Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՎԱԾ ՄՐՑԱՇՐՋԱՆ, ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԵԴԱԼՆԵՐ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2010 թվականի մրցաշրջանն ավարտեց մարզաձեւի եւ, ընդհանրապես, հայկական սպորտի պատմության մեջ նախադեպը չունեցող նվաճումներով:

\"\"
Հռիփսիմե Խուրշուդյան

\"\"
Արայիկ Միրզոյան

Հայաստանի հավաքականներն անցնող տարում մասնակցեցին միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների հովանու ներքո անցկացված աշխարհի, Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններին, ուսանողական համաշխարհային առաջնությանը, պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերին ու բոլորում էլ մեդալներից անմասն չմնացին: Երեկ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ ունեցած հարցազրույցում ամփոփեց մրցաշրջան 2010-ը:
– Պարոն Խաչատրյան, անցնող տարում եղան եւ եզակի նվաճումներ, եւ սայթաքումներ: Հանրագումարում մեր հավաքականների արդյունքները գոհացնո՞ղ են:
– Մարզական առումով՝ լիովին: Մենք կատարեցինք դեռ տարեսկզբին մեր ստանձնած պարտավորությունները: Իսկ եթե ավելի ճիշտ ասեմ, անգամ՝ գերակատարեցինք: Եթե հարցին նայենք նվաճված մեդալների քանակի տեսանկյունից, 2010-ին պաշտոնական մրցումներում միայն ծանրորդները Հայաստանի ընդհանուր թիմային հաշվարկին բերեցին 78 մեդալ: Նկատի ունեմ թե առանձին վարժություններում, թե երկամարտում նվաճածները: Իսկ համեմատության համար տեղեկացնեմ, որ անցած տարվա արդյունքը, որն էլի լավագույնն էր բոլոր մարզաձեւերի մեջ, 63 մեդալ էր:
– Այդ 78 մեդալներից քանի՞սն է ոսկի, քանի՞սը՝ արծաթ եւ քանի՞սը՝ բրոնզ:
– Ճիշտն ասած, այդպիսի հաշվարկ դեռ չենք կատարել: Գիտեմ միայն, որ ընդհանուրի մոտավորապես 30 տոկոսը պետք է որ ոսկի լինի:
– Ձեր ակնարկած ոսկե մեդալներից որո՞նք եք ավելի կարեւորում:
– Բոլորն էլ: Անգամ՝ արծաթներն ու բրոնզները: Իհարկե, Անթալիայում Տիգրան Մարտիրոսյանի՝ առանձին վարժություններում եւ երկամարտում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելը առանձնանում է: Բայց պակաս կարեւոր չէ նաեւ Արա Խաչատրյանի պոկում վարժության ոսկին: Իսկ ինչ վերաբերում է մյուս մեդալներին, դրանցից յուրաքանչյուրը հենց այնպես չտրվեց: Դրանք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են: Նրանք, ովքեր պայքար մղեցին ու բարձրացան պատվո պատվանդան, անկախ նրանից՝ աշխարհի մրցահարթակում էր, Եվրոպայի, մեծահասակների, երիտասարդների, թե պատանիների, արժանի են գնահատման: Ու նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ ընդհանուր հաջողությունում:
– Մեդալների փայլը հաճելի է, շլացնող: Բայց եղան նաեւ խոշոր ձախողումներ: Ու դրանց «հեղինակները» հիմնականում մեր արդեն տիտղոսակիր ծանրորդներն էին, կամ նրանք, ովքեր մրցավայր մեկնել էին ամենաբարձր տեղերի հավակնությամբ:
– Սպորտի էությունն էլ հենց անկանխատեսելիությունն է: Ու դրանով է այն հետաքրքիր եւ սիրվող:
– Այսինքն՝ այս տարի հաճախակի դարձած զրո միավորները կարելի է նորմալ համարել եւ շրջանցե՞լ:
– Ես նման բան չասացի: Լուրջ վերլուծություն է պետք, որ արդեն արվել է, ու անհրաժեշտ է պատճառները վերացնել:
– Իսկ ի՞նչ է ի հայտ բերվել եւ ի՞նչ հետեւությունների եք հանգել:
– Թերեւս, գլխավորն այն է, որ հաջողությունների հասնող մարզիկները սկսում են աստղային հիվանդությամբ տառապել: Ու այս երեւույթը միայն ծանրամարտում չէ: Ոմանք անուն, ճանաչում ձեռք բերելով՝ տարվում են այլ հովերով, մյուսները, մի անգամ խոշոր պարգեւատրումների համն զգալով, սկսում են ավելի շատ դրանց մասին մտածել, այլ ոչ թե եղած ձեռքբերումը զարգացնելու: Անուններ չտամ, բայց ինձ համար խիստ վիրավորական է, երբ վայրկյաններ առաջ մեդալ բերող կիլոգրամ բարձրացրած մարզիկը մրցահարթակից իջնելով՝ առաջինը հարցնում է. «Պարոն Խաչատրյան, ի՞նչ կստանամ»: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ստանձնելու իմ առաջին խոսքը եղել է հետեւյալը՝ անգամ հնարավոր ամենաբարձր արդյունք ցույց տվող մարզիկը բոլոր տեսակի պաշտոնական մեծարումներից վայրկյաններ անց պետք է մտածի հաջորդ մրցման մասին: Փողը, նյութական մյուս խրախուսանքները արդեն արածներինն են: Իսկ հետո՞ ինչ է լինելու: Փողն այսօրվա կյանքում, իսկապես, շատ հարցեր է լուծում: Բայց իմ նպատակը կյանքում, մարզիկներիս նյութական ապահովվածությունից առավել, իրականն ու արժանին ճիշտ գտնելն է: Նյութականը ոչ մի պարագայում չի կարող հոգեւորի տեղն զբաղեցնել: Ասել եմ ու կրկնում եմ. անգամ աշխարհի ու, Աստված տա, օլիմպիական չեմպիոնը պարգեւատրման արարողությունից հետո պատվանդանից իջնելուց, պիտի մոռանա եղածն ու մտածի հաջորդ մրցելույթի մասին:
– Դրա մեխանիզմները մշակվա՞ծ են:
– Կարծում եմ՝ այո: Արդյունք ցույց տված ծանրորդը իր հասանելիքն ստանում է արածի համար: Դրան հետեւում է, եթե կարելի է ասել, ավանսը: Բայց՝ մինչեւ հաջորդ մրցելույթը: Այդ ընթացքում հավաքականի անդամ դարձած մարզիկն ստանում է պետականորեն իրեն հասանելիք թոշակը, դրան գումարած ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից տրամադրված խրախուսական գումարները: Եթե տվյալ ծանրորդն արդարացնի սպասելիքները, կշարունակի շռայլորեն վարձատրվել: Սա արվում է նրա համար, որպեսզի մարզիկը շահագրգռված լինի մարզվելու ու զարգացնելու արդյունքները:
– Սա հետագայի քննարկման թեմա է: Ապագայի ի՞նչ ծրագրեր կան:
– Գերխնդիրը Լոնդոնի օլիմպիական խաղերին առավելագույն մասնակցությունն ապահովելն է: Իսկ դրա համար պետք է անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել 2011-ին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում:
– Փարիզում աշխարհի չեմպիոնի ոսկե մեդա՞լն է ավելի հարգի լինելու, թե՞ վարկանիշը:
– Միանշանակ՝ վարկանիշը: Թող ոսկի չլինի, բայց դրա փոխարեն ունենանք օլիմպիական խաղերում հատկապես տղաների ամբողջական թիմ: Չնայած, աշխարհի առաջնության ոսկե մեդալը կամ մեդալները չէին խանգարի:
– Նպատակին հասնելու համար այսօր ի՞նչ է արվում:
– Մոտ օրերս բոլոր առաջատար ծանրորդները հրավիրվելու են Ծաղկաձոր՝ վերականգնողական ուսումնամարզական հավաքի, որից հետո հավանական թեկնածուները կնախապատրաստվեն եկող տարվա բոլոր մրցումներին, որոնց հիմքը կլինի Հայաստանի առաջնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել