Հայաստանի առաջատար բջջային օպերատորը 2011-ին «Հատիս Երեւան» բասկետբոլային ակումբին տրամադրել է 70 միլիոն դրամ:
Համագործակցությունը շարունակելու, մեկամյա ժամկետով կնքված պայմանագրի շուրջ հայտարարություն անելու, ինչպես նաեւ ակումբի 2011 թվականի ծրագրերի մասին խոսելու նպատակով «VivaCell-MTS»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը եւ ակումբի նախագահ Սուրեն Զոհրաբյանը երեկ «Միկա» մարզադահլիճում համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել:
Սկսելով ասուլիսը՝ պարոն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Մենք այսօր ձեզ հրավիրել ենք, որպեսզի տեղյակ պահենք, որ «VivaSell-MTS»-ը 2011-ին շարունակում է կանգնել «Հատիս» բասկետբոլային ակումբի կողքին: Այսինքն, հովանավորելու կամ աջակցելու է ակումբին, որպեսզի այն շարունակի արշավը, հաղթանակներ ձեռք բերի եւ հայկական բասկետբոլի անունն ավելի ու ավելի բարձրացնի միջազգային ասպարեզներում: Երբ «Հատիսը» խաղում է, ամբողջ ազգի աչքն այս թիմի վրա է լինում: Երբեմն լինում են շատ դժվար ու թեժ խաղեր, երբեմն՝ ոչ այնքան, երբեմն ստացվում է հաղթել, երբեմն՝ ոչ: Բայց, կարծում եմ, որ ազգովի մեր սիրտը, միտքը, ապրումները թիմի հետ են: Մենք անցած տարի սկսեցինք եւ այս տարի շարունակում ենք նորոգել հաջորդ տարվա միասին աշխատելը, որպեսզի ակումբը կարողանա ավելի ու ավելի նվաճումներ ունենալ: Մենք մի քանի տարի առաջ որդեգրեցինք «VivaSell-MTS»-ը սպորտի գործընկերն է» կարգախոսը եւ միայն բասկետբոլով չենք սահմանափակվում: Բայց քանի որ այսօր խոսում ենք բասկետբոլի մասին, ասեմ, որ այստեղ մեծ կարեւորություն ունի այն, որ «Հատիսի» խաղացողները իգական սեռի ներկայացուցիչներ են: Եվ շատ քիչ է, որ մեր հայրենիքում տեսնում ենք հավաքական մարզանք, որտեղ իգական սեռը բավականին առաջադիմած է ու հաջողությունների կարող է հասնել: Հավատալով, որ իգական սեռը պիտի հավասար լինի արականին, դա էլ պատճառներից մեկն էր, որ կանգնել ենք ակումբի կողքին»:
«Հատիս Երեւան» բասկետբոլային ակումբի նախագահ Սուրեն Զոհրաբյանը նշեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում. «Այս կարճ ժամանակաընթացքում տեսանելի է, թե «Հատիսն» ինչպիսի հաջողությունների է հասել՝ ներկայացնելով թե սպորտը, մասնավորապես, բասկետբոլը, թե Հայաստանը, թե մեր դրոշը, ինչպես նաեւ նպաստելով ազգի առողջ ապրելակերպին, թիմային աշխատանքներին: Իմ համոզմամբ, սխալ կարծիք կար, թե Հայաստանում մեծ հաջողությունների կարելի է հասնել միայն անհատական մարզաձեւերով, որոնց մենք ինքներս էլ երկրպագում ենք: Սակայն «Հատիսը», ինչպես նաեւ վերջին շրջանում թիմային այլ մարզաձեւերը, ապացուցեցին, որ նաեւ թիմային մարզաձեւերը, թիմային միտքը եւ թիմային աշխատանքը ստացվում են հայերի մոտ: Այդ ամենը հնարավոր դարձավ նաեւ շնորհիվ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին է «VivaSell-MTS»-ը, որն առաջատար է ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլեւ՝ ազգային ծրագրերին օժանդակելու առումով, ինչի շնորհիվ մենք արձանագրում ենք միայն զարգացում»:
ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը լրացրեց. «Հուրախություն բոլորիս, այսօր բասկետբոլի ֆեդերացիայի եւ «Հատիս» ակումբի կողքին կա մի կազմակերպություն, որի հեղինակությունն այն է, որ նրա համար առաջնայինը միայն բիզնես ծրագրերը չեն: Մենք այսօր տեսնում ենք, որ «Հատիսը» միայն հաղթելով կամ պարտվելով չի սահմանափակվում: Ակումբի անդամների թիվը չորս ու կես հազարից հասել է ինը հազարի: Ու սա նաեւ «VivaSell-MTS»-ի շնորհիվ է, կազմակերպություն, որը չի փնտրում իրեն գովազդելու առիթ, այլ կանգնում է այնպիսի ծրագրերի կողքին, որոնք նպաստում են հայ ժողովրդին, մատաղ սերնդին փողոցից դեպի տուն, մարզադահլիճ բերելուն»:
Պատասխանելով հարցին, թե ներդրումներն արդյունքի առումով արդարացնո՞ւմ են սպասելիքները, Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Ինչպես բիզնեսում ասում ենք՝ «Սպասեք ավելիին», այնպես էլ հիմա ենք ասում նույնը: «Հատիսը» ձգտում է ավելիին: Սպասենք եւ կտեսնենք ավելի ու ավելի»:
Հարց հնչեց ակումբի եկող տարվա ծրագրերի մասին, որին Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Ծրագրերը միայն «Հատիսի» խաղերը չեն: Այլ ծրագրեր էլ կան, այդ թվում՝ մանկապատանեկան խմբերի ստեղծումը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն գործում են ակումբի 11 այդպիսի խմբեր: Իսկ ինչ վերաբերում է բասկետբոլային թիմի ծրագրերին, դրանք էլ բազմաթիվ են: Այս ընթացքում համոզվեցինք, որ եթե մենք ուժեղ առաջնության չմասնակցենք ու հավասարազոր թիմերի հետ առնվազն 30 հանդիպում չանցկացնենք, գլոբալ հաջողությունների մասին խոսելն ավելորդ է լինելու: Այս տարի մենք ցանկանում էինք հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում: Բայց մեզանից անկախ պատճառներով չստացվեց՝ նրանց ֆեդերացիայում ծավալված ներքին խժդժությունների պատճառով: Եկող տավա համար նույն ծրագիրը մնում է ուժի մեջ, բայց կան նաեւ այլընտրանքային տարբերակներ, որոնց մասին եկեք խոսենք հունիսից հետո: Նոր համալրումների մասի՞ն. լինելու են, բայց թե ովքե՞ր են գալու, առայժմ չեմ ասի: Եվ, վերջապես, թիմի անցած եւ այս տարվա կազմերի համեմատության մասին: Իմ համոզմամբ, «Հատիսի» այս տարվա կազմը բասկետբոլիստուհիների անհատական վարպետության առումով ավելի ուժեղ է: Բայց խաղադաշտում թիմային խաղը դեռ հղկված չէ: Դրա համար էլ ժամանակ է հարկավոր: Ու կրկին գալիս է նույն հարցը՝ ուժեղ առաջնությունների մասնակցելու, հավասարազոր թիմերի հետ խաղալու: Այնպես որ, պետք է համբերել ու հավատալ, եւ ավելին անպայման կլինի»: