Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Պրոֆեսոր Գեւորգ Պետրոսյանը՝ ԳԱԱ թղթակից անդամ դառնալու եւ իր  ստեղծած ծակոտկեն նյութերի մեխանիկայի տեսության մասին:

Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով, որի ընթացքում կանցկացվեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր Գեւորգ Պետրոսյանի ասելով, արդեն չորրորդ անգամ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ դառնալու իր թեկնածությանը դեմ են քվեարկում: Գիտնականի խոսքով, մերժում են՝ «կոշտ պատճառաբանություններով» եւ «Մենք ենք, մեր սարերը» սկզբունքով: Նա նշում է, որ ակադեմիկոսները իր տեսության անունը լսելիս զարմանում են՝ «Էդ ի՞նչ մեխանիկա է» ասելով:
Գ. Պետրոսյանը մեխանիկա մասնագիտության ծակոտկեն նյութերի մեխանիկայի ուղղության ստեղծողներից մեկն է: ԱՄՆ-ում տպագրվող «Ով ով է աշխարհում» եւ «Ով ով է գիտության եւ ճարտարագիտության մեջ» տեղեկատու հանրագիտարանների հրատարակություններում ընդգրկվել է հայ գիտնականի կենսագրությունը՝ որպես իր սեփական ձգտումների բնագավառում նշանակալից նվաճումներ ցուցաբերողի, ինչը նպաստել է ժամանակակից հասարակության լավացմանը:
Մեր զրուցակիցը փաստեց, որ 22 տարի է Պոլիտեխնիկը մեխանիկայի բնագավառում ԳԱԱ-ում չունի ներկայացուցիչ, ներկայումս էլ ԳԱԱ-ում մեխանիկայի պլաստիկության տեսության բնագավառում անդամ չկա:
Գ. Պետրոսյանը նեղսրտել է, երբ ակադեմիայի իր կոլեգաները մասնավոր զրույցում ասել են, որ մինչ ակադեմիկոսների եւ թղթակից  անդամների ընտրություններն ամեն ինչ նախապես որոշված է: Նա փաստում է, որ միշտ ընտրվում են ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի կադրերը, որոնց աշխատանքը գնահատելով հանդերձ, չի կարողանում համակերպվել, որ «աչք են փակում» նաեւ գիտության մեջ ունեցած իր վաստակի վրա, ինչը փաստվում է միջազգային հրատարակություններում: Պետրոսյանը հիշեցնում է, որ 20 անգլերեն հոդված ունի օտարալեզու ամսագրերում: «Առավոտի» հարցին՝ իր ինչի՞ն է պետք ԳԱԱ թղթակից անդամ դառնալը, չէ՞ որ կարեւորը գիտության մեջ կատարած ներդրումն է, Գ. Պետրոսյանը պատասխանում է. «Տվյալ պարագայում խոսքը զուտ «սպորտային հետաքրքրության» մասին չէ: Պոլիտեխնիկի նյութերի դիմադրության ամբիոնում ժամանակին 50 մարդ է աշխատել, մի այդքան էլ մեխանիկայի ամբիոնում էին: Հետագայում ամբիոնները միավորվել են, այժմ բուհը մեխանիկայի ամբիոն չունի… Ցավում եմ, որ ինձ դրսում ճանաչում են, Հայաստանում՝ ոչ: Ախր 13 հեղինակային վկայագիր ունեմ, իմը կիրառական բնագավառ է… Շատ կուզենայի, որ բնագավառը գնահատվեր, ակադեմիան տերը դառնար բնագավառի եւ հովանավորը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել