Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽՂՃԱԼ ՊԵՏՔ ՉԷ ՎՍՏԱՀԵԼ». ՈՐՏԵ՞Ղ ԴՆԵԼ ՍՏՈՐԱԿԵՏԸ

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Էջմիածինցի Նարինե Բադալյանը վստահ է, որ որեւէ արատ չի կարող խանգարել դրսեւորվելուն, եթե վերաբերմունքը ճիշտ լինի:

Նարինե Բադալյանը ծնվել է Էջմիածնում: Ծննդյան պահից հայտնվել է անձայն, խուլ աշխարհում. ինքն աշխարհի ձայները չի լսում, աշխարհն էլ նույն լռությամբ իրեն է հակադարձում: Արտաքին աշխարհի անցուդարձը անխոս ընկալող երեխայի կյանքը իմաստավորում էին միայն ծնողները, հատկապես՝ մայրը: Բայց մի օր նրա համր գոյությունն ավելի համրացավ. մի քանի ակնթարթում անէացան փոքրիկ կյանքի բոլոր գույները: Մթագնեց, դատարկվեց, շուրջն ամեն ինչ վերացավ, փոշիացավ… Մայրն այլեւս չկար:

Առանց այն էլ ինքնամփոփ աղջիկն ավելի խոր պարփակվեց ինքն իր մեջ: Խռովեց թե աշխարհից, թե մարդկանցից, որոնց շրջանակն իր կյանքում չափազանց նեղ էր:

Հայրը՝ Հակոբ Բադալյանը, ամեն ինչ անում էր երեխային խուլ ու մութ աշխարհից դուրս բերելու համար: Զբոսանքներին, շփումներին, մանկական զվարճանքներին մասնակից դարձնելու նրա բոլոր ջանքերը, սակայն, օգուտ չէին տալիս: Սառույցը շարժվեց այն լուսավոր օրը, երբ դստեր ձեռքը բռնած հայտնվեց Էջմիածնում գործող «Հայ միասնության խաչ» կազմակերպության դռների մոտ:

Հոգեբանական ճգնաժամ ապրող երեխաներին արվեստի ու արհեստների լեզվով բժշկող կազմակերպության մասին Հակոբ Բադալյանը պատահաբար էր իմացել: Հենց այդ երջանիկ պատահականությունն էլ օգնեց 2-րդ կարգի հաշմանդամ Նարինեին վերադառնալ իրականություն:

Նարինեի հոր երկրորդ կնոջ՝ Վերա Բադալյանի պատմելով, երբ աղջիկը «Հայ միասնության խաչ» կազմակերպությունում հայկական զարդանախշերով գորգերի էսքիզներ է տեսել, տրամադրությունը միանգամից փոխվել է: Հորը հասկացրել է, որ իրեն գորգագործության դասերի ուղարկի:

Արդեն յոթ տարի է՝ Նարինեն գորգ է գործում: Արհեստ-արվեստի նրբությունները յուրացրած աղջնակը կարճ ժամանակում հմտացավ, ինքն էլ չնկատեց, թե ինչպես վարպետացավ:

Ժեստերի լեզվով Նարինեն մեզ պատմեց, որ սկզբից եւեթ կազմակերպությունում օտարություն չի զգացել: Թեեւ խուլուհամր միայն ինքն է եղել, բայց դա չի խանգարել, որ երեխաները հասկանան ու գրկաբաց ընդունեն նոր ընկերուհուն: «Ես բարդ մարդ չեմ, երեւի դրա համար էլ ինձ շուտ հասկացան: Իրենց հետ ես ինձ լիարժեք եմ զգում: Նույնիսկ սկսել եմ հնչյուններ արտասանել, իսկ ընկերներս շարժումների ու դիմախաղի լեզուն են սովորել: Այնպես որ, միմյանց լավ ենք հասկանում»,- Վերա Բադալյանի միջոցով մեզ ասաց Նարինեն:

Նարինեին մայրություն անելու պատասխանատու դերը ստանձնած տիկին Վերան ոչինչ չի խնայում երեխային անխռով մեծացնելու համար: Անմնացորդ նվիրվել ու սիրում է սեփական երեխայի պես: Համոզված է, որ դա ուժ է տալիս աղջկան բնությունից տրված ոչ լիարժեք կյանքը լիարժեք զգալու համար: Պատմում է, որ գորգագործության դասերին տանելով՝ հայրն աղջկան բարդույթներից ազատելու եւ շրջապատի հետ մտերմացնելու նպատակ է ունեցել: «Բայց երբեք նրա մտքով չի անցել, որ երեխայի գորգագործական հաջողությունները միջազգային հնչողություն կստանան»,-ներկայացնելով Նարինեի՝ Իտալիայում, Իրանում, Թուրքիայում եւ Իսրայելում բացված ցուցահանդեսների բուկլետները, ասաց մայրը, հավելելով՝ անհատական մի ցուցահանդես էլ Երեւանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում է կազմակերպվել:

Իսկ Թեհրանի «Արարատ» միությունում Նարինե Բադալյանի աշխատանքների ցուցադրությունը նոր հեռանկարներ է բացել գորգագործուհու առջեւ: «Ակունք» կենտրոնը, բարձր գնահատելով աղջնակի հյուսքեն գործերը, նրան աշխատանք է առաջարկել:

«Այնքան շփոթված էի, որ միանգամից չհասկացա, թե ով է կանչում, ուր է կանչում: Իսկ երբ ուշքի եկա, զարմանքից քարացել էի. մի՞թե ես էլ կարող եմ հուզել, հետաքրքրել մարդկանց»,- ասաց Նարինեն:

Ծնողները աղջկան Թեհրան ուղարկելու որոշում դժվարությամբ են կայացրել: Չնայած շատ են ուրախացել, որ երեխայի աշխատանքներն ուշադրության են արժանացել եւ բարձր գնահատվել, բայց, այնուամենայնիվ, առաջին անգամ նրան մենակ թողնելը, այն էլ՝ օտար երկիր, լուրջ փորձություն էր: «Այդուհանդերձ, համաձայնեցինք: Մտածեցինք՝ ինչքան շփման եզրերը մեծացնի, այնքան շուտ կձերբազատվի բարդույթներից ու կինտեգրվի հասարակությանը: Վստահ էինք, որ օտար երկրին ու մշակույթին ծանոթանալը կօգնեն կյանքին այլ աչքերով նայել»,- ասաց Նարինեի հայրը՝ Հակոբ Բադալյանը:

Երեք ամիս Թեհրանում Նարինեն մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաներին հայկական գորգարվեստի գաղտնիքներն է բացահայտել եւ ուսուցանել ու նոր հայացքներով ու բարձր տրամադրությամբ վերադարձել Հայաստան:

Օտարության մեջ ապրելու եւ աշխատելու երեք ամիսները վերաիմաստավորել են աղջկա կյանքը: «Իմ նմաններն այնտեղ գրեթե բարդույթներ չունեն: Ես կասեի՝ նույնիսկ ինտեգրվելու խնդիր էլ չկա, որովհետեւ հաշմանդամին որպես հիվանդի չեն վերաբերվում: Իսկ օտար մշակույթում մեծացած իմ հասակակիցների հետ շփվելու խնդիր, կարելի է ասել՝ չեղավ. մենք իրար հետ հաղորդակցվում էինք արհեստի լեզվով»,- ծնողների օգնությամբ տպավորությունները կիսեց Նարինեն:

Արտասահմանյան իր առաջին շրջագայությունից Նարինե Բադալյանը եկել է հետեւության, որ իր նմաններին ոչ թե պետք է խղճալ եւ օգնել, այլ վերաբերվել՝ ինչպես հավասարը հավասարին: «Մենք ձեզանից մեկն ենք: Պարզապես մեզ էլ պետք է վստահել, աշխատելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ: Եթե տարիներ առաջ նույնիսկ երազել չգիտեի, հիմա, քիչ է ասել, թե երազանք՝ կոնկրետ նպատակ ունեմ. ուզում եմ գորգագործության սեփական դպրոց ունենալ եւ ապացուցել, որ լիարժեքության զգացողություն ունենալուն ոչինչ խանգարել չի կարող: Անգամ, եթե այդ ոչինչը լռությունն է»,-ասում է Նարինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել