Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՍԱԳՐՔԻՑ

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Իսկ այսօրվա դասագրքերը հեռու են կատարյալ լինելուց

Խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների դպրոցներում նույն դասագրքերն էին ու նույն ծրագրերը: Անկախ Հայաստանում դրանց հաջորդեցին բլեյանական դասագրքերը: Այդ տարիներին ես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ էի, մեզ պարտադրում էին ունենալ բլեյանականը, որովհետեւ նա նախարար էր, բայց թեմաներն անցնել «հին» դասագրքերով: Այսօր դպրոցական դասագրքերն ընտրվում են մրցույթով, հեղինակներն էլ որոշում են բովանդակությունը, որը ոչ միշտ է մանկավարժներին, աշակերտներին ու նրանց հետ դասերը պատրաստող ծնողներին գոհացնում:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը մամուլի ասուլիսներում եւ հարցազրույցներում քանիցս նշել է, որ ըստ «Հանրակրթության մասին» օրենքի, ցանկացած նոր դասագիրք մեկ տարի փորձաշրջան անցնելուց հետո պետք է երաշխավորվի ԿԳ նախարարության կողմից, նոր մտնի դպրոց: Առայժմ այդ սկզբունքը չի գործում: Նրա փաստմամբ, 9-րդ եւ 10-րդ դասարանների հայ գրականության դասագրքերի հեղինակները նույնն են, սակայն, օրինակ, Նարեկացու կենսագրությունը երկու գրքերում տարբեր է՝ սկսած ծննդյան թվից, իսկ 6-9-րդ դասարանների համար նախատեսված հայոց լեզվի գրավոր աշխատանքների ժողովածուում մի քանի տասնյակ սխալներ կան, 10-րդ դասարանի նորագույն պատմության դասագրքում 2007թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գրված է՝ անցել են 4 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, «Ժառանգության» մասին՝ ոչ մի խոսք:

Ասում են՝ այսօր Հայաստանում կա շուրջ 240 անուն դասագիրք: dasagirq.am-ի մատուցմամբ, ըստ «Տաթեւ» գիտակրթական համալիրի գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի, դպրոցական դասագրքերի հիմնական թերությունը չափազանց բարդ լեզուն է եւ բովանդակային անմատչելիությունը:

Ի դեպ, դպրոցական դասագրքերի «մասով» մի շարք թերություններ էր արձանագրել նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը։ ՀՀ վարչապետն էլ անհրաժեշտ էր համարել բոլոր խնդիրները քննարկել ՀՀ ԿԳ նախարարությունում, մարզպետարաններում, մասնագետների շրջանում, ներկայացնել ՀՀ հանրային խորհրդի ուշադրությանը եւ 2011-2012թթ. ուսումնական տարում աշակերտներին տրամադրել ժամանակակից պահանջները բավարարող դասագրքեր: Թե ինչքանով դա կհաջողվի, կյանքը ցույց կտա:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտից բանասիրական գիտությունների թեկնածու Հայկանուշ Մեսրոպյանն իր աշխատության մեջ փաստում է, որ մեծ մանկավարժ եւ գրող Լեւոն Շանթի հայոց լեզվի բոլոր դասագրքերը շարադրված են մանկավարժական կարեւոր սկզբունքների համաձայն, ուսուցանվող նյութի բաժինները բնական զարգացումով՝ պարզից բարդ, հաջորդում են միմյանց՝ ապահովելով սաների աստիճանական զարգացումը եւ արդյունավետ ուսուցումը։ Դրանք հարուստ են երեխայի բանականությունը զարգացնող, երեւակայությունը խթանող հետաքրքիր նյութերով ու օրինակներով։ Մեջբերվող հատվածներն ընտրված են արեւմտահայ եւ արեւելահայ գրականության լավագույն նմուշներից, որոնք զարգացնում են երեխայի ճաշակը։ Նույնը, հաստատ, չես ասի այսօրվա դասագրքերի մասին:

Թեման ամենաշատ քննարկվողներից է նաեւ բլոգներում: Օրինակ LION-ը akumb.am-ից, համարռւմ է, որ պատմության դասագրքերի մեծագույն թերություններից մեկը Վասակ Սյունուն դավաճան ներկայացնելն է: dvgray-ը կասկածում է, թե նման մարդ իրականում եղել է. «Որտե՞ղ են նյութական ապացույցները… սրա-նրա՝ օդի մեջ խոսակցությունների գրագրությունը հաշիվ չի: Նյութական ապացույց՝ ասենք իրա դղյակը կամ իրա նկարները…»: ranchpar-ն այլ մտահոգություն ունի. «Չարժե՞ դպրոցական դասագրքերում մատչելի մատուցել նաեւ ազգային գաղափարախոսություն ու ազգասիրության մասին դասեր մտցնել… Կարծում եմ երեխային անհրաժեշտ է առավելագույնս հետաքրքրորեն տրամադրել դեպի սեփական պատմությունը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել