Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՑ՝ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼ

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Կամ Գուլակյանի սան Վրեժ Հակոբյանն ու «Դիմակահանդեսը»

Մեր հասարակության մեջ չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր քննադատում են սերիալները, հատկապես շեշտելով այն հանգամանքը, որ դրանք աղավաղում են մեր մայրենին: Խոսքի կուլտուրայով առանձնանում են այն սերիալները, որոնցում ընդգրկված են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դպրոցն անցած դերասանները, այդ թվում՝ Գրետա Մեջլումյանը, Նելլի Խերանյանը, Ալլա Վարդանյանը, Ռազմիկ Խոսրոեւը, Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը: Նրանք իրենց խոսքով էապես տարբերվում են «փողոցից բռնած» մարդկանցից, ովքեր այսօր արդեն քայլում են՝ հեռուստաաստղերի թիկնոցներն ուսերին առած:
«Դիմակահանդես» հեռուստասերիալում է նկարահանվում երբեմնի սունդուկյանցի, Ազգային օպերային թատրոնի փոխտնօրեն, «Խաթաբալա» ֆիլմից հանրությանը ճանաչելի Մասիսյանցը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը:
Երկար ժամանակ հեռու լինելով դերասանական արվեստից եւ զբաղվելով վարչական աշխատանքով, ինչպե՞ս պատահեց, որ դերասանը վերադարձավ իր «ակունքներին»: «Երազանքս է եղել մշտապես լինել բեմում: 1962 թվականն էր, երբ թատերականի 4-րդ կուրսի ուսանողիս Վարդան Աճեմյանն ընդգրկեց «Վարդանանք» բեմադրությունում, որով շրջեցինք նաեւ հանրապետության մարզերով, ներկայացումը խաղալով մարզադաշտերում: Մայր թատրոնում դերաբաշխման ժամանակ սակավ են եղել ինձ հանձնարարված դերերը, սակայն երբ փոխարինել եմ այս կամ այն դերասանին, հետո ամրագրվել եմ: Զուգահեռ նկարահանվել եմ ֆիլմերում («Ժայռ», «Խաթաբալա», «Լեոնիդ 2» եւ այլն): Շուրջ տասը տարի եղել եմ Աճեմյանի ասիստենտը… Կուրսիս ղեկավար Արմեն Գուլակյանը մշտապես ասում էր, որ ինձ տեսնում է որեւէ թատրոնի ղեկավարի դերում… 1977թ. ստանձնեցի մայր թատրոնի փոխտնօրենի պաշտոնը, իսկ 1998-2003թթ. աշխատել եմ որպես տնօրեն նույն թատրոնում, ապա տեղափոխվել եմ օպերային թատրոն»,- «Առավոտին» պատմեց Վ. Հակոբյանը: «Դիմակահանդեսում» բանկային մագնատ Ալեքսանդր Հարությունովիչի կերպարում իմ թեկնածությունն առաջարկել է կոլեգաս՝ Արամ Հովհաննիսյանը: Ի դեպ, հերոսս ուշ է ներմուծվել սերիալ, եւ ժամանակին դիտելով այն, հավանում էի, քանի որ չկար ավելորդ կրակոց, արյուն… Ամենակարեւորը ինձ համար՝ գլխավոր դերերում հիմնականում սունդուկյանցիներ են, եւ սերիալի խոսքը գրագետ է»,- հավելում է նա:
Տարիներ առաջ Վ. Հակոբյանը բեմ է բարձրացել Գուրգեն Ջանիբեկյանի, Ավետ Ավետիսյանի, Բաբկեն Ներսիսյանի, Դավիթ Մալյանի, Խորեն Աբրահամյանի, Արուս Ասրյանի, Մետաքսյա Սիմոնյանի, ֆիլմերում էլ՝ Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի եւ այլոց հետ: Հետաքրքիր է՝ այսօր չի՞ դժվարանում աշխատել ոչ պրոֆեսիոնալ կամ չափազանց երիտասարդ դերասանների հետ: «Երբեք չեմ փնովել դերասաններին կամ էլ ոչ պրոֆեսիոնալներին, ովքեր նկարահանվում են սերիալներում: Վիրավորվում եմ, երբ լսում եմ՝ «սերիալի դերասան է» արտահայտությունը: Ժամանակի ընթացքում հենց այս սերիալների շնորհիվ կկոփվեն-կդառնան լուրջ դերասաններ: Ավելին, կրիմինալ սյուժե ունեցող սերիալների սցենարիստները մի օր կհամախմբվեն ու հիանալի արդյունք կստեղծվի: Ինչ վերաբերում է «Դիմակահանդեսին», համոզված եմ, որ սկսնակների համար սա մեծ փորձություն է, պրակտիկա: Նրանք սիրով ընդունում են ավագներիս խորհուրդները, ազատ ժամանակ էլ գալիս են ու հետեւում հատկապես սունդուկյանցիներիս խաղին»,- ասում է արվեստագետը:
Կարելի՞ է ենթադրել, որ այս սերիալից հետո կվերադառնաք դրամատիկական բեմ հարցին էլ Վ. Հակոբյանը պատասխանեց. «Սովորաբար ասում են, թե երազանքս է եղել խաղալ այս կամ այն դերը… Իմ դեպքում՝ ես խաղացել եմ երազածս դերը (Քիփար)՝ Պարոնյանի «Պաղտասար ախպարում» (ԱՄՆ-ում), այն էլ՝ Մհեր Մկրտչյանի հետ, իմ լեզվով՝ արեւմտահայերեն (դերասանը 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է հայրենիք- Ս. Դ.)»: Այսօրվա իր աշխատանքից Ազգային օպերային թատրոնի փոխտնօրենը գոհ է: Իր խոսքերով. «Երբ բացվում է վարագույրը, առաջինը, որ հանդիսատեսի աչքին է զարնում՝ դեկորները, զգեստները եւ այլն, իմ աշխատանքի արդյունքն են: Սիրում եմ ներկայացման արարման ընթացքը, մի տեսակ վատ եմ զգում, երբ արդեն պրեմիերան է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել