորաբար մի քանի հարկանի են լինում եւ գործում որպես առանձին կառույց, մինչդեռ մի շենքում այսօր տեղակայված են Հայաստանի պատմության, գրականության եւ արվեստի թանգարանները եւ Հայաստանի ազգային պատկերասրահը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել