Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ՄԵՂՄ ՎԱՐՎԵՑ

Դեկտեմբեր 03,2010 00:00

Հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին: Հայտարարությունը հնչեցվել է Բրյուսելում ծավալված երկկողմ քննարկումների ավարտին, որոնք ընթանում էին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համագործակցության եւ գործընկերության համաձայնագրի շրջանակներում վերջին երկու օրերին: Հայկական կողմից այս քննարկումներին մասնակցում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը եւ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Հայաստանին «գործնական քայլեր ձեռնարկել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման ուղղությամբ»: Նրանք հայաստանյան իշխանություններին հորդորում են նաեւ «ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունների եւ հարցաքննությունների պրակտիկան համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին»:

Հիշեցնենք, որ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության նախագիծը դեռ դեկտեմբերի 1-ի երեկոյան շատ ավելի կոշտ ձեւակերպումներ էր պարունակել: Մասնավորապես, հիշատակում կար իշխանությունների՝ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Հենց այս դրույթն էր, որ սուր քննարկումների առիթ էր դարձել: Եվրոպացի պատվիրակներից ոմանք պնդել էին, որ պաշտոնական Երեւանը ճնշում է բանեցնում իրենց նկատմամբ՝ հայտարարության տեքստից կոշտ ձեւակերպումները հեռացնելու նպատակով: Կրքերը հատկապես թեժացել էին, երբ Լիտվայի նախկին նախագահ, պահպանողական Վիտաուտաս Lանդսբերգիսն ի նշան բողոքի լքել էր դահլիճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել