Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մեծը՝ հզոր հայրենիքի խորհրդանիշ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հերթականը երեկ էր՝ Ազգային պատկերասրահում, որտեղ բացվեց արքայից արքային նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Կազմակերպիչներն էին Արարատյան հայրապետական թեմը, ԼՂՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը եւ այլն: Այս շարքում չկար ՀՀ մշակույթի նախարարության անունը: Կառավարական մակարդակով անցկացված միջոցառումը վատ էր կազմակերպված: Ցուցահանդեսը մոտ կես ժամ ուշացումով բացեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկաները, որոնց թվում էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր, ստիպված էին համբերատար սպասել, մինչ կազմակերպիչները կբարեհաճեին միկրոֆոն բերել եւ լրագրողների համար ձայնագրության պայմաններ ստեղծել: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, ներկայացված էր 84 նկարիչների մեկական աշխատանք: Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահ Ղազար Միրզոյանն ասաց, որ աշխատանքների 10-15%-ը Տիգրան Մեծին վերաբերող թեմայով է, իսկ մնացածները՝ ազատ: Նա հայտնեց, որ ներկայացված աշխատանքները կմասնակցեն մրցանակաբաշխության. Վարդգես Սուրենյանցի անվան մեդալներով կպարգեւատրվեն այն հեղինակները, որոնց աշխատանքները հանձնաժողովի կողմից կհամարվեն լավագույնը:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքով՝ «Ցուցահանդեսը տիգրանյան ժառանգությունը մեր մշակութային իրականության մեջ տեսնելու, զգալու եւ մեր քաղաքակրթական դիմապատկերի մեջ եւս մեկ անգամ արքայից արքային վերարթնացնելու մի քայլ է»: Ղ. Միրզոյանը նշեց. «Տիգրան Մեծը կարողացավ համախմբել ժողովրդին, դարձավ հայրենապաշտ թագավոր ու ստեղծեց այնպիսի պետություն, որի տարածքների մասին անգամ մտածելիս թվում է, թե հեքիաթ է, բայց դա հեքիաթ չէ, դա ընդամենը մեկը մեկին սիրելու ու հարգանքի արդյունք էր: Եթե մենք նորից սկսենք վերականգնել մեր եղբայրասիրությունը, կդառնանք հաղթող ազգ»:
 Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, կհամաձայնեք, որ Տիգրան Մեծ ասելով մենք ի նկատի ունենք հայ ժողովրդի՝ հզոր, ամուր հայրենիք ունենալու երազանքը: Ուսումնասիրելով Տիգրան Մեծի պատմությունը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ դրվագներ կան այդ պատմության մեջ, որոնք արդիական են նաեւ այսօր: Լինելով արքաների արքան՝ նա կարողացել է ստեղծել մի այնպիսի պետություն, որտեղ համերաշխության մեջ ապրել են տարբեր ազգեր: Տիգրան Մեծը մշտապես ոգեշնչել է մեզ, եւ այսօր էլ եւս մեկ առիթ է անդրադառնալ նրա պատմությանը, եւ դրանից դասեր քաղելով, նոր պատուհաններ բացել դեպի ապագա»: Հավելենք, որ Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառում էլ նախատեսված է դեկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ կրկին վարչապետի բարձր հովանու ներքո կկազմակերպվի վավերագրական ֆիլմի դիտում: Դեկտեմբերի 8-ին ԳԱԿ-ում կբացվի մանկական ցուցահանդես: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել