Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավաքագրումը նվազել է, պատահարների թիվը՝ աճել

Դեկտեմբեր 03,2010 00:00

Երեկ կայացավ Սյունիքի մարզխորհրդի 2010թ. վերջին նիստը, ամփոփվեցին տարվա ձեռքբերումներն ու թերացումները:

2010-ին Սյունիքի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման հարցում թերացել են: 11 ամսվա համար նախատեսված 931,488 միլիոն դրամի փոխարեն դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 777,162 միլիոն կամ նախատեսվածի 83,4%-ը: Սյունիքի 109 համայնքներից 23-ում հավաքագրման ցուցանիշը կազմում է 100%, իսկ 38 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները չեն գերազանցում 50%-ը:

Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված 4 հարցից առավել կարեւոր էին նաեւ համայնքներում արտակարգ իրավիճակների ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների առանձին խնդիրները: Այս տարի նախորդ տարվա համեմատ բավականին ավելացել են արտակարգ իրավիճակների դեպքերը: Սյունիքի մարզային փրկարարական վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2009-ի 78 դեպքի դիմաց, այս տարի գրանցվել է 257 արտակարգ իրավիճակ, զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 15-ը:

«Արտակարգ իրավիճակների վերջին տարիների վերլուծությամբ պարզվել է, որ համայնքների ղեկավարների կողմից բավարար աշխատանքներ չեն տարվում՝ հատկապես գարնանային հեղեղումների հնարավոր վնասների կանխման ուղղությամբ: Այս ոլորտում անհրաժեշտ է աշխատանքներ տանել համայնքերի ղեկավարների, համայնքային ծառայողների վերապատրաստման ուղղությամբ»,- զեկույցում նշել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը:

Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը բարձրացրեց քաղաքի սկզբնամասում՝ Սյունիք գյուղի տարածքում գտնվող գերեզմանների հարցը, որոնց թիվն օրեցօր ավելի է շատանում, ու տեսարանը ոչ հաճելի տպավորություն է թողնում քաղաք եկող ցանկացած այցելուի վրա: Սյունիքի մարզխորհուրդը որոշեց անհրաժեշտ քայլեր իրականացնել խնդիրը լուծելու համար եւ առաջին հերթին քաղաք մտնող ճանապարհի եզրերին այլեւս տարածք չտրամադրել գերեզմանատան համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել