Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՋԻՆ ԵՎ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Նոյեմբերի 26-ին Երեւանի ավագանու վերջին նիստի օրակարգի 11-րդ հարցը վերաբերում էր տեղական տուրքերին եւ վճարումներին: Մասնավորապես, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվությունների համար նախկինում սահմանվել էին դրույքաչափեր, որոնք հիմա փոխվում են:

Երեկ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ մեր հարցին, թե ինչո՞ւ են դեմ քվեարկել տեղական տուրքերին եւ վճարներին վերաբերող հարցին, պատասխանեց, որ նախկինում՝ մինչ Երեւանը համայնք դառնալը, տեղական տուրքերն ու վճարները սահմանվում էին թաղային ավագանիի կողմից, 12 համայնքի համար, յուրաքանչյուրն իր նախատեսած դրույքաչափով:

2009-ի մայիսի 31-ի ավագանու ընտրություններից հետո այդ լիազորությունները փոխանցվեցին Երեւանի ավագանուն: «Դեռ նախորդ տարի տեղական տուրքերի եւ վճարների հաստատման ժամանակ մեր խմբակցությունը հանդես եկավ մի շարք առաջարկներով: Մեր վերլուծությունների արդյունքում պարզ դարձավ, որ նախկինում թաղային ավագանիների սահմանած դրույքաչափերը 2 անգամ պակաս էին, քան որ առաջարկվում է նախաձեռնողի կողմից: Մենք դեռ այն ժամանակ կանխատեսել էինք, որ այն էական վնաս կարող է հասցնել փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող տնտեսավարողներին, մինչդեռ մեր կուսակցության խնդիրներից մեկը մանր եւ միջին բիզնեսի խթանման համար իրավական նպաստավոր պայմանների ստեղծումն էր: Եվ մենք չսխալվեցինք. այս մեկ տարվա ընթացքում 300-ից ավելի տնտեսավարող սուբյեկտներ հրաժարվել են ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների տեղական տուրքերի համար նախատեսված լիցենզիայից»,- ասաց Գ. Գասպարյանը: Ի դեպ, վերջինս տեղեկացրեց, որ իրենք ավագանու նիստում առաջարկել են «գոտիավորել» տարածքները, մասնավորապես՝ 3-ի փոխարեն առաջարկվել է 4 գոտի, որը կնպաստեր տուրքերի թեթեւացմանը: Ըստ այդ տրամաբանության, առաջին գոտու բակային տարածքը կընկներ 2-րդ գոտու մեջ, 2-րդ գոտու բակային տարածքը՝ 3-րդի մեջ… «Այսինքն, մեր կարծիքով, պետք է տարբերակվի փողոցի գլխավոր եւ բակային հատվածում տեղակայված առեւտրի օբյեկտներից գանձվող տուրքերի չափը»: Սակայն առաջարկը չի ընդունվել: Գոտիավորումը կատարվել էր ըստ փողոցների: Օրինակ, 1-ին գոտու մեջ են դիտարկվել ինչպես Կենտրոնի Աբովյան փողոցը, Խորենացու փողոցը, այնպես էլ Էրեբունու վարչական շրջանի կամ Աջափնյակի համայնքում գտնվող փողոցները. «Կարծում եմ, սա արդարացված չէ եւ ոչ հիմնավոր: Այստեղ կա նաեւ օրենքի անկատարության հարց: Ի դեպ, մենք առաջարկել ենք, որ ծխախոտի եւ ալկոհոլի համար նախատեսված տեղական տուրքերը սահմանվեին ըստ տնտեսավարող սուբյեկտների զբաղեցրած տարածքի չափի»:

Գ. Գասպարյանը չի բացառում, որ մինչեւ այս տարեվերջ հարցը նորից կբարձրացվի, ինչի արդյունքում փոքր ու մեծ խանութները իրենց վճարների չափով կզատվեն, իսկ վերոհիշյալ մոտ 300 սուբյեկտները չեն օտարվի շուկայից: «Առավոտի» այն հարցին, թե արդյոք այս շահագրգռությունը պայմանավորված չէ՞ նաեւ «Բարգավաճի» անդամների՝ տնտեսավարողներ լինելու հանգամանքով, նա պատասխանեց. «Նման մոտեցումներն ու հրապարակումներն, անշուշտ, անլուրջ են, քանի որ ի սկզբանե մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մեր առջեւ խնդիր է դրված եղել՝ Երեւանի ավագանիում մեր գործունեությունն ուղղել բացառապես Երեւանին եւ երեւանցուն ծառայելուն: Մենք ավագանու անդամ չենք դարձել նրա համար, որ մեր լիազորությունները ծառայեցնենք մեր շահերին: Բայց եթե որեւէ մեկը կարող է արդարացի համարել այն, որ երբ 2010թ.-ին տեղական տուրքերը բարձրացման արդյունքում 300-ից ավելի տնտեսավարող սուբյեկտները պատրաստ են լիցենզիայից հրաժարվել եւ թողնել բիզնեսը, կամ ասենք, 20 եւ 500 քառ. մետր տարածք ունեցողները պետք է հավասարաչափ վճարեն, ապա ես էլ ասելու բան չունեմ: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել