Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱ՛Մ ՃԻՇՏ ԷՐ, ՀԱ՛Մ ՍԽԱԼ

Դեկտեմբեր 03,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույթում ե՛ւ տեղին, ե՛ւ սխալ արված դիտարկումներ կային:

\"\"Երեկ Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովն ավարտեց իր աշխատանքները: Գագաթաժողովն այս անգամ մի տեսակ դժգույն ստացվեց. նախ՝ ակնկալվածին հակառակ՝ չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որից հրաժարվեց, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հետո գագաթաժողովը սպասվածից ավելի վաղ լքեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իսկ այդ երկրի ԱԳ նախարարն էլ հայտարարեց, թե չի համաձայնի ստորագրել ԵԱՀԿ գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, եթե այնտեղ խոսք լինի «Վրաստանի հակամարտությունների» մասին ձեւակերպում, ինչն առաջարկվում էր անել: Այդուհանդերձ, գագաթաժողովը, մեկուկեսի փոխարեն՝ մի ամբողջ ութ ժամ խորհրդակցել-բանավիճելուց հետո ընդունեց եզրափակիչ հռչակագիր, ինչի համար գագաթաժողովն ընդունած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց՝ շեշտելով գագաթաժողովի կառուցողական աշխատանքի հանգամանքը: Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ներկայացուցիչներն ափսոսանք հայտնեցին, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել ԵԱՀԿ գործողությունների ծրագրի շուրջ:

Այդուհանդերձ, գագաթաժողովում Հայաստանին հետաքրքրող երկու իրադարձություն եղավ. մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ընդունած հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, մյուսը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Առաջինի վերաբերյալ մեկնաբանություն երեկ, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցադրմանը, արել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ հայտարարելով, թե՝ «որեւէ անակնկալ չեղավ» ու հավելեց. «Ինչ կանխատեսվում էր, եւ ինչի մասին գոնե ես մի քանի անգամ ասել էի նախապես՝ լինելու էր ընդհանուր ֆրազներով մի հայտարարություն, որով կողմերը նորից պետք է վերահաստատեին իրենց պատրաստակամությունը՝ շարունակել խաղաղ գործընթացը, եւ համանախագահող կողմերը պետք է հորդորեին կողմերին զերծ մնալ խաղաղությանը խոչընդոտող որեւէ քայլից եւ նախապատրաստել իրենց բնակչություններին: Այնպես որ, նոր որեւէ բան չեղավ: Իսկ որեւէ բան չընդունել անհնար կլիներ, որովհետեւ դրանով Մինսկի խմբի աշխատանքը կասկածի տակ կդրվեր»:

Երկրորդի՝ Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ «Առավոտը» զրուցեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ: Ընդդիմադիր գործիչը նախ՝ մտահոգություն հայտնեց, որ անվտանգության ապահովման հարցում հիմնարար փաստաթղթերից մեկը, որը վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը ու, տասնյակ տարիներ գործելով, բավականին զսպող նշանակություն է ունեցել անդամ պետությունների համար, հիմա, ըստ էության, չի գործում, եւ հավելեց. «Դրա վկայությունն այն է, որ Ադրբեջանը շարունակում է զինվել առանց որեւէ վերահսկման, եւ որեւէ կազմակերպություն չկա, որ կարողանա ֆիքսել, գրանցել այն խախտումները, որոնք արել են ադրբեջանցիներն այդ պայմանագրի վերաբերյալ: Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում ակնարկեց»:

Այդ ելույթն, ի դեպ, բացառապես ֆիքսված էր ԼՂ հիմնախնդրի վրա: Տպավորություն կար, թե Հայաստանը որդեգրել է «մի խնդրի երկիր» լինելու ճանապարհը, որովհետեւ Սերժ Սարգսյանի խոսքում որեւէ այլ՝ ԵԱՀԿ-ին հետաքրքրող անվտանգության, ժողովրդավարության կամ այլ գլոբալ նշանակության խնդիր չշոշափվեց: Դա, թերեւս, պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը ստիպված էր պատասխանել նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտասանած ճառին: Այդուհանդերձ, Կոնգրեսի ներկայացուցիչն այդ ելույթի մասին խոսելով՝ նկատեց, թե Սերժ Սարգսյանի ելույթում ԼՂ հակամարտության նկարագրական մասով նաեւ ճիշտ դիտարկումներ են արվել: «Ճիշտ եմ համարում, որ շեշտադրվել է հիմնախնդրի հետեւանքներին անդրադառնալուց առաջ պատճառների վերացման հարցապնդումը: Բայց տարակուսանք է հարուցում Ս. Սարգսյանի ելույթում հնչած այս միտքը՝ «երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետեւանքները՝ առանց վերացնելու հակամարտության պատճառը: Ինքը (Ս. Սարգսյանը) հավակնությունների մասին է շեշտում՝ դրանք համարելով ադրբեջանցիների կողմից անարդար պահանջ: Ինձ մոտ տարակուսանք է առաջացնում այն, որ դրանով հանդերձ՝ նախորդ օրը նա ստորագրել է մի հայտարարության տակ, որը հղում է կատարում կամ հիմնվում է Մուսկոկայի հայտարարության վրա, որտեղ նախ՝ խոսք է գնում տարածքների վերադարձի մասին, եւ որտեղ ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներն անվանվում են որպես «օկուպացված», ու դեռ դրանք վերադարձնելու պահանջ էլ է ներկայացվում: Հակասությունն այս առումով, կարծում եմ, ակնհայտ է»,- մատնանշեց Վլ. Կարապետյանը:

Երկրորդ հակասությունը, որի մասին նա խոսեց, Ս. Սարգսյանի ելույթում վերջինիս առաջադրած պայմանն է՝ «Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: «Մենք միշտ ասում ենք, որ մեր նպատակը մշտապես եղել է ԼՂ անկախության միջազգային ճանաչումը: Հիմա, եթե ինչ-որ պայմաններ է դրվում ԼՂՀ-ն ճանաչելու համար, այն էլ՝ Ադրբեջանի ագրեսիան, բացառվում է, որ որեւէ երկիր գնա ԼՂՀ-ի ճանաչմանը: Եթե մենք նույնիսկ դիմենք, օրինակ՝ Ֆրանսիային՝ կոչ անելով ճանաչել ԼՂ անկախությունը, նա կասի՝ սպասեք Ադրբեջանը ագրեսիա իրականացնի, նոր ճանաչենք»,- մի քիչ հեգնական տոնով ասաց Վլ. Կարապետյանն ու կարծիք հայտնեց, թե ավելի ճիշտ կլիներ, եթե ԵԱՀԿ գագաթաժողովի ամբիոնից ՀՀ նախագահը խոսեր միանգամայն այլ բանի մասին եւ այլ տոնայնությամբ: «Այդ առումով ուզում եմ վկայակոչել Աղդամում Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա զորավարժություններից հետո իր ելույթում ասում էր, թե՝ «վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թթ., այլ վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է»: Ինձ թվում է, դա ավելի հարիր կլիներ ասել, քան ԼՂ անկախության ճանաչումը պայմանավորել Ադրբեջանի ագրեսիայով»,- եզրակացրեց Վլադիմիր Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել