Wikileaks սկանդալային կայքում գաղտնազերծված փաստաթղթերից մեկը վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի զրույցին, որում մանրամասներ են հաղորդվում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի առաքումների վերաբերյալ: News.am-ի մատուցմամբ, Աբիեւը պատմել է, որ անհանգստացած լինելով 2008թ. ընթացքում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք առաքելու փաստերով, մեկնել է Մոսկվա: «Պաշտոնական հանդիպումների ընթացքում, Աբիեւի պատմելով, ռուս գործընկերները հերքել էին իրենց մեղսակցությունը: Սակայն «երկրորդ շշից հետո» ռուսները բացվել էին, եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոստովանել էր, որ զենքն առաքվել է Հայաստան»,- ասված է դեսպանի նամակում: Ուշագրավ է, որ Աբիեւը մեջբերել է Սերդյուկովին, որն անկեղծացել էր. «Դուք ենթարկվո՞ւմ եք ձեր նախագահի կարգադրություններին: Ես կատարում եմ երկու նախագահների հրամանները»: