Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկոտ եւ սկանդալային

Դեկտեմբեր 03,2010 00:00

«Ինքնագիրը» ընդմիջում էր հայտարարել

Դեկտեմերի 1-ին՝ ձմռան առաջին օրը, «Calumet» բարում կայացավ «Ինքնագիր-6» գրական հանդեսի շնորհանդեսը: «Առավոտի» հետ զրույցում բանաստեղծ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանն ասաց, որ հանդեսը երկու տարի ընդմիջում է ունեցել՝ ֆինանսական պատճառներով:

Վ. Գրիգորյանն ասաց, որ «Ինքնագրի» 6-րդ համարում ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ ժամանակակից գրականության հետ: «Այստեղ ընթերցողը կգտնի ամենատարբեր ժանրերի, ուղղությունների եւ հայացքների գործեր»,- հայտնեց Վ. Գրիգորյանն ու հավելեց, որ իրենց խնդիրը պարզապես լավ գրող, հեղինակ ներկայացնելը չէ, ավելի կարեւորում են հեղինակի աշխարհայացքն ու ինքնատիպությունը:

Վ. Գրիգորյանը փաստեց, որ «լույս աշխարհ» եկած հանդեսում ընթերցողը կարող է ծանոթանալ նաեւ Գեւորգ Էմին-Տերյանի (Վահան Տերյանի ծոռն է) գիտական հոդվածի հետ, որի միջոցով իր համար կբացահայտի Վահան Տերյանին. «բայց ոչ այն Տերյանին` վիզը ծուռ, տերեւը կողքին»: Հանդեսի խմբագրի խոսքով, «Ինքնագրի» Տերյանը լրիվ այլ է՝ աշխույժ, կենսախինդ, երբեմն էլ հայհոյախառն արտահայտություններով: Ներկայացվում են Վահան Տերյանի նամակները, որոնք ժամանակին գրաքննության են ենթարկվել եւ չեն տպագրվել:

Վ. Գրիգորյանը ընդգծեց նաեւ, որ «Ինքնագիր» գրական հանդեսի նախորդ համարները ընթերցողի մոտ աղմուկ եւ հետաքրքրություն են առաջացրել: Հանդեսի տնօրեն Վահան Իշխանյանն էլ հավելեց, որ իրենք տպագրել են նաեւ հայ ժամանակակից գրողների անգլերեն անթոլոգիա, ինչը եւս նույնպիսի արձագանք է ունեցել: Նա ասաց, որ հանդեսը նոր անուններ է բացահայտել, թեպետ իր մշտական հեղինակներն ունի: Ոմանց հնարավորություն է տրվել սեփական գործերը վերջապես տեսնել տպագիր տարբերակով: Խոսքը, հատկապես Դօրիան կեղծանվամբ երիտասարդի մասին է: Նրան ոչ ոք չի տեսել: Բնականաբար, շնորհանդեսին էլ չկար: Նախընտրում է մարդկանց հետ շփվել միմիայն համացանցում: Դօրիանի սիրելի զբաղմունքներից մեկը սոցիալական կայքերում հեգնական մեկնաբանություններ թողնելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել