Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

58. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"
ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը:

\"\"
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը՝ Գոյայի դերում:

\"\"\"\"
Թատերական պատկերներ միջնադարի հայ մանրանկարչությունից:

– Ճգնաժամի տարիներին էր,- ասացի ես,- Խորեն Աբրահամյանն առաջարկեց պրեմիերայից առաջ դիտել իր բեմադրած ներկայացումը, ապա խնդրեց հայտնեմ կարծիքս։ Ասացի, որ հրաշալի ներկայացում է, լավ դերասաններ են խաղում, սակայն գլխավոր դերում կցանկանայի Սոս Սարգսյանին տեսնել, ու դա նոր հմայքով կլցներ բեմը, նոր շունչ կհաղորդեր ներկայացմանը։ Ես գիտեի մեր երկու մեծերի հարաբերությունների մասին։ Խորենը ծանր լռեց։ Հաջորդ օրը հեռուստաելույթում ասաց. «Ինչո՞ւ սունդուկյանական թատրոնի ներկայացումներում բացակայում է մեծագույն դերասան Սոս Սարգսյանը…»։

– Խորեն Աբրահամյանն ու Սոս Սարգսյանը Փափազյանից հետո ամենախոշորներն էին, որոնք Մհեր Մկրտչյանի, Մետաքսյա Սիմոնյանի հետ իրենց ուսերին կրեցին թատրոնը կենդանի պահելու ողջ ծանրությունը, – ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը, – հաճախ են ասում, թե բեմի մեծ վարպետներին շարունակողներ չկան։ Այդպես չէ, քանի որ շարունակական թելը չի կտրվել։ Պիտի կարողանալ տեսնել այն, ինչը սովորական աչքով չի երեւում։ Վահե Շահվերդյանը կարող էր եւ այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը չլինել, սակայն որպես տաղանդավոր բեմադրիչ՝ նա կա։ Վարդան Աճեմյանի մասին ասում էին, որ նա կարող էր Երեւանի ցանկացած անկյունում թատրոն ստեղծել։ Վերջերս Վահե Շահվերդյանը Վանաձորում բեմադրել է Շեքսպիրի «Լիր արքան»։ Նա ապացուցեց, որ մեր երկրի ցանկացած անկյունում կարելի է թատրոն ստեղծել։ Նա Վանաձորում ոչ միայն կորստից փրկեց թատրոնը, այլեւ վերականգնեց աբելյանական բարձրարվեստ ավանդույթները։ Սխալներ շատ են արվում։ Ահա որոշվեց Աղթամարի եկեղեցու պատարագին չգնալ, քանի որ խաչը գմբեթին չեն տեղադրել։

– Դա դիվանագիտական ու քաղաքական լուրջ բացթողում էր, – ասացի ես,- այնինչ՝ ոչ պակաս, քան հարյուր հազար ուխտավոր հայեր պետք է գնային Աղթամար, ու աշխարհը կասեր. հայերը տեր են կանգնում իրենց հայրենիքին։ Բայց դե՝ ասողին լսող է պետք։

– Նախարարության ձեռնարկած բարեփոխումների ընթացքում ազգային թատրոնում բեմադրելու հնարավորություն ունեցան այն բոլոր ռեժիսորները, որոնք ցանկություն ունեն իրենց ուժերը փորձելու այս բնագավառում,- շարունակեց արտիստը,- հույս ունեմ, որ ժամանակը ամեն ինչ կհարթի, եւ այն ծանր հետեւանքներ չի թողնի թատրոնում։ Անկասկած, թատրոնն ապրում է, որի վկայությունն են խաղացանկում երկարակյաց ներկայացումները։ «Հին Աստվածները» ներկայացվում է 100-րդ անգամ։ Ներկայացումներ ունենք, որոնք տասը տարուց ավելի խաղում ենք լեփ- լեցուն դահլիճով։ Նոր ներկայացումներ ունենք, որոնց նկատմամբ հանդիսատեսը անտարբեր չէ։ Մի կարծիք հայտնեմ. եթե հարյուր հոգի կտրվում է հեռուստատեսությունից, սերիալներից, տնից դուրս է գալիս, որ թատրոնում կենդանի ներկայացում նայի, զգա թատերական մթնոլորտը, դա արդեն թատրոնի հաղթանակն է։

– Ուսանողների հանդիպեցի, նրանք երեք տարի թատրոն չեն մտել։

– Ուսանողը ծնողից օրական 500 դրամ է վերցնում, որ դասերի հաճախի, իսկ այս աղքատության մեջ թատրոնի տոմս ինչպե՞ս գնի։ Եթե պանիրը թանկանա եւս տասը դրամով, թատրոնը կկորցնի եւս տասը լավ հանդիսատես։

– Դերասանի, բեմադրիչի կենցաղը, կենսապայմանները պակաս դեր չունեն թատրոնում որակյալ խաղի, բարձրորակ ներկայացման գործում, – ասացի ես, – տասը տարի առաջ իմ ուսանողներին հանձնարարում էի դերասանների, բեմադրիչների կենսապայմանների մասին ռեպորտաժներ պատրաստել։

– Եթե համեմատենք տասը տարի առաջվա պայմանների հետ, ապա որոշակի բարեփոխություն նկատելի է։ Սակայն այն հեռու է բավարար լինելուց, եթե, իհարկե, ուզում ենք, որ դերասանը ի վիճակի լինի ամբողջությամբ նվիրվելու թատրոնին, բեմում փայլելու իր ողջ տաղանդով։

– Գանք թատրոնի կառավարման խնդրին, առանց որի թատրոնը չի կարող գոյություն ունենալ։

– Շատ կարեւոր է, որ դերասաններն ու բեմադրիչները իրենք ներսից կառավարեն թատրոնը, եւ ոչ թե դա թողնվի դրսի ուժերից կազմված Գեղարվեստական խորհրդին։ Ողջ ստեղծագործական կոլեկտիվը սեփական ուժերով կազմված Գեղխորհրդով, գեղարվեստական ղեկավարով համակարգեն, գտնեն լուծումները, որպեսզի դերասանը պատասխանատվություն զգա ոչ միայն իր աշխատանքի, այլեւ ողջ թատրոնի համար։

– Դերասաններն ընդգրկվա՞ծ են կառավարման մեջ։

– Գեղարվեստական խորհրդում 16 անդամներից 2-ն են դերասան։ Հիմնականում դրսից են։ Մեր տանը ինքներս պետք է կառավարենք։ Դրսի մարդիկ չեն ընկալում մեր հոգսերը։ Այդ պատճառով էլ ողջ ծանրությունն ընկած է թատրոնի տնօրենի ուսերին։ Նա չի կարող զբաղվել ե՛ւ ստեղծագործական խնդիրներով, ե՛ւ կառավարման հարցերով։

– Այո, ինձ համար շատ ծանր է,- ասաց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը,- ես հնարավորություն չունեմ խորանալու ստեղծագործական հարցերում, դրա համար թատրոնը պետք է գեղարվեստական ղեկավար ունենա։ Երեք տարի է, ինչ համապատասխան թեկնածու չենք գտնում։ Գեղարվեստական խորհուրդը, ճիշտ է, մեծ վնաս չի հասցնում, սակայն այն գործադիր մարմին չէ, այն միայն ներկայացումներն է գնահատում։ Իսկ բեմադրիչի, պիեսի ընտրությունը կատարում է նախարարությունը, իսկ Գեղխորհուրդը միջնորդի դեր է կատարում։ Թատրոնի ֆինանսական վիճակը օր օրի ավելի է ծանրանում։ Սոցիալական պայմանները, համաշխարհային ճգնաժամը անում են իրենց գործը, բայց երբ վերեւի հրահանգով սահմանափակում են դպրոցականների մուտքը թատրոն, մենք թե բարոյական, թե դաստիարակչական եւ թե ֆինանսական զգալի կորուստներ ենք ունենում։

– Իհարկե, ամեն ինչ դպրոցից է սկսվում,- ասացի ես։- Ի՞նչ որակի զինակոչիկ է տալիս դպրոցը։ Բանակում այսօր տիրապետող իրավիճակը հենց մշակույթից դպրոցականների կտրվածության արդյունք է։ Խորհրդային տարիներին այս խնդրին ավելի լուրջ ուշադրություն էին դարձնում։

– Միանգամայն համաձայն եմ,- ասաց թատրոնի տնօրենը,- կրթության ու մշակույթի նախարարությունները պարտավոր են համաձայնության գալ այս խնդրում։

– Իսկ ես կառաջարկեի, որ պետական միջոցներ հատկացվեն այս խնդրի լուծման համար, ի վերջո, բարոյականությունն է պետության հիմքը, իսկ բարոյականության հիմքն էլ մշակույթն է։

– Մի քանի տարի առաջ տարեկան մինչեւ 25 միլիոն դրամ շահույթ էինք ունենում, իսկ հիմա ձգտում ենք տարին առանց կորստի փակել, – ասաց Ս. Դավթյանը, – ֆինանսական մուտքերը դեպի նվազեցում են գնում։ Իհարկե, թատրոնը զիջել է իր դիրքերը հեռուստատեսությանը, համացանցին, սուտ «աստղերի» շոու համերգներին։ Հյուրախաղե՞րը, այս տարի տասը խումբ եմ ուղարկել ԼՂՀ, ու ծախսերը թատրոնն է կրել։ Մեծ փառատոների գնալու համար մեր ֆինանսական միջոցները չեն բավարարում։ Պետությունից ստացվող դոտացիան բավարար չէ աշխատավարձի համար։ Դերասանների միջին աշխատավարձը 65 հազար դրամ է կազմում։ 20 հոգի ստանում են 100-հազարական դրամ, իսկ մինչե 35 տարեկան երիտասարդները ստանում են 40 հազար դրամ։ Նրանց վիճակն ավելի ծանր է։ Անշուշտ, թատրոնի պահպանման համար անչափ կարեւոր է պետության կողմից տրամադրվող 31 միլիոն դրամ գումարը, առանց որի՝ թատրոնը պարզապես չէր լինի։ Ամենամյա այդ հատկացումների շնորհիվ նորոգեցինք գրիմանոցը, գրասենյակը, շքամուտքը, մաքրեցինք ճեմասրահի ապակիները։ Սակայն մինչեւ անցյալ տարի հանդիսատեսի հաճախելիությունը կազմում էր 62%, ապա այն այս տարի իջել է 45%-ի։

– Ըստ երեւույթին, բացակայում է գովազդը։

– Մենք գիտենք, թե ինչքան է կարեւոր գովազդը։ Սակայն մենք չենք կարող գովազդել անգամ մեկ ներկայացում։ Եթե այս խնդրում պետական քաղաքականություն իրականացվեր, ապա «Հ1» հեռուստաընկերությունը պարտավորված կլիներ գովազդել մեր ներկայացումները։ Եթե գովազդի մեկ րոպեն 100 հազար դրամ արժե, ապա 10 օր այն կրկնելու արժեքը մեր ուժերից վեր կլինի։

Մեր զրույցին միացավ ճանաչված դերասան Արմեն Մարությանը։

– Չհաջողված ներկայացումը ցանկանում են անցկացնել լավ ներկայացման փոխարեն, ու այդ նպատակով հատուկ թերթային հոդվածներ են պատվիրում։ Ճշմարտությունն ասե՞մ. իսկական արվեստի նկատմամբ սրտացավություն չկա։ Ինքս հավանում եմ նախարարի «ազատ բեմի» նախաձեռնությունը, սակայն տիրություն չեն անում։ Դա խանգարում է լիարժեք թատրոնի կայացմանը։ Համընդհանուր ջանքեր են պետք։

– Իսկ ո՞ւր են թատերագետները։ Չէ՞ որ նրանք կարող են իրենց վերլուծություններով ուղղորդել, օգնել թատրոնին ու հասարակությանը, գերատեսչությանը։

– Թատերագետ չկա, ավելի շուտ, որակյալ թատերագետը շահագրգիռ չէ վերլուծական գրելու խնդրում։ Առանց հոնորար՝ ինչքա՞ն գրի։ Ու նրանց փոխարինում են լրագրողները, որոնք էլ ուղղակի պատվեր են կատարում։ Թատրոնի ներկայացումների մեջ կան ե՛ւ լավերը, ե՛ւ չհաջողվածները։ Սակայն թատրոնի, նրա ներկայացումների մասին տեղեկատվությունն այնքան քիչ է ու թերի, որ ժողովուրդը կարծում է, թե թատրոնը չի աշխատում։ Նախարարության դերն էլ ժողովրդին ներկայացումների, թատրոնի մասին իրազեկ պահելու մեջ է կայանում եւ ոչ թե դիտավորյալ մեկին ցած գցի, մյուսին արհեստականորեն բարձրացնի, դրանով իսկ խարխլի թատրոնի հիմքերը։ «Գոյա» ներկայացմանը, որտեղ ես գլխավոր դերակատարն եմ, գալիս է հանդիսատեսը։ Դուք էլ պիտի գաք ներկայացմանը, որ իմանաք՝ ինչ գրել։ Տեսնում եմ, որ չեք գալու։

– Ես այն կարծիքի եմ, որ լրագրողը իրավունք չունի իր կարծիքը արտահայտել թատերագետի փոխարեն։ Ես կարող եմ միայն ներկայացնել ուրիշների, այդ թվում եւ ձեր կարծիքը այս կամ այն խնդրի, ներկայացման վերաբերյալ ու դրանով իսկ օգնած կլինեմ հասարակությանը ճիշտ կողմնորոշվելու։

– Դա դուք ասեք ձեր գործընկերոջը, որ իրավունք չունի լեփ-լեցուն դահլիճ ապահովող ներկայացման մասին իր անունից հայտարարել. «Ներկայացումը չի կայացել»։ Դասավանդում եք, չէ՞, ապագա լրագրողներին։ Ճիշտ չեք սովորեցրել։ Թատրոնում կարելի է որոշակի քանակով հրավիրատոմս բաժանել, սակայն ոչ թե դահլիճի 90%-ը լրացնել հրավիրատոմսերով, ինչպես որոշ ներկայացումների դեպքում անում է նախարարությունը, ասենք՝ «Մակբեթի» դեպքում։

– Պարոն Մարության, ինձ հետաքրքրում է դերասանի սոցիալական վիճակը։

– Դերասանները, այսօրվա աճող գների համեմատ, չնչին գումար են ստանում։ Այս իմաստով հեշտ չէ անվանի թատրոնի ավանդույթների պահպանումը։ Թատրոնում ունենք դպրոց, որը 13 տարի կարողացավ դիմակայել ներքին ու արտաքին արհավիրքներին։ Սակայն այդ դպրոցի մեծ ջատագովին՝ Վահե Շահվերդյանին հեռացնելով թատրոնից, ուզում են ոչնչացնել այն։ Ուզո՞ւմ ես պատմությունից խոսեմ։ Մհեր Մկրտչյանին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը մերոնք այնքան ձգձգեցին, որ այն շնորհեց մեր թշնամին՝ Հեյդար Ալիեւը, իսկ այստեղ ամեն կերպ խանգարում էին։ Նման վերաբերմունքը մեր տաղանդների նկատմամբ շարունակվում է, այն տարբերությամբ, որ Իլհամի հայատյացությունը չի թողնի, որ կրկնվեն հոր խորամանկ քայլերը։

– Եթե թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի, ապա թատրոնի հոտն ու համը կորչում է,- ասաց թատրոնի փոխտնօրեն, գրող Նելլի Շահնազարյանը,- ու դրանով խարխլում են թատրոնի հիմքերը։ Վահե Շահվերդյանը տաղանդավոր արվեստագետ է, իսկ քաղաքականության մեջ երբեք չի մտել, այս իմաստով անտեղի էր թատրոնից հեռացնելը։ Տեսնո՞ւմ եք, երեք տարի է, ինչ նրան փոխարինող չեն գտնում։ Իսկ ես կարծում եմ, որ արժե նրան ետ բերենք, իհարկե, եթե նա համաձայնի ետ գալ։

– Իրականում պետք է մրցույթ հայտարարել թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր տեղի համար, որին մասնակիցները կներկայանան իրենց ծրագրերով,- ասացի ես,- իսկ նախարարությունից կամ նույնիսկ նախագահական ապարատից ի վերուստ նշանակումը միանգամայն սխալ կլինի։

– Ներկայացումները տարիների քրտնաջան աշխատանքով, տառապանքով են ստեղծվում,- ասաց Ա. Մարությանը,- իսկ մի լրագրող… Նախարարությունը կարող է չհաջողված ներկայացման նկատմամբ կողմնապահություն անել։ Նախարարությունը եթե խառնվում է, ապա պետք է նպաստի թատրոնի վերընթացին եւ ոչ թե անհիմն քայլերով խաթարի նրա կյանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել