Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը Թուրքիայի Շապին-Գարահիսարում մասնակցել է իր անունով պողոտայի բացմանը։
News.am-ի մատուցմամբ, Շապին-Գարահիսարի քաղաքապետարանի խորհրդի կողմից որոշում էր կայացվել, որ պողոտաներից մեկը վերանվանվի ստամբուլահայ հայտնի ֆոտոթղթակից Արա Գյուլերի անունով, եւ պողոտայի բացման օրը ցուցադրվել է Արա Գյուլերի կյանքն ու լուսանկարները ներկայացնող ֆիլմ: Ստամբուլահայ արվեստագետը պողոտայի բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հանդես է եկել կարճ ելույթով՝ նշելով, որ ինքը շատ երջանիկ է, որ հայրական քաղաքում իր անունով պողոտա է բացում. «Ես ֆոտոթղթակից եմ, իմ գործը սա է: Դրա համար ես իմ լուսանկարները ձեզ հետ եմ կիսում»: Միջոցառմանը Շապին-Գարահիսարի քաղաքապետ Շահին Յըլանջը նշել է, թե 1910-ին Արա Գյուլերի ընտանիքը գաղթել է Շապին-Գարահիսարից։
Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրան Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: