Ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի դիտարկումները
Ռուդոլֆ Խառատյանը՝ «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակիցների հետ:
Տարիներ շարունակ մասնագետները պնդում են, թե Հայաստանում չունենք ժամանակակից բալետ՝ մասնագետների բացակայության պատճառով: Այս մտքի հետ կարելի էր համաձայնել, եթե «Շանթ» հեռուստաընկերությունում ի հայտ չգար «Պարիր, թե կարող ես» նախագիծը: Ժամանակակից բալետը դասական պարի եւ ժամանակակից ռիթմերի սինթեզն է, որի հիմքը դեռեւս 1920-ականներին դրեց ամերիկացի նշանավոր պարուհի Այսեդորա Դունկանը: Նա բեմ հանեց այն ճշմարտությունը, որ միայն դասական խորեոգրաֆիան, այսպես կոչված՝ Պետիպայի բալետը (ֆրանսիացի բալետմայստերի անունով) չի կարող կենսունակ լինել՝ առանց ժամանակակից բալետային տարրերի ներմուծման: Նա իրավացի էր, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք պարային տարբեր ոճերի միասնական մատուցման ձեւեր, որոնցով հեղեղված է ներկայիս համաշխարհային բալետային արվեստը:
Հայ ժամանակակից պարարվեստում էլ այս ամենի նախաձեռնողը եղավ բալետի ճանաչված արտիստ եւ խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը, ով դեռ 1979թ. հայկական հեռուստատեսությունում բեմադրեց Վլ. Բալյանի «Ամբոխները խելագարված» պոետորիան, դեռ այն ժամանակ կարծես ապացուցելով, որ պարն առանց հեղափոխությունների՝ չի կարող առաջ ընթանալ: Եվ քանի որ «Պարիր, թե կարող ես» նախագծի գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը Վ. Խառատյանն է, «Առավոտը» հանդիպեց նրան: Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախագծին մասնակից զույգերը պետք է կարողանան մատուցել բազմաոճ ժամանակակից պար՝ «փողոցի» պարերից (հիփ-հոփ, բրեգ դանս…), պարահանդեսային պարերից (վալս, ֆոքստրոտ, տանգո…), լատինաամերիկյաններից (ռումբա, սամբա…) մինչեւ ֆոլկ պարեր: Խորեոգրաֆից խնդրեցինք նախ պարզաբանել, թե, ի վերջո, ո՞րն է ժամանակակից բալետի եւ դասական բալետի տարբերությունը: «Ժամանակակից բալետը հիմնված է նույն դասական բալետի սկզբունքների վրա, գումարած մերօրյա դինամիկան, ռիթմերը, անշուշտ, նաեւ տեղեկատվական հոսքը, թե ինչ է կատարվում աշխարհում»,- հակիրճ պատասխանեց պարոն Խառատյանը: Իսկ թե հունվարի վերջին՝ նախագիծն ավարտելուց հետո, կոնկրետ՝ իր կողմից առավել աչքի ընկած շնորհալի պարողներին հոգածություն կցուցաբերի՞, գուցե վերականգնելով Հայաստանում առաջինը իր հիմնած հեռուստաբալետը, Խառատյանի պատասխանը բազմանշանակ էր. «Նրանցից չեմ հրաժարվի, իսկ թե ինչպես դա կարտահայտվի՝ ժամանակը ցույց կտա»:
Անդրադարձանք նաեւ Ռ. Խառատյանի՝ Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերի գործունեությանը: Հիշեցրինք, որ ժամանակին մեզ տեղեկացրել էր Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի իր բեմադրության մասին, նշելով, որ հայ հանդիսատեսը վերջապես մեր թատրոնում կտեսնի ժամանակակից բալետ: Խորեոգրաֆն ասաց, որ ստեղծագործական «մասով» բեմադրությունն ավարտված է, մնում է լուծել զգեստների, դեկորների հարցը: Հավելեց նաեւ, որ պրեմիերան հավանաբար կկայանա 2011թ. գարնանը:
Քանի որ Ռ. Խառատյանը 25 տարի հանդիսացել է Վաշինգտոնի ազգային բալետի բալետմայստեր, ղեկավարել տեղի «Արքա» բալետային խումբը եւ Երեւանի թատրոն է հրավիրվել՝ խթանելու բալետային խմբի առաջընթացը, հետաքրքրվեցինք արդյունքով: «Երեւանում իրականացրի մի քանի պրեմիերա, սակայն միանգամից բարդ է այստեղ աճ ապահովելը, քանի որ դեռեւս իշխում է 19-րդ դարի բալետային արվեստի մենտալիտետը: Վերջին մոտ 20 տարիների «բալետային» լռությունից հետո շարժվել թռիչքներով՝ իրատեսական չէ…»: