Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԷԼ»

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Ասում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ  Անդրանիկ Միրզոյանը

– 2007թ. դեկտեմբերի 1-ից սկսեց գործել եւս մեկ՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): Ինչո՞ւ, ո՞րն է Ձեր ղեկավարած հիմնարկի հիմնական առաքելությունը, ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ ստեղծելու նման հատուկ ծառայություն:
– 2007թ. իրականացված դատաիրավական բարեփոխումների հերթական փուլում վերանայվեցին հանցագործությունների կանխարգելման, բացահայտման գործում դերակատարություն ունեցող թերեւս բոլոր իրավապահ մարմինների գործառույթներն ու դերը: Նախ՝ քննչական ապարատը դուրս բերվեց դատախազության կառուցվածքից՝ վերջինիս դիտարկելով նախեւառաջ որպես դատավարական ղեկավար եւ հետաքննության, եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին: Վերակառուցվեցին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության քննչական մարմինները: Նոր քննչական մարմիններ ստեղծվեցին պաշտպանության նախարարությունում եւ հարկային մաքսային մարմիններում: Եվ ստեղծվեց եւս մեկ քննչական մարմին՝ ՀՔԾ-ն, անկախ որեւէ գերատեսչական ենթակայությունից: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ բարեփոխումների արդյունքում ձեւավորված եւ վերակառուցված քննչական մնացած 4 մարմինները ունեն գերատեսչական ենթակայություն եւ գործում են գործադիր իշխանության ներքո եւ միայն ՀՔԾ-ն է, որ կառավարության կառուցվածքից դուրս է: Հատուկ քննչական ծառայության պետը նշանակվում է հանրապետության նախագահի կողմից՝ երկրի գլխավոր դատախազի ներկայացմամբ: Եվ դա ունի իր բացատրությունը, որը բխում է հատուկ քննչական ծառայության լիազորությունների շրջանակներից: Գործող օրենսդրությամբ ՀՔԾ-ին է վերապահված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց վերաբերող քրեական գործերի քննությունը: Եվ կառավարության կառուցվածքից դուրս առանձին քննչական մարմնի ստեղծումը նպատակ ուներ ապահովելու այն քննչական մարմնի անկախությունը, որը լիազորված է քննելու բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրավապահների մեղսակցությամբ կատարված հանցագործությունները: ՀՔԾ-ն, ըստ էության, միակ մասնագիտացված քննչական ծառայությունն է:
– Ձեր մատնանշած պաշտոնյաները հիմնականում մեղադրվում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Այլ խոսքով, ունեք առանձնահատուկ առաքելություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Բավարար համարո՞ւմ եք ՀՔԾ-ի դերակատարության ներկայիս աստիճանը:
– Անշուշտ, իրավապահ յուրաքանչյուր մարմին ունի իր առանձնահատուկ դերը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում եւ ՀՔԾ-ն՝ նույնպես: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված ծառայություն չենք: Եվ մեզ ընդդատյա գործերը որոշվում են ոչ թե ըստ հանցագործության տեսակի, այլ սուբյեկտի: Կոռուպցիոն հանցագործությունները 31-ն են, որոնցով քննությունն իրականացնում են հանրապետության բոլոր քննչական մարմինները, այլ հարց է սուբյեկտը: Կոնկրետ սուբյեկտների վերաբերյալ քրեական գործերը քննվում են հատուկ քննչական ծառայությունում՝ անկախ նրանից, թե պաշտոնատար անձն է հանցագործություն արել, թե տուժել է հանցագործությունից, պաշտոնեական դիրքն է չարաշահել, թե վրաերթ կամ հաշվեցուցակային զենքն է կորցրել եւ այլն: Ասեմ, որ մեր գործունեության անցած 3 տարիների ընթացքում քննել ենք ավելի քան 600 քրեական գործ:
– Պարոն Միրզոյան, բայց համաձայնեք, որ այսօր շատ քիչ է խոսվում Ձեր հիշատակած սուբյեկտների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մասին: Բացահայտումները սահմանափակվում են միջին օղակներում:
– Մեկ ճշգրտում՝ ՀՔԾ-ն քննչական մարմին է եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու լիազորություն չունի, չունենք ոչ նման ստորաբաժանում եւ ոչ էլ նման աշխատակիցներ: Ունենք ընդհանուր առմամբ 23 քննիչ, ծառայության պետն ու տեղեկալը եւ փոքր աշխատակազմ: Քրեական գործերը, նյութերը ստանում ենք հիմնականում այլ քննչական մարմիններից կամ դիմումներ՝ քաղաքացիներից: Այլ խոսքով՝ հանցագործության մասին տեղեկատվության այլ աղբյուր մենք չունենք: Այլ հարց է նախաքննության օբյեկտիվության ու բազմակողմանիության ապահովումը, ինչը նախ հնարավորություն կտա հասնել ոչ միայն տվյալ, այլ նաեւ ածանցվող այլ հանցագործությունների բացահայտմանը, ինչը փորձում ենք ապահովել բոլոր քրեական գործերով: Հատուկ սուբյեկտների վերաբերյալ քրեական գործերի քննությունն ունի իր դժվարությունն ու առանձնահատկությունը, առավել եւս, եթե խոսքը գնում է կոռուպցիոն հանցագործությունների, պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ դեռ շատ անելիքներ ունենք հիրարխիկ հանցագործությունների բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Օրինակ՝ եթե խոսքը գնում է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու մասին. նախ պետք է կարողանանք հիմնավորել, որ պաշտոնատար անձն իրոք կաշառք է ստացել եւ այստեղ շատ կարեւոր ու մեծ է նաեւ կաշառք տվողի պատրաստակամությունը՝ համագործակցել նախաքննական մարմնի հետ, ապա հասնել նրան, որպեսզի կաշառք ստացողը խոստովանի ու ասի նաեւ, թե ում ցուցումով կամ ում հետ համաձայնեցնելով է նման քայլի գնացել: Այս հանցագործությունների բացահայտման առումով իրոք ունենք դժվարություն եւ մենք քայլ առ քայլ փորձում ենք հասնել ցանկալի արդյունքին: Արդեն ունենք մի քանի դեպքեր, բացահայտված հանցագործություններ, որոնցով կարողացել ենք հիմնավորել ե՛ւ ենթակայի, ե՛ւ վերադասի նախնական համաձայնությունը կաշառք ստանալիս, եւ վերադասի ապօրինի ցուցումով պաշտոնեական դիրքի չարաշահումը, եւ քաղաքացուն հանիրավի մեղադրանք առաջադրելը: Այս ուղղությամբ զգալի աշխատանք արդեն իսկ կատարվել է: Դա, իհարկե, բավարար չէ, սակայն 3 տարվա համար կարծում ենք նաեւ քիչ չէ եւ եթե այսօր արդեն կարողացել ենք առանձին գործերով քաղաքացու մոտ ձեւավորել վստահություն, որ կարող է պատմել ճշմարտությունը եւ ցուցմունքներ տալ նաեւ իրավապահ մարմնի աշխատակցի անօրինական գործողությունների վերաբերյալ եւ որ դրան անպայման ընթացք կտրվի ու հնարավոր է՝ անգամ կարգավիճակների փոփոխություն՝ «մեղադրյալ» քաղաքացին դառնա տուժող, իսկ «տուժող» ոստիկանը՝ մեղադրյալ, ապա դա իրոք ձեռքբերում է: Թող անհամեստություն չհնչի, բայց սրանք ուղղակի խոսքեր չեն, այլ կոնկրետ քրեական գործեր, որոնց նաեւ Դուք եք բազմիցս անդրադարձել: Այսօր ունենք նման բազում գործեր եւ հենց այս աշխատանքով պետք է կարողանանք ձեռք բերել վստահությունը եւ հասնել նաեւ Ձեր մատնանշած ավելի վերին օղակներում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը:
– Պարոն Միրզոյան, քիչ չեն նաեւ դեպքերը, երբ դժգոհում են, բողոքում, որ հատուկ քննչական ծառայությունում ցուցմունքներ են կորզվում, այդ թվում՝ նաեւ «գործարքների» միջոցով: Ինչպես, օրինակ՝ Վ. Խալաֆյանի գործով հայտարարվեց, որ «գործարքի» եք գնացել Մորիս Հայրապետյանի հետ, դրա համար էլ նա պայմանական ստացավ, իսկ Աշոտ Հարությունյանը՝ 8 տարվա ազատազրկման դատապարտվեց:
– Ավելի քան վստահ եմ, որ եթե նախաքննական մարմնին չհաջողվեր հիմնավորել Աշոտ Հարությունյանի մեղադրանքը, որ նա բռնություններ է գործադրել Խալաֆյանի նկատմամբ, ապա այսօր Հարությունյանին «պաշտպանողները» մեզ մեղադրելու էին նրա հետ, այսպես կոչված՝ գործարքի գնալու եւ միայն, այսպես ասած, «սլաքավարներին» պատժելու մեջ: Իրոք, շատ բարդ է եղել տվյալ քրեական գործով նախաքննությունը. ունենք ապացույց՝ ի դեմս փորձաքննության եզրակացության, որ Խալաֆյանը ենթարկվել է բռնության: Անձը մահացել է եւ չի կարող պատմել, թե ով է իր նկատմամբ բռնություն գործադրել եւ ունենք ոստիկանության աշխատակիցներ: Այսինքն՝ պարզ է, որ նա բռնության է ենթարկվել ոստիկանությունում, բայց հարցերի հարցը մնում էր պարզել՝ ում կողմից եւ ինչ հանգամանքներում է ոստիկանության բաժին բերման ենթարկված անձը ոստիկանությունում մահացել: Եվ նախաքննությամբ կարողացել ենք պարզել: Այո, համագործակցել ենք նաեւ մեղադրյալների հետ, ինչը ընդունված պրակտիկա է եւ խոստացել, որ իրականության բացահայտման հարցում նախաքննական մարմնին օգնելու դեպքում՝ դա հաշվի կառնվի եւ կդիտարկվի որպես մեղմացնող հանգամանք: Հակառակ պարագայում ինչու պետք է ենթական պատմի իրականությունն ու ասի, թե ինչպես է իր վերադասը ծեծել քաղաքացուն, եթե պետք է նույն պատիժը ստանա… Գիտեք, կարծում եմ՝ կան գործեր եւ միշտ էլ կլինեն, որոնք փորձ կարվեն դարձնել շահարկումների առարկա: Ի վերջո, նաեւ մեր վարույթում քննվող հանցագործությունների սուբյեկտները, ինչպես ասացի, պաշտոնատար անձինք են, իրավապահ մարմինների աշխատակիցներ, այսինքն՝ իրավաբաններ, ովքեր ունեն շատ ավելի մեծ հնարավորություններ շահարկումների ալիք բարձրացնելու կամ նախաքննության ընթացքի վրա ներազդելու տարաբնույթ միջոցներ գործադրելու համար՝ օգտագործելով թերեւս հնարավոր բոլոր եղանակները՝ այդ թվում մամուլին ու հասարակական կազմակերպություններին, բայց ՀՔԾ-ում աշխատող քննիչների պրոֆեսիոնալիզմը թույլ տալիս է դիմակայելու հնարավոր բոլոր այդ ներազդեցության միջոցներին եւ ապահովելու նախաքննության օբյեկտիվությունը:
– Իսկ բռնությո՞ւնը: Եղել են հայտարարություններ առ այն, որ անգամ Դուք մասնակցել եք մեղադրյալի նկատմամբ կիրառված բռնություններին:
– Բռնությունը, որպես քրեական գործ բացահայտելու մեթոդ կամ ցուցմունք ստանալու միջոց՝ անընդունելի է եւ ապացույց ձեռք բերելու նման ծայրահեղ քայլերը դատապարտված են ձախողման: Մեր քննիչների մասնագիտական պրոֆեսիոնալիզմը բավական բարձր է նման ծայրահեղ քայլերի չգնալու համար: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա յուրաքանչյուր մեղադրյալ ինքն է որոշում իր պաշտպանության մարտավարությունը, իսկ բռնությունների մասին հայտարարությունը շատ լավ խայծ է մամուլի ուշադրությանը գրավելու ու նախաքննության օբյեկտիվության վրա ստվեր գցելու փորձ անելու համար: Մեղադրյալը պաշտպանվելու իրավունք ունի, թեեւ երբեմն այդ իրավունքի իրացումն արվում է զրպարտությունների միջոցով:
Խոստովանեմ, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում, երիտասարդ տարիներին, մի անգամ մեղադրյալի ապտակել եմ, բայց ոչ թե ցուցմունք ստանալու, այլ զարհուրելի հանցագործության համար. անձը բռնաբարել էր իր հաշմանդամ՝ խուլ ու համր տատիկին: Դա եղել է շատ վաղուց, Ռուսաստանում, ինչի համար այն ժամանակ արդեն պատժվել եմ…
– Իրավապահ որոշ մարմիններում կադրային քաղաքականության հարցում շատ առանցքային դերակատարություն ունի գումարը…
– Ընդհատեմ հարցը: Չգիտեմ, թե ո՞ր իրավապահ մարմինն եք ակնարկում, բայց որեւէ մեկը չի կարող ասել, որ հատուկ քննչական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար կաշառք է տվել: Մեզ մոտ նման պրակտիկա չկա: Քննիչներն ունեն միջինը 15 տարվա փորձառություն, ունենք գիտությունների թեկնածուներ: Կարող եք ինքներդ ուսումնասիրել: Կադրային քաղաքականությանը մեզ մոտ շատ լուրջ ենք վերաբերվում, որի առանցքում մասնագիտական ունակություններն են, աշխատանքի փորձառությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել