Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուրս գալ հայկական v նեղ միջավայրից»

Դեկտեմբեր 02,2010 00:00

 Ըստ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանի, այս սկզբունքն է որդեգրել իրենց կոլեկտիվը:

«Հայկական սփյուռքը հյուրախաղերի մեկնող արվեստագետներին, արվեստի խմբերին թեւ ու թիկունք է, դրանով է պայմանավորված, որ Հայաստանից մեկնողներն առաջին հերթին հետաքրքրվում են՝ տվյալ երկրում հայ համայնքը մե՞ծ է, թե՞ փոքր: Ժամանակն է, որ մեր վրայից թոթափենք միայն հայկական նեղ շրջանակներին ներկայանալու բարդույթը: Ե՞րբ ենք հասկանալու, որ մենք ոչ թե հայկական սփյուռքին, այլ միջազգային հանրությանն ենք փորձում ներկայացնել մեր գանձերը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Երեւանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը: Նրա խոսքով, երգչախումբը հատուկ ռազմավարություն է որդեգրել՝ այնպես անել, որ հայկական երգն ու երաժշտությունը ներկայանալի լինեն ոչ միայն հայազգիների, այլեւ օտար հանդիսատեսի համար. «Ի վերջո, պետք է դուրս գալ հայկական միջավայրից ու մեծ թափ հավաքել: Վերջերս, երբ ֆրանսիական կողմի հետ համատեղ համերգ էինք ներկայացնում, կարողացանք մեր համագործակցությունը մտցնել իրենց մշակույթի նախարարության տարեկան ծրագրերում: Այդ նշաձողը կարողացանք հաղթահարել նաեւ Գերմանիայում, Ստրասբուրգում…»:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ երգչախումբը տարին կամփոփի մեծ համերգներով:
Դեկտեմբերի 6-ին եւ 8-ին, 1988-ի երկրաշարժի տարելիցի առիթով, երգչախումբը համերգներ կունենա, մուտքն էլ ազատ կլինի: Ինչպես պարոն Արաբյանն է վստահեցնում, համերգաշարը առանձնահատուկ է լինելու. «Մեր ծրագրերում այս տարի ընդգրկել ենք նաեւ Գյումրու «Տիրամայր- Հայաստան» երգչախմբին: Իհարկե, նրանց հետ համատեղ ելույթը Երեւանում չենք նախատեսել, այլ միայն Գյումրիում, բայց պրոֆեսիոնալ ելույթ է լինելու, երգչախմբի բոլոր անդամները միջազգային չափանիշներին համապատասխանող երաժիշտներ են»: Թե ինչու Գյումրու երգչախումբը Երեւանի համերգին չի մասնակցում, պարոն Արաբյանը մանրամասնեց. «Չգիտեմ, թե այսօր Գյումրու նվագախումբն ինչ վիճակում է, ժամանակին նրանք տարրալուծվեցին ու դարձան «Գոհար» անսամբլի անդամներ՝ ավելի շատ ժողովրդական կատարումների ուղղվածությամբ»:
Նրա խոսքով, երկրաշարժի տարելիցին նվիրված համերգները սկզբունքորեն անվճար են լինում, ու այդ օրը դահլիճները լեփ-լեցուն են. «Համերգում ընդգրկել ենք ոչ թե սգո տրամադրություն, այլ դրական լիցքեր հաղորդող ստեղծագործություններ՝ հոգու վերելքի նախադրյալներով ու փիլիսոփայական մտքեր հաղորդող, որպեսզի մարդիկ ավելի լավատեսությամբ տրամադրվեն»:
Երգչախմբի տնօրենի խոսքով, տարին հաջող էր կամերայինի գործունեության համար, մեծ քանակությամբ համերգներ ու ձայնագրություններ են կատարել. «Ամեն տարի միջին հաշվով մեզնից պահանջում են առավելագույնը մինչեւ 30 կատարում: Ուրախությամբ փաստեմ, որ մեզ մոտ այդ թիվն անցնում է 60-ից»: Նա նաեւ ասաց, որ սերտորեն համագործակցում են կոմպոզիտորների միության հետ ու չեն անտեսում երիտասարդ ու նորահայտ կոմպոզիտորների գործերը. «Միշտ ընտրում ենք նոր գրված ստեղծագործություններ, քանի որ մեր հիմնական մանդատը հայ կոմպոզիտորների գործերը ներկայացնելն է, իհարկե, նաեւ մեծերին ենք քարոզում»: Ա. Արաբյանի պատմելով, 2010-ը նշանակալից էր նախորդ տարվանից մեկնարկած կոմիտասյան համերգաշարով: Վերջերս հարեւան Վրաստանում կայացած հյուրախաղերից էլ երգչախումբը տպավորված է Երեւան ժամանել. Թբիլիսիում ու Ախալցխայում նրանց լավ են դիմավորել: Չնայած երգչախումբն այս տարի ԱՄՆ ու Կանադա հյուրախաղերի մեկնելու հրավեր ուներ, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դրանք հետաձգվեցին գալիք տարի: «Հյուրախաղերի մեկնելը, իսկապես, խնդիր է: Երգչախումբը միջազգային մակարդակի է, բայց նյութական միջոցները չեն բավականացնում տարրական հարցերը լուծելու համար, գոնե երաժիշտներին լավ վարձատրություն տրվեր»,- ասաց պարոն Արաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել