Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քիչ լավ, մի քիչ վատ

Դեկտեմբեր 03,2010 00:00

Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի, այսպիսին է Հայաստանի տնտեսական վիճակը:

\"\"Երեկ «Դյուպլեքս» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած գնաճին՝ նշեց, որ գնաճը ցանկացած հասարակության համար վատ երեւույթ է: Ըստ պատգամավորի, գնաճի զսպման կամ մեղմման համար լավագույն գործիքները չեն կիրառվում, ինչի արդյունքում գնաճը գերազանցում է 9 տոկոսը: Պատգամավորի կարծիքով՝ եկամուտների բավականաչափ ցածր մակարդակի, մենաշնորհային շուկայի, ներմուծման մեծ ծավալների պարագայում «գնաճը էական ազդեցություն է ունենում հասարակության, նրա վարքագծի եւ տրամադրության վրա»:

Ըստ Վարդան Բոստանջյանի, դրամավարկային քաղաքականությունը եւս արդյունավետ չէ, եւ փոխարժեքը ձեւավորվում է սուբյեկտիվ գործոններով: Պատգամավորը պնդեց, որ ֆինանսական շուկայի մոտ 92 տոկոսը կառավարվում է մեկ կենտրոնից՝ Կենտրոնական բանկից. «Համաշխարհային բանկի կողմից սահմանվել է աշխարհի երկրների զարգացման ցուցանիշ, ըստ որի՝ որոշվում է տարբեր երկրներում տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը։ Ըստ ՀԲ-ի այդ ցուցանիշի գնահատման, Հայաստանում այդ բեռը կազմում է 41 տոկոս, ի դեպ՝ չհաշված ԱԱՀ-ն։ Մոտավորապես հասկանալու համար, պատկերացրեք, որ Վրաստանում այդ նույն ցուցանիշը 15% է։ Նման պարագայում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կապիտալը, ըստ էության, հայրենիք չի ճանաչում, այն հոսում է այնտեղ, որտեղ իր համար ավելի բարենպաստ պայմաններ կան»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն օրերս կարծիք էր հայտնել, թե ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ավելորդ սոցիալական բեռ է հասարակության համար: ԲՀԿ-ականը համամիտ չէ. «Ես դեռեւս չեմ կիսում այդ մոտեցումը, քանի որ մեքենաների պարտադիր ապահովագրության կարգը գործում է ողջ աշխարհում։ Սակայն պետք է նաեւ ասեմ, որ մենք չունենք գործընթացի իրականացման համապատասխան մեխանիզմներ եւ ֆինանսական ռեսուրսներ։ Եթե մենք, ի դեմս պարտադիր ապահովագրության, ունենանք 100 միավոր մուտք, որից 10 միավորը կտրամադրվի վթարների փոխհատուցմանը, ապա մնացած 90 միավորների վերաբերյալ հստակ պատկերացումներ չենք կարող ունենալ, թե որտեղ պետք է տեղադրվեն եւ մեր երկրին ինչպիսի օգուտ պետք է բերեն դրանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել