Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2011-ի պետական բյուջեի նախագիծը փոփոխվել է

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ ԱԺ-ում նախագծի քննարկումների արդյունքում պատգամավորներից ու կուսակցություններից բյուջեի նախագիծը փոփոխելու վերաբերյալ 616 առաջարկություն են ստացել: Առաջարկությունների հեղինակները հիմնականում փոփոխություններ են նախընտրել սոցիալ-մշակութային ու գիտության ոլորտների համար սահմանված հատկացումներում: Եղել են նաեւ տնտեսության ու առողջապահության ոլորտներում փոփոխություններ կատարելու առաջարկություններ:

«616 առաջարկից 212-ն ընդունվել ու արդեն արտացոլվել է նախագծում, բացի սրանից, 184 առաջարկի տվել ենք պարզաբանումներ, իսկ 113 առաջարկություն առաջիկա տարիներին՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում կներառենք բյուջեում: Հնարավորինս ադեկվատ արձագանքել ենք բոլոր առաջարկություններին»,- վստահեցրեց նախարարը: Նրա խոսքով, ներկայացված ու ընդունված առաջարկների արդյունքում պետական բյուջեն կավելանա եւս 2 միլիարդ 456 միլիոն դրամով. «Ըստ էության, ծախսային մասով կհատենք 1 տրիլիոն դրամի սահմանագիծը: Նախագիծը հավանության արժանանալու դեպքում, բյուջեն կունենա 1 տրիլիոն 1 միլիարդ դրամի ընդհանուր ծավալ»: Պարոն Դավթյանի խոսքով, 2 միլիարդ 456 միլիոն դրամի չափով ավելացել են եկամուտներն ու ծախսերը. «Ծախսերն ու եկամուտները հավասարապես են ավելացել, արդյունքում՝ բյուջեի դեֆիցիտի փոփոխություն տեղի չի ունենա՝ պահպանել ենք ՀՆԱ-ի 3,9%-ի ծավալը»: Նա նաեւ բացատրեց, որ նախագծում տեղ գտած փոփոխությունները պայմանավորված են վերջին երկու ամիսներին փոխարժեքի փոփոխություններով. «Մեր խնայողություններն էլ հնարավորություն են տալիս կրճատել վարկերի սպասարկման ծավալը, որը նախատեսված էր նախնական նախագծում»: Կրթության ոլորտում նախատեսված փոփոխություններն, ըստ նախարարի, տեղի կունենան վերաբաշխման տեսքով, դրանք մասնավորապես նախատեսված են ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների հավելավճարների վճարման ծավալների հետ կապված: Նրա խոսքով, որոշ չափով կրճատվել են նաեւ պետական ապարատի պահպանման ծախսերը:

Մի շարք այլ փոփոխությունների մասին էլ նախարարը չմանրամասնեց՝ տեղեկացնելով, որ դրանք ֆինանսական հոսքերի փոփոխություններ չեն ենթադրում: Ի դեպ, կառավարությունը հավանության արժանացրեց նաեւ 2010 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը: Ըստ վերոնշյալ փոփոխության, բյուջեն կավելանա 12 միլիարդ դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել