ՀՀԿ խմբակցության պատգամավորի որակումներն Ադրբեջանի նախագահի հասցեին
Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին «Ժառանգություն» խմբակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Վերջինս անդրադառնալով ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին՝ ասել է. «Այն սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք մենք ունեինք՝ մեծամասամբ իրականություն են դարձել»: Ըստ նրա՝ միակ հանդիպումը, որ չկայացավ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր. «Կարծում եմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ որոշակի բարդ իրավիճակներում՝ եւ ոչ ի նպաստ Ադրբեջանի իրավիճակներում, ուղղակի Ադրբեջանի նախագահն, այսպես ասեմ, փախուստի է դիմում: Սա նաեւ ինչ-որ տեղ բնավորության գիծ է: Ըստ էության՝ նա այդպես էլ չի կարողանում ձերբազատվել դասալքության սինդրոմից»: Արտակ Դավթյանը նաեւ հավելել է. «Ալիեւի այդ տղայական կեցվածքն ու պահվածքը ոչ միայն այս բանակցային գործընթացի ժամանակ է երեւում, այլեւ «Վիքիլիքսի» հրապարակած գաղտնազերծված փաստաթղթերից եւս: Ես կասեի՝ թուրքերն ունեն բավականաչափ լավ բառ՝ գյադա, ուղղակի այդ գյադայական պահվածքը հարիր չէ երկրի ղեկավարին, ինչով որ առաջնորդվում է: Նույնիսկ այն բանից հետո, երբ միջազգային կառույցները, ԵԱՀԿ պատասխանատուները, նաեւ ՄԱԿ-ի քարտուղարը լարվածության թուլացմանն ուղղված կոչ արեցին, որպեսզի դիպուկահարներին ուղղակի շփման գոտուց հեռացնեն (իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն է, որ անընդհատ չի կատարում ու չի էլ ուզում կատարել այդ պահանջը), այս պարագայում հանդես է գալիս հայտարարությամբ՝ նույնատիպ գնահատականներով մեղադրելով ՀՀ-ին, Արցախին, այսինքն՝ նույն երգը, ինչ որ առաջներում կար»:
Իսկ Հովսեփ Խուրշուդյանը գագաթաժողովի արդյունքներն այսպես է գնահատել. «Չեմ կարծում, որ կա առաջընթաց. ընդամենը չկա հետընթաց: Ինչպես շատ դեպքերում լինում էր՝ ավելի վատ փաստ չի արձանագրվել: Բայց վատն այն է, որ եւս մեկ անգամ ամրագրվել են մադրիդյան սկզբունքները: Օրինակ՝ նույն գագաթաժողովը չանդրադարձավ Եվրոպայի սովորական սպառազինությունների շրջանակային համաձայնագրի խախտումներին Ադրբեջանի կողմից: Որեւէ ձեւով չանդրադարձավ Ադրբեջանի ձգտմանը դեպի պատերազմ, որն ակնհայտ է թե իր ռազմական բյուջեի ավելացման պարագայում եւ թե իր հստակ հայտարարությունների պարագայում: Որեւէ կերպ չանդրադարձավ Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին՝ նախագահի մակարդակով, որոնք մշտապես հակասում են Ադրբեջանի իսկ ստորագրած փաստաթղթերին ԵԱՀԿ շրջանակներում: Նման պայմաններում ու նման խախտումները, որոնք մշտապես իրականացնում է Ադրբեջանը եւ որեւէ արձագանքի չի արժանանում, ես կարծում եմ՝ արձագանքը պետք է լինի հայկական կողմից: Եվ արձագանքը պետք է լինի Արցախի անկախության ճանաչման ձեւով, որը երաշխիքներից մեկն է լինելու Արցախի անվտանգության»: Իսկ Արտակ Դավթյանը հավելել է, թե «գալու է օրը, եւ մենք ճանաչելու ենք Արցախի անկախությունը: Այն, ինչ դե ֆակտո է՝ դե յուրե կանենք: Եվ այդ պարագայում ԱԺ-ի բոլոր 131 պատգամավորները միահամուռ կընդունեն այդ ճանաչման փաստաթուղթը կամ օրենքը»:
Հ. Գ. Երեկ «Իրատես de facto» ակումբում էլ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն է արձագանքել երեկ Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե»: Կարինե Հակոբյանն ասել է. «Իսկ եթե Ադրբեջանը չշարունակի ագրեսիան, ապա այս դեպքում չե՞նք ընդունի Արցախի անկախությունը։ Ստացվում է, որ մենք սպասում ենք Ադրբեջանի քայլերին, որ նա դիմի ռազմական գործողությունների՞»: Նաեւ հավելել է. «Հայաստանն ինքը պետք է որոշի իր քաղաքականությունը, այլ ոչ թե սպասի»: Օգտագործելով «ֆուտբոլային դիվանագիտության» տերմինները՝ Կարինե Հակոբյանն արձանագրել է. «Մենք կուչ ենք եկել մեր դարպասում։ Մենք չունենք հարձակվողներ»: