Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՀՈՂԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Ու պատվաբեր չէ այնտեղ ապրելը

Արոտավայր է: Հավք ու անասուն պահելու տեղ, անհող ճորտերի բնակատեղի, անփող քոծերի, գորշ գեղջուկների, անանուն ամբոխի, աղքատ ու տնանկ վտարանդիների ապաստան, ուր բնակվել, ապրելը այսօր դարձել է իրեն հարգող հարուստ ու հպարտ նոր ղարաբաղցու պատվից վեր մի բան: Միկան է դա, թե Ֆլեշը, Սամվել Բաբայանը, թե Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց մոտիկ ու հեռու բազմաքանակ հարազատներով: Ու սրանց ետեւից շարա՜ն, շարա՜ն: Պարսերով: Գալիս ու չե՜ն վերջանում: Մանր ու մեծ չինովնիկներ, զանազան Մելիք Շահնազարներ, տասնյակներով ինքնահռչակ քաղաքագետ ու փորձագետ, շարքային պատշար ու վարորդ, երգիչ ու երգահան: Արցախի ողջ քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային վերնախավն այլեւս Հայաստանում է հաստատվել: Բրախել են իրենց սահմանները: Անգլուխ թողել երկիրն ու իրենց ընտանիքները փախցնում, բերում են Հայաստան: Պետք են իրենք Հայաստանում, թե չէ, սպասում են իրենց այստեղ, թե ոչ, չեն էլ հարցնում, գալի՜ս են:
Ամեն դեպքում՝ վտանգից հեռու: Ի՜նչ իմանաս:
Բայց գուցե, իսկապես, ճի՞շտ են անում, որ գալիս են: Լուրջ, ի՞նչ կա էն օձաբնակ, անապահով խորշակում, որ ետ գնան: Թնդանոթի հավելյալ մի՞ս է պետք, հրեն, Հայաստանում լիքը, Աստծո բաժին ջահելներ, թող գնան, անուն թողնեն, հերոսանան էդ հողում: Էրգրի կարոտ քաշողներն էլ կարող են կուռ շարքերով գնալ ու իրենց խրոխտ երգերն էնտեղ երգել: Մեկ ազգ, մեկ մշակույթ ենք, ի՜նչ տարբերություն: Ում Հայրենիք ու պատիվ, ում շահույթ ու հարստություն: Մենք չե՞նք ջրաբաշխը: Հո ամեն պատիվ բերող բան չէ, որ շահութաբեր է: Ետ գնան, ի՞նչ անեն:
Սա ես չեմ ասել:
Պատասխանելով արցախյան պատերազմի մասնակից Սուրեն Աբրահամյանի անկեղծ մտահոգությանը, թե՝ Արցախը պահելու համար ղարաբաղցի գործարար ու պաշտոնյա, Արցախի նախկին քաղաքական ու ռազմական վերնախավը, բոլորն անխտիր, պիտի, այլեւս լքեն Հայաստանն ու ետ գնան իրենց ծննդավայր, օրինակ ծառայեն, որ ժողովուրդը չլքի, չհեռանա իր հողից, Հայաստանի Ազգային ժողովի ջահել հանրապետական Արտակ Դավթյանը գործնական ու խոհուն փակեց խոսակցությունը. «Եկեք նրանց փոխարեն չորոշենք, հա՞: Հողի վրա ապրելը ոչ միայն պատվաբեր պիտի լինի, այլեւ շահութաբեր»:
 Ես հեռու եմ այն մտքից, թե սա իր ասած խոսքը չկշռադատող, անձնական նեղ ու անշունչ շրջանակի մեջ բորբոքված, անպտուղ մտքի տարերային արտահոսք է: Քավ լիցի: Մարդն Ազգային ժողովի պատգամավոր է, գիտության ու կրթության հանձնաժողովի նախագահ: Ու ըստ ամենայնի, չի կարող գլխից դուրս բան ասել: Երեւի մեկ, երկու անգամ էլ գնացած կլինի Ղարաբաղ: Այդ իսկ պատճառով, ես հավատում եմ, որ նա իր շրջապատի շեփորն է ու արտահայտել է ողջ իշխող կուսակցության կարծիքը: Նաեւ, կուսակցության ու Հայաստանում ամեն ծիլ ու բողբոջի ղեկավար, ներկայիս ղարաբաղցի նախագահի կարծիքը: Այս պաշտոնյայի մեկ այլ տեսակետ ես մեջբերել եմ Հայաստանում օտար դպրոցներ բացելու դեմ գրած իմ ծավալուն հոդվածում. կրթության նախկին նախարարի որդին, կուսակցության ցուցակով կուշտ ու պաշտպանված, կադրի համար գրիչը ձեռքն առել, կարեւոր պտտելով, պնդում էր, թե առանց օտարալեզու դպրոցների՝ Հայաստանն ապագա չունի:
Ասել կուզի՝ ոչ թե իրենք, այլ հայոց լեզուն է խոչընդոտում Հայաստանի առաջընթացը: Ասել կուզի՝ հայկական դպրոցն իր հայրենիքում այլեւս պիտանի չէ: Լեզվի իրավունքները պաշտպանող միակ խղճուկ տեսչությանը պետական կոմիտեի իրավական ստատուս տալ պետք չէ: Ինչ կապված է լեզվի հետ, պիտանի ու կարեւոր չէ: Շահ չկա:
Հիմա էլ, պարզվում է՝ Արցախի հողը ղարաբաղցու համար շահութաբեր չէ: Ասել կուզի՝ Հայրենիք չէ:
Ու Հայաստան փախած, Հայաստանի ժողովրդից միլիոնների կարողություն թալանած նոր ղարաբաղցու համար պատվաբեր չէ այլեւս վերադառնալ ու ապրել հերոսներով զարդարված իր ծննդավայրում: Ուր ամեն սանտիմ քաջերի արյան համն է դեռ պահպանել:
Չգիտեմ, ով ինչ կասի սրան, բայց ես աններելի լպիրշ, անբարոյական, քաղաքական տգիտություն եմ համարում սանձարձակ ոգեւորման մեջ արած պատգամավորի այս բաց հայտարարությունը: Հասկանում եմ նաեւ, որ մարդ արարածը կշտությունից թմրելով հիմարանում է: Բայց է՜դ աստիճան: Հրեաների հողը քար ու քռա, չոր անապատ չէ՞, բա ո՞նց են կպած ապրում էդ խայտառակ հարեւանության մեջ: Բա էլ ո՞ւմ, ինչի՞ համար զոհվեց մեր ազգի ծաղիկը: Որ դատարկվի, արոտավա՞յր դառնա Հայրենիքը: Դառնա սարդ ու գելուկի, լեշակեր ագռավների հանգրվա՞ն: Բորոտների, անճարակների, լքվածների, ստորակարգ արարածների տաժանավա՞յր: Որ նեխած շապիկով Երեւանում միամիտ իշխանության եկած ու անգոյության եզերքներից թալանով հրամանատար դարձած ղարաբաղցին նստի երեւաններում ու Արցախը պահելու էլիտար դասե՞ր տա մեզ: Ասել կուզի՝ զրկանքը մեզ, իշխանությունն ու վայելքն իրե՞նց: Սա՞ էր պատերազմի ողջ իմաստը: Սին ցնո՞րք, թե՞ հիմարական զառանցանք էր մեծ հաղթանակը: Թե՞ կույր ու միամիտ էին մեր թանկ շիրիմները, թիկունքը պահող մեր սեւսիրտ մայրերը, ովքեր կարիք, անարդարություն ու զրկանք քաշեցին, բայց ետ խլեցին մեր Հայրենիքը:
Առանց շահույթի ակնկալության:
Ու եթե մեկը շահել է այդ պատերազմից, ապա միայն դուք: Երբ սնոտի ընչասիրության ու պզտիկ շահերի համար, ահա քանի՜ տարի փրկարար բռնության մտրակն եք ճոճում անհավատալի այդ պատերազմում հաղթած մի ողջ ազգի գլխին, դարձնելով նրան ամորֆ մի ամբոխ, ով ընդամենը նախորդ բռնության վերադարձն է երազում: Եթե մեկը շահել է այդ աղետից, ապա միայն դուք: Երբ մարտի 1-ին հրացան դրեցիք հաղթած բանակի մատղաշ զինվորի ձեռքին: Դարձրեցիք մանկուրտ, դարձրեցիք անասուն: Եվ ուղարկեցիք կրակելու իր եղբոր, քրոջ, հարեւանի ու հերոսի, ծոցվոր հարսների, իրեն սնած անպաշտպան մոր սրտին: Իր տեր Աստծո, իր խաչ ու մեռոնի սրտին: Ու մինչեւ հիմա, էդ ահասփյուռ հրացանը կրակում է սովոր, վարժեցրած, մանկուրտ ձեռքի մեջ: Նույն տրամաբանությամբ:
Գիտե՞ք ինչու: Որ «ինքնասպան» եղած Արթուր Մկրտչյանից մինչեւ անիծյալ հոկտեմբերի 27, մինչեւ ճիշտ ժամանակին հանկարծամահ եղած Անդրանիկ Մարգարյան, մինչեւ մարտի 1-ի արյունոտ կիրակի, արյունով հեղված իշխանական Աթոռն ու Սեւ փողերը էլի ձեզ մնան: Հիմա էլ, ավեր ձեռքը երկարել, հասել է Արցախ: Հողը դարձրել անպիտան, ապրելն՝ անպատիվ:
Ուրեմն եւ, պաշտպանելն անիմաստ:
Անկեղծ ասած, ես գրիչ չէի վերցնի ձեռքս, եթե ջահել հանրապետականի հայտարարությանը չհետեւեր նրա ավագ գործընկերոջ՝ վտանգավոր ու ամբարիշտ մեկի՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե Արցախի գերիների հարցը Արցախի լոկալ խնդիրն է, եւ Աստրախանի համաձայնագիրը Հայաստանից գերի ընկածներին է վերաբերում: Նույն ինքը՝ ով վերջերս ցեղակրոնության ու կրթվածության լուրջ դասեր էր տալիս առաջին նախագահին՝ իր հիշողության գրատախտակից ջնջելով, թե ոնց էր ընկերների փորը նժդեհավարի թափում՝ որդուն թաղապետ դարձնելու կիրթ, զինական պայքարում: Խորհրդային գործկոմի ղեկավարի նախկին տեղակալը, բուրգի գագաթին հասնելու իր հին ու սովոր ճամփան է գերադասել՝ նոր ձեւ ու խորք չտալով գրպանում խորը թաղած երկու հակաբեւեռ, թշնամական կուստոմսերի կտրուկ տրամաբանությանը, նախագահից նախագահ մնալով սեփական մորթ ու ոսկորի բնազդական իշխանության նույն, շահավետ տիրույթում: Քաղաքական աճպարարության նրա արդի ճամփան էլ Արցախի սրտով չի անցնում: Էլ շահավետ չէ:
Եվ քանի որ սա էլ հանրապետականի քանակական մահկանացուներից չէ ու ասածն էլ օդից վերցրած չի կարող լինել, վստահ կարելի է ասել. Հայաստանի ներկա իշխանությունը Արցախի անկախության ճանաչման անշահավետ գլխացավանքը հեռու է վանում իրենից, ծանր բեռը թողնելով սերունդների ուսերին: Ինչպես ՀՀՇ-ն՝ պատերազմի ժամանակ:
Մինչդեռ, մեր չնորոգված ու հին սրտերում դեռ թարմ են համայնական կյանքի խոփը վարող, ուրիշ շատ պատվելի անուններ, ովքեր 1988-ին չշտապեցին բուրդ հանել կրակից, ինչպես այսօրվա Ազգային ժողովի անշունչ Ցուցակը՝ իր մեռելահոտ պոչակալներով: Իրենց իշխանությունը պահելու համար չօգտվեցին խորհրդային բանակի ծառայությունից, անտեսելով Մոսկվայի բազմաթիվ հորդորները: Կարեն Դեմիրճյանը լուռ հեռացավ, նրան հաջորդած Սուրեն Հարությունյանը ընդունեց ազատության շեփորից հնչեցրած մարտահրավերը՝ տրվելով հայության սրբազան սրտի պայծառ ու լեցուն հոսանքին: Առանց նրանց դժվար կլիներ հաղթելը: 
 Խորհրդային Հայաստանում երկու անգամ է ընդունվել ԼՂԻՄ-ի հետ միավորման որոշումը: 1988թ. հունիսի 13-ին, ՀԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղար Սուրեն Հարությունյանը Թատերական հրապարակում հավաքված աշխատավորության առաջ կարդաց ԼՂ ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու ու ՀԽՍՀ կազմի մեջ անցնելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ԳԽ-ների առջեւ միջնորդություն անելու մասին փաստաթուղթը: Հրապարակը փոթորկվում էր խելահեղ ծափերից: Երկու օր անց, հունիսի 15-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի լիագումար նիստը, անսալով ԼՂ ազգաբնակչության իղձերին, ընդունեց մարզը Հայաստանին միավորելու որոշումը: Նիստն ուղիղ հեռարձակվում էր, առաջարկությամբ հանդես եկավ ինքը՝ Սուրեն Հարությունյանը: Միացումի որոշումն ընդունվեց միաձայն: Հրապարակն ալեկոծվում էր ցնծության ձայներից, ծփում էին ալ դրոշները, մարդիկ գրկախառնվում էին, շնորհավորում միմյանց:
Հե՞շտ էր նրա համար վճիռ ընդունելը: Որպես հայ մարդ, շատ էլ գուցե իր սրտովն էր, բայց որպես Կրեմլի վստահված անձ ու Հայաստանի նոր ղեկավար, գիտեր, որ իր ճակատը չեն համբուրի ու ճնշումը Հայաստանի վրա ավելի կուժեղանա: Ճիշտ այսօրվա պես, երբ դեկտեմբերին Աստանայում սպասվում է Ղարաբաղի հարցով երկու նախագահների հանդիպումը, այն ժամանակ էլ՝ ճիշտ մեկ ամիս անց, հուլիսի 18-ին, ԼՂ հարցով ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստն էր սպասվում: Առաջին լուրջ լսումը Կրեմլում: Բայց Հայաստանի ղեկավարը գործը սպանելու մտքով չհետաձգեց միացումի հարցը, ինչպես հիմա են անում, այլ կայացրեց երկրի համար պատմական, իսկ իր անձի համար, գուցեեւ՝ ոչ շահավետ որոշումը: Այսօրվա ավագ պատգամավորներից շատերը կհիշեն, թե 1988թ. հուլիսի 18-ի ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստում, այդ որոշումից գազազած Գորբաչովն ո՜նց էր իր անկարողությունն ու սեւ մաղձը թափում մեր պատվիրակության գլխին՝ փորձ անելով ճնշել ու նսեմացնել նրանց: Չհաջողվեց: Մերոնք արժանի պատասխան տվին: Նիստի ժապավենն ինչքան էլ մկրատել էին, տպավորությունը կոծկել չէր հաջողվել:
Միացումի երկրորդ որոշումն ընդունվեց 1989թ. դեկտեմբերի 1-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստը, Հրանտ Ոսկանյանի ու Վաչագան Գրիգորյանի նախագահությամբ, վերահաստատեց 1988թ. հունիսի 15-ի միացումի որոշումը: Արցախի համար սաստիկ լարված մի շրջան, երբ նոյեմբերին, ԼՂ-ում, Վոլսկու կառավարությունը փոխարինվեց արյունարբու ու մարդակեր Պոլյանիչկոյի իշխանությամբ, ու Արցախը կրկին հայտնվեց Ադրբեջանի լիակատար իշխանության տակ:
Ես չգիտեմ, իրադարձությունների այդ մրրկահույզ հոլովույթում քաղաքական ճի՞շտ հաշվարկ կատարեց Հայաստանի ղեկավարությունը, թե՞ ոչ: Բայց որպես այդ օրերի ականատես ու մասնակից, վստահեցնում եմ. այդ որոշումները օդ ու ջրի արժեք ունեցան Արցախի համար, իրական հաղթանակի արժեք, որ ուժ տվեց չհուսահատվելու, համոզվելու, թե Հայաստանը տեր է Արցախին, ինչ էլ պատահի նրա հետ: Որ Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդը անբաժանելի միս ու արյուն են Արցախի սրբազան ազատության հարցում: Ինչն այն ժամանակ սվիններով ընդունվեց Կենտրոնի ու Ադրբեջանի կողմից: Ես եղել եմ Արցախի հարցով մոսկովյան համարյա բոլոր քննարկումներին, գիտեմ, թե այդ բազմատարազ, այլադավան դահլիճներում հոգեկան ու ֆիզիկական ի՜նչ անագորույն ջանքերի գնով են Արցախի ու մեր պատգամավորները պաշտպանել այդ որոշումների անհրաժեշտությունն Արցախի համար: Եվ խորհուրդ կտամ Արտակ Դավթյանին ու Գալուստ Սահակյանին, Արցախի ճանաչման հարցի քննարկումն անվերջ հետաձգելուց առաջ, իր կոլեգա Գոհար Ենոքյանին հարց տան՝ ի՞նչ անձնական շահ ուներ ինքը, երբ իր ստացվածքն ու նյութական միջոցներն էր դնում Մոսկվայում՝ մի գործ առաջ տանելու, մի ավել ձայն ձեռք բերելու համար: Երբ Գորբաչովի հետ հրապարակային, խիզախ վեճից հետո, մեկ ամիս գտնվեց բժիշկների հսկողության տակ, իսկ ֆաբրիկան երկար ժամանակ պարապուրդի մատնվեց, դադարեցրել էին սարքավորումների մնացած մասի առաքումը Ֆրանսիայից: Պատժել էին: Արցախի հինգ պատգամավորներից երեքը մահացան սրտի կաթվածից, չդիմացան այդ ահավոր լարվածությանը:
Ա՞յս էր նրանց շահը:
Հե՞շտ էր այս ամենը: Շահավե՞տ էր, թե՞ ոչ: Իհարկե՝ ոչ: Ես տեսել եմ, թե ինչպես էր Պետերբուրգի ներկայիս քաղաքապետ, այն ժամանակ ԽՍՀՄ պատգամավոր Վալենտինա Մատվիենկոն, Հունաստան դեսպան գնալուց առաջ, եկել, համոզում էր Լյուդմիլա Հարությունյանին. «Քեզնով հետաքրքրվում են, քեզ աշխատանք են ուզում առաջարկել, մի քիչ քիչ խոսիր էդ Ղարաբաղից, էլի»: Այսպիսի տասնյակ օրինակներ կարող եմ պատմել: Վստահ չեմ, սակայն, թե այսօրվա Ազգային ժողովի իշխող Ցուցակից մեկնումեկը կհասկանա այդ մարդկանց զոհաբերող նկարագիրը: Մարդու այդ տեսակն այսօր վերից վար մոռացվել է Ազգային ժողովում կամ դարձել բուսական կյանքով ապրող ու քարից քար թռչող կուսակցական կովաբույծների քամահրանքի թեմա: Մինչդեռ գործը, որի համար այդ մարդիկ չխնայեցին իրենց, մնաց պատմության ու հայության ազնիվ հատվածի հիշողության մեջ: Նրանց ջանքերով Արցախի հարցը տեղական լոկալ թնջուկից բարձրացվեց, դարձավ միջազգային ատյանների քննարկման խնդիր: Որն ահա քսան տարի, անկախ Հայաստանի դիվանագիտական միտքը մեկ քայլ անգամ առաջ չի տարել:

Շարունակությունը՝ շաբաթ օրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել