Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քանդեք խորհրդային հուշարձանները

Դեկտեմբեր 02,2010 00:00

Սա երեկվա տեսակամրջի ուղերձն էր մարդկանց

«Պետք է մտածենք խորհրդային տարիների հուշարձանների պահպանման մասին, առանց դրանց ապագան թերի կլինի»,- երեկ «Նովոստի» ակումբում կայացած Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ տեսակամրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց Կիեւի ներկայացուցիչ, Ուկրաինայի կոմունիստական կուսակցության պատգամավոր, խմբագիր Ալեքսանդր Գոլուբը:
Խորհրդային տարիների հուշարձաններն անհետանում են, քանդվում, եւ ոչ ոք չի մտածում դրանց պահպանման մասին: Վերջին տարիներին խորհրդային ամեն ինչից ազատվելու մարմաջը հասցրել է նրան, որ որոշ երկրներում անգամ Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանների ու գերեզմանների ապամոնտաժման փորձեր են արվում:
Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը գտնում է, որ հուշարձանների վերացումը անցյալից կտրելու միտում ունի. «Զարգացած մարդիկ ոչինչ չեն քանդում: Ցավալին այն է, որ զարգացածությունը վերջին 20 տարիներին այդքան էլ հարգի չէ մեր տարածաշրջանում: Գեղագիտական այս դիսկոմֆորտը, որն ընկել է մեր գլխին՝ հայտնի չէ որտեղից, մարդկությանը հեշտությամբ ենթարկել է իրեն՝ համոզելով, որ դրանից սկսվում է նոր կյանք: Կարծես անցյալ չենք ունեցել, չեն եղել Մոցարտ, Շոստակովիչ, Կոմիտաս: Այսպես ամեն ինչ քանդելով գնում են: Հիմա էլ հերթը հասել է հուշարձաններին …»:
Ըստ ճարտարապետի, պատմական փաստեր «պարունակող» հուշարձանները միանշանակ պետք է պահպանվեն. «Եղել է, չէ՞, կյանք՝ լավ, թե վատ: Ինչու՞ ենք փորձում ջնջել … Հուշարձան քանդելու, վերացնելու որոշում ունակ է ընդունել այն մարդը, որը հեռու է արվեստից, գեղագիտությունից: Իսկ հասարակության ձայնն ինչու չի լսվում, թող տվյալ հուշարձանի հարակից տարածքում ապրող մարդիկ որոշեն՝ քանդե՞լ, թե՞ ոչ…»:
Հարցին ո՞վ եւ ինչպե՞ս պետք է որոշի, թե որ հուշարձաններն ունեն գեղարվեստական, մշակութային եւ ճարտարապետական արժեք եւ ըստ այդմ լուծի դրանց ճակատագիրը, Լ. Իգիթյանը պատասխանում է. «Ժողովուրդը… Ինչ լավ կլիներ, որ բոլոր հուշարձանները պահպանվեին, եւ մենք ունենայինք համեմատելու բան: Վերջերս Ղարաբաղում հայտնաբերվեց մի քաղաք, որը կառուցվել է Տիգրան Մեծի կողմից: Բոլորին սկսեց հետաքրքրել՝ ի՞նչ քաղաք է, ե՞րբ է կառուցվել, ովքե՞ր են ապրել այդտեղ: Այսինքն՝ մարդիկ հետաքրքրվեցին իրենց անցյալով, ուրեմն դրանք պետք են, չէ՞, մարդուն: Թողեք՝ թող մարդիկ էլ որոշեն, եւ ո՛չ թե քաղաքական ուժերը: Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ Երեւանում տեղադրվեց Առնո Բաբաջանյանի արձանը, ժողովուրդը, ասես, երկու մասի բաժանվեց, մի մասը սիրեց այն, մյուսը՝ պահանջեց հանել: Կառավարությունը չխառնվեց, վերեւներում ոչ ոք քանդելու որոշում չկայացրեց: Արձանը նույնիսկ հիացմունք առաջացրեց Մայա Պլիսեցկայայի մոտ, երբ առաջին անգամ տեսավ այն… Հիմա այդ արձանը ոչ ոքի չի խանգարում եւ չի զայրացնում: Վերջերս քաղաքապետի հետ քննարկվեց Սպանդարյանի արձանի հարցը, որ տեղադրված է Գարեգին Նժդեհի հրապարակում: Որոշվեց հանել եւ տեղափոխել ավելի համապատասխան վայր: Գոնե այս մակարդակով թող որոշվեն հուշարձանների ճակատագրերը»:
Մոսկվայի ներկայացուցիչ, քանդակագործ, մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության վարպետ Լեոնիդ Բարանովն ասաց. «Հուշարձանն իրենից պատմական փաստաթուղթ է ներկայացնում: Խորհրդային ժամանակների արձանների վրա նշված են եղել անուն-ազգանուններ, կենսագրություններ… Ժամանակակից քանդակները չունեն այդ տեղեկությունները: Ռուսական հուշարձանների հարցն էլ, ինչպես մյուս խորհրդային երկրներինը, առկախ է մնացել: Մենք հիմա չգիտենք՝ ինչպիսին են եղել մեր նախնիները, հերոսները՝ ահագին բան վերացված է»: Լ Բարանովը կարծում է՝ խորհրդային շրջանի հուշարձանները պետք է դիտարկել հետեւյալ տեսանկյունից. «Լավն են, թե վատը՝ ստեղծված են մարդու կողմից: Ոչ ոք իրավունք չունի քանդել կամ գնահատել»:
Մոլդովայում, ինչպես նշում է Քիշնեւի ներկայացուցիչ, ճարտարապետ Եվգենի Սմոլինը, հուշարձան քանդել-հանելը «խաղ ու պար» է. 100 տարվա ընթացքում Մոլդովայում նույն տեղում 6 հուշարձան է փոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել