Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԻՐԵՆ «ԲԵԹՄԵՆԻ» ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ամերիկյան CNN հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Լարրի Քինգին տված հարցազրույցում սպառնացել է, որ եթե ԱՄՆ-ն չվավերացնի հարձակողական ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիրը, սպառազինությունների նոր մրցավազք կլինի: Newsru-ի փոխանցմամբ, Պուտինն ասել է, թե դրանով Վաշինգտոնը Մոսկվային կստիպի ավելացնել իր միջուկային ներուժը. «Դա մեր ընտրությունը չէ: Մենք դա չենք ուզում, բայց դա մեզնից կախված չէ: Մենք ուղղակի ասում ենք, որ դա տեղի կունենա, եթե մենք համաձայնության չհասնենք»: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարձակողական ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ նոր պայմանագիրը կնքել են դեռ ապրիլին, բայց այն տակավին վավերացված չէ: Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է կրճատի իր միջուկային զինանոցի մոտավորապես մեկ երրորդը, բացի այդ, կողմերը պետք է վերականգնեն տեղերում փոխադարձ ստուգումների փորձառությունը:
Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ն «ծայրահեղ հիմար կգտնվի», եթե արհամարհի սեփական շահերը եւ պայմանագիրը չվավերացնի:
Պուտինն անդրադարձել է նաեւ Wikileaks-ում հրապարակված փաստաթղթերից մեկում ամերիկյան դիվանագետների կողմից արված այն դիտարկմանը, թե Մեդվեդեւը «Բեթմեն» Պուտինի համեմատությամբ «Ռոբին» է: Պուտինն ասել է, թե այդ բնութագիրը նպատակ ունի «վարկաբեկել մեր երկուսից մեկին». «Ճիշտն ասած, խոսքը մեր համագործակցության մասին է, եւ դա կարեւոր բան է մեր երկրի ներքին քաղաքականության համար: Եթե անկեղծ ասեմ, մենք չէինք էլ կարող ենթադրել, որ դա այդքան մեծամտությամբ, կոպտորեն եւ այդքան ոչ կոռեկտ կերպով կբնութագրվի»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել