Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Դեկտեմբեր 03,2010 00:00

Երկաթուղում երթեւեկության անվտանգության ապահովումը  ոչ միայն երկաթուղայինների հարցն է

\"\"Հարցազրույց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության վերահսկողության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, բոլորս հաճախ ենք լսում երկաթուղում տեղի ունեցած այս կամ այն պատահարի մասին: Ի՞նչ է ընդհանրապես նշանակում «գնացքների երթեւեկության անվտանգություն» եզրը:

– «Գնացքների երթեւեկության անվտանգությունը» իրենից ներկայացնում է միջոցառումների լայն համալիր՝ ուղղված երթեւեկության անվտանգության խախտման դեպքերի քանակի նվազեցմանը, աշխատանքում խոտանի քանակի, ոչ ստանդարտ իրավիճակների առաջացման հավանականության կրճատմանը, շրջակա միջավայրի եւ բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացմանը: Երթեւեկության անվտանգության ապահովման կազմակերպումը պահանջում է ինչպես հսկողության տեխնիկական նոր միջոցների եւ անվտանգության սարքերի ներդրում, այնպես էլ՝ անձնակազմի հետ շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված նախապահպանական աշխատանքների իրականացում: Երթեւեկության անվտանգության ապահովման համար ոչ պակաս կարեւոր է «մարդկային գործոնի» ազդեցության նվազեցումը: Դա հատկապես ակնառու է մեզ մոտ, որտեղ ներկայումս երթեւեկության կուլտուրան շատ ցածր մակարդակի վրա է, հատկապես սա վերաբերում է երկաթուղային գծերով չնախատեսված վայրերում եւ երթեւեկության կանոնների խախտումներով հատում կատարելուն, ինչը հաճախ վթարային վիճակ է ստեղծում՝ ցավոք, որոշ դեպքերում նաեւ ողբերգական ելքով:

– Երկաթուղին բարդ ենթակառուցվածքով ձեռնարկություն է, որտեղ աշխատանքի անվտանգության եւ պաշտպանության պահպանումը բնականոն գործունեության կարեւորագույն կողմերից մեկն է: Ինչո՞վ է ղեկավարվում վերահսկիչի ծառայությունը իր գործունեությունն իրականացնելիս:

– Գոյություն ունի «Երթեւեկության անվտանգության ապահովման միջոցների մասին» հրաման, որի հավելվածներում տրվում է երկաթուղում վթարայնության կանխարգելման նախապահպանական միջոցների համակարգի լրիվ նկարագրությունը: Այդ հավելվածները կազմում են այն փաստաթուղթը, որով ղեկավարվում է «ՀԿԵ» ՓԲԸ վերահսկիչի ծառայությունը իր աշխատանքում: Այժմ մենք ունենք նախապահպանական միջոցների ամբողջ համալիրի մշակված համակարգը ե՛ւ գծային տնտեսությունում, ե՛ւ շարժակազմի ծառայությունում, ե՛ւ կադրերի բաժնում, այսինքն՝ երկաթուղու բոլոր ծառայություններում եւ կառուցվածքային ստորաբաժանումներում: Այժմ ինչպես վերահսկիչը, այնպես էլ «ՀԿԵ» ՓԲԸ ցանկացած աշխատող իր աշխատանքում հիմնվում է միասնական փաստաթղթի վրա, որում մշակված են համակարգային միջոցառումները, հրահանգները, կանոնակարգը, պահանջները, աշխատողների փոխգործողության կարգը եւ այլն: Բացի դրանից, ընդունվել են անմիջապես երթեւեկության անվտանգությանը վերաբերող ստանդարտներ: Այդ ամենը թույլ է տալիս աշխատել՝ հենվելով միասնական դրույթների վրա եւ կանխարգելել անբարենպաստ իրավիճակների առաջացումը:

– Դուք խոսեցիք հարցի նորմատիվ կողմի մասին: Իսկ կա՞ն արդյոք որոշակի պրակտիկ բնույթի միջոցառումներ:

– Առաջին հերթին դա երկաթուղու գարնանային եւ աշնանային պլանային զննումներն են, որոնք անց է կացնում աշխատանքային խումբը ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի գլխավորությամբ: Խմբի կազմի մեջ են մտնում երկաթուղու բոլոր ծառայությունների ղեկավարները: Խումբն ընկերության ղեկավարի գլխավորությամբ իրականացնում է երկաթուղային գծերի հետիոտն շրջայց: Շրջայցի են ենթարկվում բացարձակապես բոլոր տեղամասերը, եւ անց է կացվում Հայաստանի ամբողջ երկաթուղային տնտեսության համակարգային ստուգում: Ղեկավարի այդպիսի վերաբերմունքը իր պարտականություններին բարձրացնում է ինչես շարքային երկաթուղայինների, այնպես էլ ղեկավար կազմի՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ընդհանուր մակարդակը: Նշեմ նաեւ, որ ՀԿԵ-ում ներդրված է «շախմատային» հսկողության համակարգ: Շախմատային հսկողությունն իրականացվում է փոխադրման ընթացքին անմիջականորեն մասնակցող բոլոր աշխատակիցների կողմից: Դրա հետ մեկտեղ կիրառվում են անակնկալ ստուգումներ ձեռնարկություններում եւ տարբեր ստորաբաժանումներում: Արդյունքում՝ վերոնշյալ բոլոր միջոցառումների համակարգված իրականացումը թույլ տվեց զգալիորեն նվազեցնել խախտումների քանակը՝ շուրջ 1/3-ի չափով: Մեծ ուշադրություն է հատկացվում գծանցումների անվտանգության վերաբերյալ իրականացվող աշխատանքներին, քանի որ այն ամենախոցելի մասն է՝ մարդկային գործոնի ազդեցության տեսանկյունից: Այդ նպատակով միայն 2010թ.-ին շահագործման են հանձնվել համապատասխան ցանկապատումով եւ նշաններով 8 պահպանվող գծանցների կետեր, եւս 11 գծանցներ կհագեցվեն էլեկտրական ուղեփակոցներով, կտեղադրվի գծանցները ցանկապատող 4 սարքավորում, անհրաժեշտ լուսավորումով կհագեցվեն 9 գծանցներ եւ այլն: Ընդ որում, 8 նոր պահպանվող կետերից 6-ը գտնվում են Մասիս-Երասխ ուղեմասում, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում մեքենաների հետ բախումներ:

– Բայց համաձայնեք, որ նման բախումներից խուսափելու համար անհրաժեշտ է աշխատանք անցկացնել բնակչության լայն զանգվածների հետ, ինչը ՀԿԵ-ի կողմից չի նկատվում:

– Տվյալ հարցում անհրաժեշտ է համապատասխան պետական մարմինների ստույգ դիրքորոշումը: Ինչ ասացի՝ անվտանգության ապահովման միայն մեկ կողմն էր: Մյուս կողմը կայանում է նրանում, որ ընթացքի անվտանգության ապահովման պրոցեսում պետք է մասնակցություն ունենան ոչ միայն երկաթուղայինները: Սա վերաբերում է ինչպես պետական կառավարման մարմիններին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին: Անվտանգության կանոնները պետք է ուսուցանվեն կրթական բոլոր հաստատություններում: Տվյալ աշխատանքը հատկապես պարտավոր են իրականացնել ավտոդպրոցներում: Բախումների մեծ մասը տեղի է ունենում գծանցներում, որտեղ անվտանգության տարրական կանոնների չիմացությունը եւ չհետեւելը հաճախ հանգեցնում է ողբերգական հետեւանքների: Իրենց լուման այս գործում պետք է ունենան նաեւ ԶԼՄ-ները՝ նկարահանելով եւ ցուցադրելով հեռուստածրագրեր եւ սոցիալական հոլովակներ այդ թեմայով: Վերջապես, անվտանգության կանոններին հետեւելը հանդիսանում է առօրյա կյանքի կարեւորագույն էլեմենտներից մեկը եւ վերաբերում է մեզ բոլորիս: Երթեւեկության կուլտուրային պետք է սովորեցնել համալիր կերպով, ամենուրեք, բոլոր մակարդակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել