Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԱՓԱՌԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Որովհետեւ դրանց դեմ ուղղված գումարներն աննպատակ են ծախսվում

Հայաստանում թափառող շների համար միակ կացարանը դաշնակահարուհի Նունե Մեհրաբյանինն է: Այդտեղ պահվում է շուրջ 220 ստերջացված (ամորձատված) շուն, որոնք չեն վաճառվում, սակայն եթե լինում են բարեխիղճ մարդիկ, ովքեր ունեն շուն պահելու կարիք, ցանկություն՝ Ն. Մեհրաբյանը սիրով նվիրում է:

Պետգնումների գործակալությունն ամեն տարի կազմակերպում է թափառող շների գլխաքանակի կրճատման տենդեր (մրցույթ): Արդեն 4 տարի է, ինչ Երեւանի վարչական շրջանում այդ խնդրով զբաղվում է մրցույթում հաղթած «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը (ի դեպ, 2-րդ տարին է, ինչ մրցույթին մասնակցելու երկրորդ հայտ չեն ներկայացնում հասարակական կազմակերպությունները):

Երեւանում թափառող շների խնդիրը փորձում է կարգավորել քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը: Ֆինանսների նախարարությունն ամեն տարի պետբյուջեից 180 մլն դրամ է հատկացնում խնդիրը լուծելու համար: «Հաստատված տեխնիկական բնութագրի համաձայն՝ գումարի 75%-ը տրամադրվում է շների ստերիլիզացմանը, իսկ 25%-ը՝ քնեցմանը՝ (դեղամիջոցի ներարկմամբ),- տեղեկացնում է քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանը՝ հավելելով,- ըստ էության, տարանջատում չկա՝ որոնք կքնեցվեն, որոնք կստերիլիզացվեն. աշխատանքներն ըստ բնակչության ահազանգերի են արվում, նայած թե աշխատանքային որ խումբն է գնում»:

Ըստ «Յունիգրաֆ իքս»-ի տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանի՝ որսորդների բռնած բոլոր շները տարվում են կլինիկա, այնտեղ որոշվում է, թե որոնք պետք է ստերջացվեն, որոնք՝ քնեցվեն: Եթե բնակիչներն ուզում են, որ ստերջացվելուց հետո վերադարձնեն շանը, ապա վերադարձնում են, իսկ եթե՝ ոչ, բաց են թողնում քաղաքի ծայրամասերում: Ստերջացված շները վզկապվում են: «Եթե վզկապը պոկվի, ստացվում է, որ հնարավոր է նույն շան վրա կրկնակի գումար ծախսվի»,- ասում է «Փրկենք կենդանիներին» բարեգործական հ/կ-ի տնօրեն Նունե Մեհրաբյանը, մինչդեռ Լիլիթ Գրիգորյանը բացառում է, որ իրենց որսորդները ստերջացված շանը երկրորդ անգամ բռնեն. «Նրանք հեռվից տարբերում են շունը ստերջացված է, թե՝ ոչ»:

«Մինչ այսօր շների ստերիլիզացիայի հետ մեկտեղ գործում է նաեւ վնասազերծման (կրակելու) տարբերակը, որը հենց քաղաքապետարանի պատվերն է: Ինձ համար տարօրինակ է այն, որ կարելի է ե՛ւ ստերիլիզացում անել, ե՛ւ վնասազերծում. չկա որեւէ քաղաքակիրթ երկիր, որտեղ շներին սպանելով հարցը լուծեն: Մենք հոգնեցինք կրակած շներ բուժելով»,- ասում է Նունե Մեհրաբյանը:

«Թափառող շները քաղաքային միջավայրում ինտենսիվորեն պետք է ստերիլիզացվեն, վերադարձվեն իրենց իսկ բնամիջավայր: Հիվանդ շները պետք է քնեցվեն, իսկ վարակիչ հիվանդություն ունեցողները՝ ոչ թե թաղվեն, այլ այրվեն»,- ասում է թափառող շների նկատմամբ համալիր ծրագրի մշակմամբ զբաղվող «Փրո-Փոուզ» կենդանիների բարեգործական արտասահմանյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարե Արամյանը: Նրա խոսքերով՝ թափառող կենդանին, առավելապես շունը, մարդու սխալ գործունեության արդյունք է. մարդն է փողոց գցում իր տան կենդանուն ու նրա ձագերին:

Նշենք, որ ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպությունը եւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը թափառող կենդանիների գլխաքանակի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներում եւ հանձնարարականներում ընդգծում են զանգվածային ոչնչացման հակառակ ազդեցությունը հիմնախնդրի լուծման վրա:

Հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Կենդանիների համաշխարհային օր, սակայն Հայաստանը չունի կենդանիների մասին օրենք, որը խնդրի կարգավորումը օրենսդրական հարթության վրա կդներ: «Որպես կանոն՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ նման կարգի նախագծերը ներկայացվում են հասարակական կազմակերպությունների կողմից»,- տեղեկացնում է Վազգեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս նման նախաձեռնությամբ որեւէ հասարակական կազմակերպություն հանդես չի եկել, իսկ Նունե Մեհրաբյանը պնդում է, որ բազմիցս այդ խնդրով դիմել են քաղաքապետարան՝ «ներկայացրել ենք տարբեր երկրների օրենսդրություն՝ Լեհաստանի, Հունաստանի, Հնդկաստանի ու Անգլիայի փորձը, որ քաղաքապետարանը, հաշվի առնելով Հայաստանի պայմանները, օրենք մշակի ու ներկայացնի Ազգային ժողովի ընդունմանը»:

Վ. Ղազարյանը հավելեց, որ այս տարի ավագանու քննարկմանը կներկայացնեն «Երեւան քաղաքում ընտանի կենդանիների հաշվառման եւ պահելու կանոնները»: Ն. Արամյանն էլ նշում է՝ «այդ օրենքում միակ օրենսդրական կետը, որը մեզ է վերաբերում, այն է, որ ընտանի կենդանի պահելու համար պետք է վճարենք 5000 դրամ, իսկ թե ինչ պահանջների պետք է բավարարենք, որ կարողանանք ընտանի կենդանի պահել՝ չկա»:

Ըստ «Յունիգրաֆ իքս»-ի պաշտոնական տվյալների՝ 2006 թվականից մինչ օրս 70 000 շուն քնեցվել է, 30 000-ը՝ ստերջացվել: «Ցանկացած քաղաքային միջավայր ունի թափառող շների տեղավորման տիրույթ, որը կախված է բնակլիմայական պայմաններից, սննդի առկայությունից, իրենց ծնելիությունից, բնակչության խտությունից: Վերը նշված չափանիշներից ելնելով՝ մեր քաղաքում չի կարող լինել 100 000 շուն,- ասում է Նարե Արամյանն ու հավելում,- Երեւանում՝ 1 մլն բնակչություն ունեցող քաղաքում, կարող է լինել մոտ 30 000 շուն, բայց ոչ դրա եռապատիկը»:

Ասել, որ թափառող շները Երեւան քաղաքում քչացել են, Վազգեն Ղազարյանը չի կարող. «Ըստ միջազգային փորձի՝ արդյունքը երեւում է 7-10 տարվա ընթացքում. 2010-ը դեռ 5-րդ տարին է»: Ի դեպ, այս տարվա հունիսին Երեւանում «Փրո-Փոուզ»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել թափառող կենդանիների հիմնախնդրով առաջին համաժողովը Կովկասում: Նարե Արամյանի տեղեկացմամբ՝ արտասահմանցի մասնագետները Հայաստանում խնդիրը լուծելու համար քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ առաջարկել են անվճար օգնություն, դեղորայք, վիճակագրություն, քարտեզագրություն, մասնագետներ, սակայն՝ «նրանք մերժեցին, իսկ միակ պատասխանը սա էր՝ փողը տվեք՝ մենք ձեր ուզածը կանենք: Ավելացնեմ, որ Սլովենիան միջազգային փորձով «Ստերիլիզացիա վերադարձ» ծրագրի ճիշտ իրականացման արդյունքում 4 տարում հասավ նրան, որ այնտեղ փողոցներում թափառող շուն այլեւս չկա: Հայաստանն աղքատ երկրների շարքում միակն է, որը ստաբիլ կես միլիոն դոլար է ծախսում թափառող շների գլխաքանակի կրճատման համար: Բայց եթե այդ գումարները նպատակային ծախսվեին, ապա ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի ու Վրաստանի հարցերն արդեն լուծած կլինեինք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել