Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հղիներին կընդառաջե՞ն

Դեկտեմբեր 03,2010 00:00

ԱԺ-ում կրկին քննարկում են «Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը

Այսօր Ազգային ժողովում կրկին կքննարկվի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը: Նշենք, որ այդ օրենքում որոշ փոփոխությունները հղի կանանց եւ ապագա մայրերի շրջանում դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել: Հնարավոր է, որ հղի կանանց դժգոհություններին ի պատասխան, կառավարությունը որոշակիորեն ընդառաջի նրանց պահանջներին՝ վերանայելով որոշ դրույթներ: Երեկ կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե քննարկումներն ինչ փուլում են: Ի պատասխան՝ նախարարը տեղեկացրեց. «Քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Աշխատանքային 1 տարվա ստաժ ունեցող կանայք մինչեւ 2 տարվա երեխայի խնամքի դեպքում նպաստ կստանան»: Պարոն Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ եւս 2 փոփոխություն են նախատեսել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, նա չցանկացավ մանրամասնել, միայն ասաց, որ նախքան հրապարակելը, դրանք դեռ վարչապետի հետ պետք է քննարկի: Վարչապետն անդրադարձավ հղիների մեկ այլ դժգոհության՝ հարցնելով, թե ինչպես է լուծվելու ֆիզարձակուրդում գտնվող կանանց 150 000 դրամից ավելի գումար չտալու որոշումը:

Նախարարի մեկնաբանմամբ. «Այս դրույթն էլ ենք ուզում կապել ստաժի հետ, այսինքն՝ 1-3 տարվա աշխատանքային փորձ ունենալու դեպքում 250 000 դրամ կստանան: Այս ամենը քննարկել ենք, Ձեզ հետո կներկայացնեմ»: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ հարցի լուծման ուղղությամբ ինտենսիվ աշխատում են. «Լուծումը մի քանի փուլերից է բաղկացած: Առաջին փուլով օրենքը գործում է, ցանկանում ենք 2-րդ փուլում տարբերակել մեր դիրքորոշումները՝ որդեգրելով ապահովական ու ապահովագրական մոտեցումներ: Գործող մեխանիզմով մեկ օր աշխատած կնոջը վճարում ենք հղիության եւ ծննդաբերության նպաստ՝ սահմանափակելով վճարման կարգը՝ ոչ ավելի, քան 150 000 դրամ, իսկ ապահովագրական համակարգը, որը նախատեսում ենք ու դեռ քննարկում ենք, ենթադրում է, որ այն կանայք, որոնք շատ են աշխատել, նրանք պետք է իրենց ապահովագրած գումարներից շատ ստանան, իսկ նրանք, ովքեր քիչ են աշխատել, կստանան քիչ: Հիմա շատ մանրամասն չեմ կարող խոսել փոփոխությունների մասին, քանի որ դրանք դեռ քննարկման փուլում են»:

Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը կառավարության ուշադրությանը ներկայացրեց նաեւ «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների, առանձնապես ծանր կամ առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկերը հաստատելու» ավելի վաղ ընդունված որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պարոն Գրիգորյանի խոսքերով, փոփոխություններ են նախատեսվում աշխատանքային գրքույկի ձեւը, վարելու կարգը հաստատող եւ երկարացված, ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկը հաստատելու մասին ավելի վաղ ընդունված որոշումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել