Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

22:00-ԻՑ ՀԵՏՈ՝ ՄԻԱՅՆ ՍՏՐԻՊՏԻԶ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Կարաոկեների չգրված օրենքները

\"\"

Կարաոկեները միշտ էլ համարվել են սիրված եւ պահանջված ժամանցի վայրեր, որտեղ հատկապես վերջին տարիներին շատերը գնում են ոչ միայն պարզապես ուրախանալու, այլեւ ծննդյան եւ այլ տոներ նշելու: Թե ինչ պայմաններ եւ մթնոլորտ են ապահովում երեւանյան կարաոկեները, «Առավոտը» հետաքրքրվեց դրանցից մի քանիսից:
Պարզվում է՝ երեկոյան ժամը 10-ից հետո երիտասարդության կողմից շատ սիրված կարաոկեները վերափոխվում են գիշերային ակումբների, մասնավորապես ստրիպտիզ բարերի: Այս մասին կարաոկեների մենեջերներն ու տնօրենները չեն թաքցնում, սակայն բացեիբաց էլ չեն ասում:
«7 նոտա» կարաոկե ակումբի մենեջեր Արթուրը, օրինակ, յուրաքանչյուր միջոցառում կազմակերպող անձի նախապես զգուշացնում է՝ «Ախպերս, թույլ կտամ մինչեւ 10-ը ձեր քեֆն անեք, իսկ 10-ից հետո ստեղ ամեն ինչ ուրիշ ա դառնում, փոխվում ա, մթնոլորտը, բանը… դե էլ սիրուն չի նայվի կողքից, ստեղ մարդիկ իրանց ժամանակն անցկացնեն, դուք ծնունդ անե՞ք, հասկացի, էլի, ախպեր ջան…»: Արթուրն ասում է նաեւ, որ եթե անգամ ծնունդի տորթն էլ չես հասցրել կտրել, միեւնույն է՝ ժամը 22:00-ից հետո պիտի լքես իրենց «օբյեկտը»: Մեզ հետ զրույցում Արթուրը նշեց, որ ժամը 22-ից հետո «մի ուրիշ ակտիվ» մասսա է գալիս, որոնք գուցե մի փոքր էլ ընդարձակ լինեն իրենց պահվածքի մեջ, իսկ դրան զուգահեռ ծնունդ անելն այնքան էլ հարիր չէ:
Կարաոկեներում հիմնականում տղաների մուտքը վճարովի է՝ գները սկսվում են 1000 դրամից, ինչն էլ պայմանավորված է կարաոկեի «հայտնիությունից»: Նշենք նաեւ, որ այս գինը սահմանված է մինչեւ երեկոյան ժամը 10-ը երգել ցանկացողների համար: Իսկ 22-ից հետո տղաների մուտքի վճարն ավելանում է: Բացի այդ, մինչեւ ժամը 22-ը առանց գեղեցիկ սեռի ընկերակցության տղաների մուտքը խստիվ արգելվում է: Բայց  ավելի ուշ ժամի գեղեցիկ սեռի  ընկերակցությունը տղաների կողքին, ըստ կարաոկեների ներքին կանոնադրության՝ հեչ պարտադիր չէ: Այս մասին տեղեկացանք «Life karaoke»-ի տնօրեն Գարիկից: Նրա խոսքով, տղաների մուտքի հետ կապված «օրենքները» պայմանավորված են ակումբում անցկացվող միջոցառումներով. «Այսպես մենք ապահովում ենք  մեր այցելուների անվտանգությունը: Սիրուն չէ, երբ դու նստած, օրինակ, ծնունդ ես նշում, իսկ կողքը մի քանի տղա իրենց հաճույքներն են վայելում… մի տեսակ ուրիշ ժամանակ անցկացնում: Հենց այս պատճառով էլ սահմանել ենք գներ, որոնք գուցե կասեցնեն տղաների այդքան շատ մուտքը ակումբ: Իսկ ժամը 11-ից, 12-ից հետո կարծում եմ ոչ ոք ծնունդ-կնունք չի նշի ընտանիքի, հարազատների հետ եւ կողքի սեղանի շուրջ նստած տղաներն էլ չեն խանգարի…»: Մեր տեղեկություններով, այստեղ նույնպես կարաոկեին  հաջորդում է ստրիպտիզը:
«Ֆիեստա» կարաոկեն էլ մյուսներից տարբերվում է իր պայմաններով: Չնայած անունով կարաոկե է, բայց անմիջապես մուտքի ձախ մասում վարագույրների ետեւում թաքնված են առանձնասենյակները: Այսինքն՝ չի բացառվում, որ սրահում ծննդյանդ տոնի ժամանակ պարելիս՝ պատահաբար հայտնվես վարագույրի ետեւում գրկախառնված զույգերի գրկում: Կամ էլ քո երգով խանգարես զույգերի «անդորրը»…
Իսկ «Մոցարտ» կարաոկե ակումբում ամեն ինչ այլ է, այստեղ կարող ես մինչեւ լույս ուրախանալ, երգել ու պարել, միայն թե սեղանիդ շուրջ գոնե մեկ տղա պետք է նստած լինի: Մենեջերի փոխանցմամբ, մուտքը միայն զույգերով է, իսկ եթե ծնունդ է կամ այլ միջոցառում, գոնե մի քանի տղա պետք է հետդ լինի: Այստեղ էլ այս պայմաններն են՝ օրինակ, եթե 10-հոգանոց ծնունդ եք նշում, ապա մինիմում երեք տղա պետք է ապահովեք: Եվ երեկոյան ժամը 12-ից հետո տղաների մուտքը բնականաբար թանկանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել