Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»

Դեկտեմբեր 03,2010 00:00

\"\"Վստահ է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը

– Աստանան ի վերջո կայացավ, հնչեցին ելույթներ, ընդունվեց հայտարարություն, որը, ըստ որոշ կարծիքների, ամբողջովին հայանպաստ էր, եւ որի արդյունքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը որոշակի առաջխաղացում կունենա: Դուք, իհարկե, համամիտ եք այս տեսակետին կամ գուցե ունեք Ձեր հատո՞ւկ կարծիքը:

– Գագաթաժողովը հատուկ մեզ համար ուշագրավ էր մի շարք առումներով եւս. նախ՝ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների ելույթներում հնչեցին այն մեխերը, որոնցով հարկ է, որ լուծում ստանա ղարաբաղյան հակամարտությունը: ՌԴ նախագահը շեշտեց, որ հարցի լուծման ճանապարհին բացառվում է ուժի սպառնալիքը կամ ուժի կիրառումը: Իսկ սա կոնկրետ ազդակ էր՝ ուղղված Ադրբեջանին՝ առ այն, որ Ռուսաստանը երբեք չի ողջունի ուժի կիրառումը: Դ. Մեդվեդեւը նշեց նաեւ, որ հակամարտությունների կարգավորման հարցում չպետք է գործեն երկակի ստանդարտները, եւ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն նույն հենքով: Հունական ասացվածքը՝ «ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզանը», այլեւս հնացած է, եւ չի բացառվում, որ նույն Կոսովոյի նախադեպը կարող է կրկնվել նաեւ Ղարաբաղի պարագայում: ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկ անգամ եւս հղում անելով Հելսինկյան եզրափակիչ ակտին՝ նշեց, որ խնդիրները պետք է լուծվեն հայտնի սկզբունքների ամբողջական համատեքստում: Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ զգուշացում՝ ուղղված Ադրբեջանին, որը «մոռանալով» ինքնորոշման եւ ուժի չկիրառման մասին սկզբունքները՝ շարունակ խոսում է մեկից՝ տարածքային ամբողջականությունից: Նույն այս շեշտադրումներով հանդես եկավ նաեւ Ֆրանսիայի վարչապետը, եւ սրանով կարծես ի մի բերվեց այն ամենը, ինչ ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրները: Ի դեպ, առաջ ընկնելով՝ նշեմ, որ ՀՀ նախագահը, խոսելով սպառազինությունների մրցավազքի մասին, շեշտելով, որ թեպետ ամբողջ աշխարհը դատապարտում է սպառազինությունների մրցավազքը, Ադրբեջանը ոչ միայն ավելացնում է իր ռազմական բյուջեն, այլեւ պարծենում է դրանով: Մեր նախագահի խոսքը մեսիջ էր համապատասխան կառույցներին՝ համարժեք մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի հանդեպ, քանզի շարունակ զինվող եւ դրանով պարծեցող պետությունը կարող է չարիք դառնալ տարածաշրջանային խաղաղության համար:

– Աստանայում ստորագրվեց հնգակողմ հայտարարություն, արդյոք սա ինչ-որ էական բան կփոխի՞ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:

– Այս հայտարարությունը, ըստ էության, իր մեջ ունի շատ կարեւոր մի կետ, որն առաջին անգամն է Ղարաբաղի հարցի ողջ ընթացքի համար: Հղում է արվում ՄԱԿ-ի Կանոնադրությանը, իսկ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ շատ հստակ գրված է, որ ՄԱԿ-ի նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է, եւ հայտնի է, որ սկզբունքները ծառայում են նպատակին: Սա նշանակում է, որ անուղղակի եւ ինչու ոչ՝ նաեւ ուղղակի ավելի գերակա է ճանաչվում ինքնորոշման իրավունքը: Կարծում եմ՝ Աստանայում չիրականացան Ադրբեջանի սպասելիքները, եւ թերեւս նաեւ սրանով է պայմանավորված, որ այդ երկրի նախագահը խուսափեց եռակողմ հանդիպումից:

– Լավատեսական բաներ եք ասում, սակայն քաղաքականությունը մի քիչ ավելի բարդ բան է, քան լավատեսությունը, ուրեմն Աստանան ինչ-որ ազդեցություն կունենա՞, եւ Ադրբեջանը համարժեք հետեւություններ կանի՞:

– Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ իր ելույթում մեր հանրապետության նախագահը բավականին կոնկրետ շեշտադրումներ կատարեց եւ շատ հստակ նշեց բոլոր հարկավոր կետերը: Նախ՝ ուշադրություն հրավիրեց այն իրողությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախացել է ժամանակին գործող օրենքներին համապատասխան, այնպես, ինչպես անկախացան խորհրդային այլ միավորները: Նախագահը խոսեց նաեւ ադրբեջանական ագրեսիայի մասին եւ հիշեցրեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը: Հաջորդ կարեւորն այն է, որ եւս մեկ անգամ հայտարարեց, որ ուժային լուծումը մեզ համար եւ միջազգային կառույցների համար ընդունելի չի եղել եւ չի կարող լինել: Նաեւ՝ ուշադրություն հրավիրվեց Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության հարցին: Նախագահ Սերժ Սարգսյանն արձանագրեց մեկ այլ կարեւոր փաստ, այն է՝ Ադրբեջանը ոչ թե մտահոգ է խնդրի լուծմամբ, այլ ամեն ինչ անում է Հայաստանին վնասելու համար: Իսկ ամենից կարեւորը, որ ասվեց մեր նախագահի ելույթում, այն էր, որ եւս մեկ անգամ մեր երկրի նախագահի կողմից հնչեցվեց հետեւյալը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու է Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Հայկական կողմի դիրքորոշումն է՝ խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, իսկ եթե այլ ելք չմնա, ապա Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Կարծում եմ՝ սա ամբողջական խոսք էր, եւ միջազգային կառույցները սա ընկալեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել