Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աճպարարություն

Դեկտեմբեր 03,2010 00:00

Ի պատասխան՝ «Առավոտ» օրաթերթի 2010 թվականի նոյեմբերի 30-ին տպագրված «Աճպարարություն, ԱԺ իշխանությունը յուրացվել է» փաստաբան Կարեն Մեջլումյանի հոդվածի:

Համառոտ ներկայացնենք «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման պատմությունը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել 04.06.2010 թվականին: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկվել եւ ընդունվել է առաջին ընթերցմամբ 15.09.2010 թվականին, երկրորդ ընթերցմամբ՝ 05.10.2010 թվականին, երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ 27.10.2010 թվականին: Օրենքի նախագծի տեքստերը քննարկումների բոլոր փուլերում հրապարակվել են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (տե՛ս «Նախագծի պատմություն», կոդ՝ Կ-926), որոնց հոդվածագիրը, ցավոք, չի ծանոթացել: Երրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծի 31-րդ հոդվածը իսկապես փոփոխություն է կրել. երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծում նշված էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, իսկ երրորդ ընթերցման տեքստում՝ 2010 թվականի դեկտեմբերի 1-ից: Երրորդ ընթերցման ներկայացված նախագծի տեքստը հավանության է արժանացել գլխադասային հանձնաժողովի կողմից, բաժանվել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին: Այդ նախագիծն էլ քվեարկվել է երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Այսինքն՝ Ազգային ժողովի իշխանության յուրացում այլ անձանց կամ մարմինների կողմից չի եղել եւ չէր էլ կարող լինել: Ի դեպ՝ երրորդ ընթերցումը մեկ քվեարկությամբ ընդունելու հեղինակի դիտարկումը ուղղակի տարակուսանք է առաջացնում նրա իրավական գիտելիքների մակարդակի մասին: Հարգելի «փաստաբանին» խորհուրդ ենք տալիս խորությամբ ծանոթանալ նյութին եւ ապա եզրակացություններ անել, առավել եւս՝ խուսափել անհիմն հրապարակումներից: Գուցե հոդվածագիրը կարիք ունի մասնագիտական գովազդի. պետք է հիասթափեցնենք. աճպարարությամբ գովազդի ուղին կարճ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել