Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արվեստաբաններն ակտիվացել են

Դեկտեմբեր 03,2010 00:00

Երիտասարդները հանդես են գալիս  ինքնատիպ ձեռնարկներով

Դեկտեմբերի 2-3-ը ԳԱԱ-ում անցկացվում է Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջանը: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի խոսքով, այս տարի համաժողովի երիտասարդ մասնակիցների թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է, եւ ստիպված են եղել սահմանափակել զեկուցողների թիվը: Ընտրվել են միայն գիտական աստիճան ունեցողներն ու ասպիրանտները: Այս տարի ընդլայնվել է նաեւ մասնակիցների աշխարհագրությունը: Արվեստի ինստիտուտի գիտաշխատողներից, ասպիրանտներից բացի, նստաշրջանին մասնակցում են նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գեղարվեստի պետական ակադեմիայի, Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ այլ բուհերի, Մատենադարանի ներկայացուցիչներ: «Առավոտը» զրուցեց երիտասարդ մի քանի արվեստաբանների հետ:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դասախոս Արեգ Հասրաթյանը 3-րդ տարին է մասնակցում համաժողովին: Վերջինս ներկայացրել էր Պտղնավանքի վերակազմության եւ հուշարձանների վերաբերյալ ուսումնասիրություն՝ եղած անալոգների հիման վրա, օգտագործելով ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները: Նա եռաչափ գրաֆիկով պատկերել է հուշարձանի սկզբնական տեսքը: Ըստ նրա, այսօր Հայաստանում վերականգնված շատ հուշարձաններ կորցրել են իրենց նախկին տեսքը: «Կան բարերարներ, որոնք ցանկանում են իրենց անունը տեսնել հուշարձանի վրա: Նրանց համար նշանակություն չունի՝ հուշարձանի վերականգնումը հարի՞ր է նախկին տեսքին, թե՞ ոչ»,- նշում է մեր զրուցակիցը ու հավելում, որ նման լուրջ խնդիրների առջեւ չկանգնելու համար պետք է լինի ավելի բարձր կարգի որեւէ կազմակերպություն:

Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Արթուր Ավանեսովն էլ խոսեց Արամ Հովհաննիսյանի ստեղծագործությունների մասին, ով ներկայումս ստեղծագործում է հայրենիքից դուրս: Մեր զրուցակիցը զարմանում է՝ մեր հայրենակից Ա. Հովհաննիսյանը ներկայանում է բազմաթիվ երկրներում, իսկ Հայաստանում միայն վերջերս ներկայացվեց, այն էլ՝ շվեյցարական անսամբլի միջոցով. «Հենց մարդը գաղթում է, անմիջապես նրա երաժշտությունը մոռացվում է, դուրս է մնում Հայաստանի ուղեծրից»: Ա. Ավանեսովի կարծիքով՝ պատճառն այն է, որ մեր երկրում դրսի ստեղծագործողներով զբաղվող չկա. «Հայաստանում պետական խրախուսանք չկա, նկատի ունեմ ոչ թե ֆինանսականը, այլ ստեղծագործականը»: Նա, օրինակ բերելով Շվեյցարիայում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում Ա. Հովհաննիսյանի հետ իրենց ելույթները եւ ստեղծագործությունների պրեմիերաները, կարծիք հայտնեց, որ միջազգային ասպարեզում հայ կոմպոզիտորն ու հայ դաշնակահարն ավելի հայտնի է, քան հայրենիքում: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պահանջարկի խնդիր կա: Պատասխանեց. «Չեմ կարծում, որ Վրաստանում Արամ Հովհաննիսյանի երաժշտության ավելի մեծ պահանջարկ կա, քան Հայաստանում»: Նա նաեւ նշեց, որ այս տարի ԱՄՆ-ում լույս է ընծայվել ժամանակակից հայ երիտասարդ կոմպոզիտորների դաշնամուրային երաժշտության ժողովածու, որտեղ ընդգրկված են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ դրսի ստեղծագործողներ: Նրա խոսքով՝ դրանք այնպիսի հեղինակներ են, որոնց մասին մեր երկրում չեն խոսում կամ խոսում են Facebook-ով: Ինչ վերաբերում է հայաստանյան մշակութային իրականությանը, Ավանեսովը նշում է. «Վերջերս երիտասարդ կատարողների եւ կոմպոզիտորների միություն ստեղծվեց, համերգներ են անում եւ այլն, բայց այդ երիտասարդներն իրենց գործունեությունը սկսում են 80-ամյա զառամյալ կոմպոզիտորների ստեղծագործությունները ցույց տալուց, բայց չէ՞ որ կան երիտասարդներ»:

Հայ դասական օպերաների նորովի բեմադրությունների խնդրի, մասնավորապես Ա. Տիգրանյանի «Անուշի» եւ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստի» շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, կոնսերվատորիայի ասպիրանտ Գուրգեն Բավեյանը: «Բոլորս էլ գիտենք, որ կոմունիստական վարչակազմը որոշակի ճնշում էր գործադրում ազատ ստեղծագործողների վրա: Այժմ, 20 տարի անց, մեր օպերային բեմադրություններում մնացել են այն ժամանակվա բարոյական նույն սկզբունքները: Մեր խնդիրն է՝ վերադառնալ ստեղծագործողի ստեղծած դրամատուրգիական գաղափարներին: Նույն «Անուշում» եւ «Ալմաստում» կան երաժշտական առումով կրճատումներ, բեմադրական խախտումներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գ. Բավեյանը ու հավելեց. «Ինչքան էլ բողոքենք սովետական վարչակազմի ճնշումից, այն ժամանակ առնվազն 4-5 պրեմիերա է եղել: Տարվա ընթացքում մեր օպերային թատրոնն իր խաղացանկում այն թվերին ունեցել է 20-25 ներկայացում: Այսօր, ցավոք, օպերային թատրոնի վիճակն ու տեսքն այդպիսին չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել