Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Wikileaks-ի՝ շվեյցարական բանկերում, իբր, իր ունեցած հաշիվների մասին պնդումները ապացուցվելու դեպքում, ինքը պատրաստ է հրաժարական տալ։ Այդ մասին փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Zaman-ը: Աղբյուրի մատուցմամբ, Թուրքիայի վարչապետը քննադատել է ընդդիմությանը՝ Wikileaks-ի հրապարակումներն իր դեմ որպես քաղաքական զենք օգտագործելու համար։ «Ես շվեյցարական բանկերում ոչ մի գրոշ չունեմ։ Եթե ապացուցեք, որ ես հաշիվներ ունեմ այնտեղ, անմիջապես հրաժարական կտամ»,- շեշտել է Էրդողանը։
Նշենք, որ Wikileaks-ի փաստաթղթերից մեկը, որը թվագրվում է 2004-ի դեկտեմբերի 30-ով, տեղեկացնում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շվեյցարական 8 տարբեր բանկերում հաշիվներ ունի։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ներկայացուցիչների, նախարարների ընտանիքների միջեւ շահերի վերաբաշխման համար լուրջ բախումներ եւ անօրինականություններ են տեղի ունեցել։ Մեր երկու տարբեր աղբյուրների վստահեցմամբ՝ Էրդողանը շվեյցարական 8 տարբեր բանկերում դրամական հաշիվներ ունի։ Այն խոսակցությունները, թե Էրդողանը ունեցվածքը կուտակել է տղայի հարսանիքին ստացած նվերների հաշվին, եւ 4 երեխաների ուսման վարձերը վճարվում են հարուստ թուրք գործարարների կողմից, պարզապես մակերեսային են»,- նշվում էր կայքի հրապարակած փաստաթղթում։
Ի դեպ, Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի առաջացրած փոթորիկը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ քաղաքական նոր զարգացումներ է արձանագրում։ Մասնավորապես, Թուրքիայի հետ կապված փաստաթղթերը լրջորեն կանդրադառնան Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հռչակված «զրո խնդիր» սկզբունքին։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն:
Ըստ նրա, Wiklileaks-ի փաստաթղթերը կազդեն Թուրքիա- Իրան, Թուրքիա-Իսրայել, Թուրքիա- բալկանյան երկրներ, Թուրքիա-արեւելյան երկրներ հարաբերությունների վրա։ Անդրադառնալով հրապարակված փաստաթղթերին, վերլուծաբանը կարեւորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցները ամերիկացի պաշտոնյաների հետ, որտեղ Ալիեւը թուրքական կառավարության հասցեին բավականին խիստ արտահայտություններ է թույլ տվել։ «Անկասկած, դրանք Անկարայում շատ ուշադիր ուսումնասիրելու են։ Արդեն տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում այլեւս նախկինի պես խիստ չեն կարող լինել»,- նշել է Գյուրջանլըն՝ ընդծելով, որ Հայաստանի հետ հաշտեցումը արդեն ավելի հեշտ կլինի:
Հիշեցնենք, որ Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերից մեկում Ալիեւը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի հետ 2010թ. փետրվարի 25-ին ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր է կնքել, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն։ Այդ հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական հասարակության ներսում: Մասնավորապես, թուրքական մամուլում Ադրբեջանի նախագահի խոսքերը բնորոշվել են որպես թիկունքից հարված Թուրքիային։
Երեկ Աստանայում, նույն թեմային անդրադառնալով, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, թե ոչինչ չի կարող ազդել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամության վրա: «Մենք երկու պետություն ունեցող նույն ազգի ներկայացուցիչներ ենք: Ինձ թվում է, փաստաթղթերի գաղտնազերծումը որոշակի նպատակ է հետապնդում»,- հայտարարել է Գյուլը՝ հավելելով, որ Ալիեւի արտահայտությունները Թուրքիայի վարչապետի մասին չեն կարող փչացնել երկու երկրների հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել