Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԿԵԼ ԵՆՔ, ՈՐ ՇՈՒԿԱ ՁԵՎԱՎՈՐԵՆՔ»

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը վստահ է, որ 10 տարի անց էլ «Ռոսգոսստրախը» լինելու է մեծ եւ հաջողակ ընկերություն՝ բազմամիլիոն հաճախորդներով:

«Հայաստանում ապահովագրական շուկա չկա, ի՞նչը գնահատեմ,- երեկ կայացած ասուլիսում ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը,- մենք եկել ենք ստեղծելու այդ շուկան: Ապահովագրական շուկա ստեղծելը Հայաստանում մեր առջեւ դրված հիմնական խնդիրն է: Դա նաեւ ԱՊՊԱ-ի՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման համակարգի ներդրման գլխավոր խնդիրն է»: Ռուսաստանում ապահովագրական ոլորտում առաջնային դիրք զբաղեցնող «Ռոսգոսստրախը» արդեն երկրորդ տարին է, որ գործունեություն է ծավալում Հայաստանում: Ավելի քան 43 մլն հաճախորդ ունեցող այս ընկերությունը գրավել է նաեւ Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի եւ այլ շուկաներ: Ըստ Դ. Խաչատուրովի, որը Երեւանում է գտնվում «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության աշխատանքին ծանոթանալու նպատակով, ՌԴ-ում ապահովագրված է 30 մլն ավտոմեքենա, եւ անհնարին է այսօր ՌԴ-ում գնել մեքենա՝ առանց ապահովագրվելու. «Մենք շաբաթը 1 մլրդ ռուբլի, գրեթե $35-37 մլն ապահովագրական գումարներ ենք վճարում մեր հաճախորդներին, որից 82-85%-ը՝ ավտոապահովագրության ոլորտում»: Պարոն Խաչատուրովը կարծում է, որ ԱՊՊԱ համակարգի ներդրումը կխթանի Հայաստանում ապահովագրության այլ՝ կամավոր տեսակների ներդրումը եւ զարգացումը, եւ «Ռոսգոսստրախը» պատրաստ է իրականացնել ապահովագրության մյուս բոլոր տեսակները եւս. «Մենք այստեղ ենք հիմնավոր եւ երկարաժամկետ ծրագրերով»,- «սպառնաց» Ռուսաստանի թիվ 1 ապահովագրողը:

Ի դեպ, «Ռոսգոսստրախը» 2011-ին նշելու է իր գործունեության 90- ամյակը: Եվ այդ թիվը, ըստ պարոն Խաչատուրովի, հենց իրենց գործունեության հուսալիության գրավականն է. «Ապահովագրության ոլորտը դժվար եւ բարդ է: Ամենակարեւորը փորձառությունն է: Մենք երկար տարիների փորձ ունենք, տարբեր ճգնաժամեր ենք հաղթահարել եւ ձեռք ենք բերել հմտություն եւ հուսալիություն: Ես հուսով եմ, որ 10 տարի անց էլ մենք կշարունակենք լինել մեծ եւ ավելի մեծ ընկերություն: Եթե այսօր մենք ամսական հավաքագրում ենք $3,5 մլրդ, ապա 10 տարուց, կարծում եմ, կունենանք 10 մլրդի հավաքագրում: Մենք մեր գործունեությունը ծավալում ենք հիմնականում զարգացող երկրներում, որոնց տնտեսությունները աճի պոտենցիալ ունեն: Այդ երկրներից է նաեւ Հայաստանը»:

Հայաստան «Ռոսգոսստրախը» մուտք է գործել 2008-ին եւ միանգամից բավականին ակտիվ գործունեություն է սկսել: 2010թ. ինն ամիսների ընթացքում «Ռոսգոսստարխ Արմենիան» հավաքագրել է ավելի քան 1,5 մլն դրամի ապահովագրավճար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 216%-ով ավելի է: Այժմ ընկերությունը պատրաստվում է ԱՊՊԱ համակարգի աշխատանքների իրականացմանը: Այդ կապակցությամբ ընկերության նոր 10 գրասենյակներ են բացվել Երեւանում եւ եւս 11-ը՝ մարզերում: Միայն այս տարվա ընթացքում ընկերությունը 170 նոր աշխատատեղ է բացել: «Ռոսգոսստրախի»՝ Հայաստանում ձեւավորված գործակալական եւ գործընկերական ցանցում ներկայումս ընդգրկված է 1500 մարդ: Ըստ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանի՝ նախորդ շաբաթվա տվյալներով (իսկ այդ տվյալները փոփոխվում են շատ արագ), ընկերությունում ԱՊՊԱ պայմանագիր էր կնքել 8000-ից ավելի հաճախորդ: Ընկերությունը նախատեսում է գրավել ԱՊՊԱ-ի գծով շուկայի ոչ պակաս, քան 20%-ը:

«2011-ի հունվարից ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կտրուկ կաճի: Ես դա ձեզ խոստանում եմ,- փոքր-ինչ մռայլ սկսեց իր միտքը պարոն Խաչատուրովը, ապա բացատրեց,- այն բոլոր պատահարները, որոնք նախկինում չէին գրանցվում, հիմա անպայման կգրանցվեն՝ նույնիսկ ամենաթեթեւ քերծվածքները: Օրինակ, Մոսկվայում երբ ուժեղ կարկուտ է լինում, ես արդեն գիտեմ, որ երկու շաբաթ մեր ապահովագրական վճարումների քանակը կտրուկ աճելու է»: Նա խոստովանեց, որ ավտոապահովագրությունը ամենաքիչ եկամտաբեր, անգամ՝ վնասաբեր ոլորտն է ապահովագրության մեջ, սակայն նրանք չեն կարող չզբաղվել այդ ոլորտով: «Մեզ պետք է հաճախորդների բազա ձեւավորել: Եթե մենք չապահովագրենք ավտոպատահարներից, ապա մարդիկ պայմանագիր չեն կնքի մյուս՝ ոչ պարտադիր ապահովագրության տեսակների մասով, ասենք՝ կյանքի, անշարժ գույքի եւ այլն: Իմ նախընտրած տեսակը կյանքի ապահովագրությունն է: Ես ինքս ապահովագրել եմ իմ կյանքը, ավելի ճիշտ՝ իմ ծերությունը, եւ 25 տարի հետո «Ռոսգոսստրախն» ինձ ամսական $5-7 հազար է վճարելու՝ անկախ նրանից, թե ինչով կզբաղվեմ ես այդ ժամանակ»,- տեղեկացրեց պարոն Խաչատուրովը: Նա կարծում է, որ մնացած բոլոր՝ ոչ պարտադիր ապահովագրության տեսակները սկսում են զարգանալ ԱՊՊԱ-ից հետո: «Ապահովագրությունը մի նոր մշակույթ է, որը պետք է մտնի մարդկանց մեջ: Երբ Ռուսաստանում մտցվեց ԱՊՊԱ-ն, մենք կարծում էինք, որ մինչեւ տուգանքների սկիզբը կապահովագրվի ավտոմեքենաների հազիվ 60%-ը, այնինչ ապահովագրվեց 94 տոկոսը: Անեկդոտներն այն մասին, թե ինչ կպատահի, եթե բախվեն «Զապորոժեցն» ու «Մերսեդեսը», այլեւս ոչ մեկին չեն զվարճացնի, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ վթարը ոչ «Զապի», ոչ էլ «Մերսեդեսի» խնդիրն է, այլ՝ ապահովագրական ընկերության»:

Նա կոչ արեց ապահովագրության պայմանագիր կնքելիս հաշվի առնել ապահովագրական ընկերության փորձն ու պատմությունը. «Մեկ տարվա մեջ ՌԴ-ում 50 ապահովագրական ընկերություն փակվեց: Դա հեշտ գործ չէ, պետք է հմտություններ եւ պրոֆեսիոնալիզմ ունենալ, որը ձեռք է բերվում փորձով: Մենք գիտենք ինչպես աշխատել, ինչպես կարգավորել շուկան, մեր մասնագետները պրոֆեսիոնալներ են: Ապահովագրությունը ռիսկերի կառավարումն է, իսկ ռիսկերը կառավարել կարող է փորձառու ընկերությունը: Հայաստանում երկու տարի առաջ ապահովագրված էր ռիսկերի ընդամենը 1%-ը: Այսօր ՌԴ-ում ապահովագրված է ռիսկերի ընդամենը 8-9%-ը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում ապահովագրված է ռիսկերի 95-97%-ը, իսկ Լեհաստանում 65-67%-ը: Դա կախված է բարեկեցությունից: Հայաստանը աճելու տեղ ունի, մինչեւ հասնի ՌԴ, ապա Լեհաստանի մակարդակին, դե իսկ հետո՝ ԱՄՆ-ի: Ինչպես ԱՊՀ բոլոր երկրները, ՀՀ տնտեսությունն էլ մեծ պոտենցիալ ունի: Երկրի ՀՆԱ-ի 2,5-3%-ը պետք է լինի ապահովագրության շուկան՝ մոտավորապես $200-250 մլն: Այդպես է զարգացող երկրներում, իսկ Մեծ Բրիտանիայում այդ թիվը կազմում է 15%: Պետությունը տնտեսությունը զարգացնելու համար պետք է զարգացնի ապագովագրական շուկան, մարդկանց մեջ մտցնի իրենց ծերությունն ապահովելու համար գումար կուտակելու մշակույթը: Չինաստանում, օրինակ, թոշակ հասկացությունը չկա՝ միայն կյանքի ապահովագրություն: Այսօր Եվրոպան չի կարողանում իր թոշակառուներին պահել, որովհետեւ չունի այդքան աշխատողներ: Զարգացող երկիրն այն է, որտեղ մարդիկ ուզում են աշխատել: Հայաստանում մարդիկ դեռեւս ուզում են եւ կարող են աշխատել, եւ դա տնտեսության հիմքն է, շարժիչ ուժը: Իսկ պետությունն իր կողմից պետք է քայլեր անի, պետք է հարկային արտոնություններ սահմանի, որպեսզի աշխատողը եւ գործատուն իմանան, որ գումարը, որ իրենք ներդնում են որպես ապահովագրություն կամ կուտակային կենսաթոշակ, չի հարկվելու: Այնպես որ՝ շատ աշխատեք, կուտակեք, բայց մի մոռացեք երեխաների մասին, պետք է շատ երեխաներ ունենալ՝ աշխատանքն ու գենոֆոնդն են ՀՀ ապագան: Եվ իհարկե, չմոռանաք ապահովագրել ձեր երեխաներին»,- որպես փորձառու ապահովագրող իր խոսքը եզրափակեց Դանիլ Խաչատուրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել