Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Կողմերն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն աջակցությանը ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարեւորել այդ կառույցների գործունեությունը: Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության եւ հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաեւ լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարեւոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար եւս լավ օրինակ կարող են դառնալ: