Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագիրը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը՝ մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող: Մտածեցի այսպես, ու թվում է, թե ավարտեցի, այնինչ՝ մարդու էությունը շարունակ անհանգիստ է՝ հոսող ջրերի նման, որոնք կարծես փնտրելով կարեւորը՝ շարունակ մոտենում են մահվան եւ խառնվելով անվախճան ծովին՝ կորցնում են իրենց անունները: Երբ Եգիպտոսում Նապոլեոնը, դիմելով իր զինվորներին, ասում էր, թե՝ այս բուրգերից ձեզ են նայում քառասուն դարեր… Անդարձության ավազների միջից, աննկատ գլուխները դուրս հանեցին հին արքաները եւ նայելով եկողներին՝ լաց եղան ավազե արցունքներով, բայց նրանք լալիս էին ոչ թե իրենց անցած փառքի համար, այլ Նապոլեոն եկողի անցողիկ բախտի համար: Չէ՞ որ նրանից առաջ իրենք էին, իսկ իրենցից քառասունութ հազար տարի առաջ ուրիշներն էին, որոնց կյանքն ու փառքը ծածկեցին ավազները: Եվ երբ տոթակեզ իրիկունների մեջ ժամանակների չքնաղ թագուհիները բարակ ու երկար մատները կարկառած աստվածներին՝ անձրեւ էին աղերսում իրենց ավազահալած երկրի համար՝ ուշադրություն չդարձնելով բուռնուսի մեջ փաթաթված նոր, անհայտ եկվորին, որը շատ ավելի ուշ տեր էր դառնալու արքաների հովիտին:

Այսպես մտածում էի՝ նայելով աշնան շքեղ տերեւաթափին, ու հասկացա, որ տխուր եմ, քանի որ ինչ-որ մի շատ կարեւոր բան իմ կյանքից այլեւս անվերադարձ անցնում էր, հեռանում ու խառնվում անդարձության ջրերին, ինձ թողնելով մենակ՝ իմ չապրած պահերի ու չգրած տողերիս դիմաց: Եվ եկավ մի պահ, որ ես ուզեցի բռնել չապրած օրերիս հեռացող փեշը, վերադարձնել նրան, բայց նա շրջվեց թաց տերեւաթափի տակ՝ դու մնա,- ասաց,- ու միշտ հիշիր ինձ, որ ուզեցիր ու չունեցար,- դու մնա, շարունակիր ապրել,- ասաց,- մինչեւ որ ինձ հետ հուշ կդառնաս անդարձության սահմանից այն կողմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել