Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ երկրները կուլ տվեցին ամերիկացի դիվանագետների վիրավորանքը

Դեկտեմբեր 02,2010 00:00

ԵԱՀԿ անդամ ոչ մի երկիր Wikileaks կայքի հրապարակումների վերաբերյալ մտահոգություն չի հայտնել եւ չի հրաժարվել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից: Այդ մասին, trend-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը Աստանայում հրավիրած իր մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Աստանայում ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու մեծ թվով պետական գործիչների, առաջնորդների եւ, իհարկե, կայքում հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ հարց եմ բարձրացրել, բայց դա որեւէ կերպ չի խոչընդոտում ամերիկյան դիվանագիտությանը եւ մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Որեւէ մեկը ինձ ոչ մի մտահոգություն չի հայտնել, եւ չի ասվել, թե որեւէ երկիր չի շարունակի աշխատել մեզ հետ»,- ասել է Քլինթոնը:
Wikileaks-ը հրապարակել էր ամերիկյան դիվանագետների եւ պետդեպի միջեւ ծառայողական եւ գաղտնիք պարունակող գրագրություններ, որոնք, կայքի աշխատակազմի համոզմամբ, կարող էր հարվածել ԱՄՆ-ի՝ որպես դիվանագիտական գործընկերոջ, նկատմամբ վստահությանը, քանի որ այդ փաստաթղթերը պարունակում էին ամերիկացի դիվանագետների կողմից համաշխարհային առաջնորդների հասցեին արված ոչ սիրալիր եւ նույնիսկ կոպիտ արտահայտություններ:
«Ես վստահ եմ, որ այն աշխատանքը, որն ամեն օր կատարում են մեր դիվանագետները՝ կշարունակվի, որ կլինեն մեծ թվով հարցադրումներ, ինչի իրավունքը մարդիկ ունեն, եւ մենք կպատասխանենք այդ հարցերին աշխարհի ողջ տարածքում»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին հարցերով պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւը իր կողմից ընդգծել է, թե հրապարկված փաստաթղթերը «բնական կորուստներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ուղեկցում են մեր գործունեությանը, ուստի՝ մենք հանգիստ կվերաբերվենք նաեւ այդ միջադեպին»: «Որպես՝ իմ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, հայտարարում եմ, որ ղազախ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վրա դա որեւէ կերպ չի ազդի»,- հայտարարել է Կանատ Սաուդաբաեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել