Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՃՈՒՄ Է

Դեկտեմբեր 03,2010 00:00

Հայաստանը ծխողների քանակով աշխարհում առաջատար երկրների շարքերում է: Այդ է պատճառը, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է «Վարչական իրավախախտումների մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» եւ ՀՀ հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարել: Կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի քանակով եւս Հայաստանը աշխարհում առաջին տեղերն է գրավել. «Ծխելու հետ կապված հիվանդությունները, մահացության դեպքերն այսօր անթույլատրելի բարձր են մեր հանրապետությունում: Ակնհայտ է, որ սա մեծ չարիք է, ու բոլորով պետք է պայքարենք սրա դեմ»: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն էլ ասաց, որ 2004-ին ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ դրույթներ չեն կիրառվում ոչ միայն կազմակերպչական, այլեւ իրավական բնույթի գործոններով պայմանավորված: Նախարարի խոսքերով, թեեւ օրենքը նախատեսում է մի շարք սահմանափակումներ, բայց դրանք էլ գրեթե չեն կիրառվում, քանի որ դեռեւս կարգավորված չէ, թե որ գերատեսչություններն են իրավասու վերահսկողության եւ վարչական տույժեր նշանակելու հարցերում. «Այս օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցնում ենք այդ մարմինների շրջանակը, օրենսդրությունը փորձում ենք ավելի համահունչ դարձնել միջազգային փաստաթղթերին ու ավելի արդյունավետ դարձնել այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը»: Պարոն Դանիելյանը նաեւ ասաց, որ եթե միջազգային կոնվենցիայում անչափահասների համար սահմանում է պատասխանատվություն ոչ միայն ծխախոտի իրացման, այլեւ ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելու ժամանակ, ապա ՀՀ օրենքում պատասխանատվություն է նախատեսվում միայն իրացման մեջ ներգրավված անչափահասների համար. «Այսպիսի օրինակները բազմաթիվ են: Պետք է հստակեցնենք մեր օրենքները, որովհետեւ, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, ծխախոտի ներկրումն աճում է մեր հանրապետությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել