Շախմատի Հայաստանի 16 տարեկանների հավաքականը շարունակում է փայլուն հանդես գալ Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող այդ տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադայում:
Երեկ առավոտյան կայացած յոթերորդ տուրում մեր քառյակի հերթական զոհը դարձավ Ուզբեկստանի ընտրանին, որին Արսեն Եղիազարյանի սաները հաղթեցին 3:1 հաշվով: Կրկին փայլեցին Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնց առայժմ ոչ մի մրցակից ի վիճակի չի լինում արժանի դիմադրություն ցույց տալ: Իսկ թիմի վերջնական հաղթանակն ապահովելու գործում իր լուրջ ներդրումն ունեցավ նաեւ չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած Դավիթ Շահինյանը:
Երեկոյան կայանալիք ութերորդ տուրից առաջ, որում մեր տղաները հանդիպելու էին Թուրքմենստանի առաջին թիմի հետ, Հայաստանի հավաքականն ավելացրել էր մրցաշարային աղյուսակում հետապնդողների նկատմամբ եղած միավորների առավելությունը: Յոթ տուրից հետո առաջատարների հնգյակն այսպիսի դասավորություն ուներ.
1. Հայաստան 23,0 միավոր
2. Ռուսաստան 18,0
3. Թուրքիա Կարմիր 17,5
4. Բելառուս 17,5
5. Հնդկաստան 17,5