Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոռոմցիներն այլեւս ջուր չե՞ն կրի

Դեկտեմբեր 02,2010 00:00

Հոսող ջուրը գյուղացիներին հասանելի դարձավ ընդամենը երեկ

Շիրակի մարզի մի շարք գյուղերում դեռեւս նախնադարյան հասարակարգեր են տիրում. մարդիկ զրկված են տարրական կենցաղային պայմաններից: Խորհրդային տարիներից կառուցված ջրագծերը քայքայված, շատ դեպքերում էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ալան-թալանի ենթարկված լինելու պատճառով համայնքների մեծ մասն այսօր զրկված է խմելու ջրից:
Գյուղացիները տարիներ շարունակ օգտվում են ինքնափոր ջրհորներից, որտեղի ջուրն իր կասկածելի բաղադրությամբ ամեն վայրկյան վտանգ է ներկայացնում բնակիչների կյանքի համար: Այդպիսի գյուղերից մեկն էլ Արթիկի տարածաշրջանի մոտ 5 հարյուր բնակիչ ունեցող Հոռոմ գյուղն է, որտեղ վերջին 3 ամիսների ընթացքում, բառի ուղիղ իմաստով, բնակիչները ծարավի էին մատնված. Մանթաշի ջրամբարից ընդհանրապես դադարեցվել էր այս գյուղի ջրամատակարարումը: Այսինքն՝ գյուղացիները զրկվել էին անգամ ջուր հայթայթելու ու թորելու հնարավորությունից:
Այդ ծայրահեղ վիճակին վերջ դրվեց ընդամենը երեկ. «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 1500 գծամետր բարձր ճնշման պոլիէթիլենային խողովակաշար էր կառուցել գյուղում՝ ծախսելով ավելի քան 5 մլն դրամ, գյուղապետն էլ իր հերթին համայնքի բյուջեից 1, 5 մլն դրամ էր տրամադրել: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջազգային տեխնիկական տնօրեն Մանֆրեդ Շաուբը, շուտով հասնելու են նրան, որ այս գյուղում ջրամատակարարումը դառնա շուրջօրյա. գերմանական KFW բանկի վարկային ծրագրի շրջանակներում Հոռոմում կառուցվում է 173 հազար եվրո արժողությամբ ջրամբար, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա հոկտեմբերին: Նույն պաշտոնյայի խոստումների համաձայն, շուրջօրյա է դառնալու նաեւ Գյումրի ու Մարալիկ քաղաքների ջրամատակարարումը: Շիրակի մարզի ջրամատակարման ու ջրահեռացման համակարգերի վերականգնման համար գերմանական KFW բանկի վարկային ծրագրի շրջանակներում արդեն իսկ ծախսվել է 11 մլն եվրո:
Հետաքրքիրն այն է, որ թեեւ հոռոմցիները երեկ սեփական աչքերով տեսնում էին գյուղամիջում փորձակվող ջուրը, այդուհանդերձ կասկածով էին վերաբերվում՝ արդյո՞ք այդ «տեսարժան պատկերը» երկար կշարունակվի: Որոշ բնակիչներ էլ, մոտենալով մեզ, դժգոհեցին, որ խմելու ջուրը իրենց տներ չի հասել: «Մեր տունը հեռու է ջրագծից, մենք էլ ուժ չունենք, որ քաշենք, նորից մնացինք հարեւանի հորի հույսին, միշտ էլ հորի ջուր ենք խմել, բայց փառք Աստծո, դեռ չենք մեռել»,- դժգոհեց կանանցից մեկը: 80 տարեկան ծերունիներից մեկն էլ, նկարագրելով ամիսներ առաջ Մանթաշի ջրամբարից մատակարարվող ջրի որակը, ասաց. «Որ ջրի կողքը անասունների նախիրը պառկի, ջուրը մաքուր կլինի՞, լավ է վարակվելուց պրծանք, տարին կլոր հորերից էինք ջուր խմում, 1 տոկոսն էլ Մանթաշի ջրամբարից, էն էլ սառչում էր, ջրի երես չէինք տեսնում: Եթե որոշ մարդկանց տներ չի հասել ջուրը, ապա իրենք էլ են մեղավոր, թող ժամանակին փորեին, կպցնեին բաշխիչ ցանցին: Ես 80 տարեկան մարդ եմ, ջրի անուն լսեցի, ես ինքս ջրագծերի տեղը փորեցի, տարա, հասցրեցի ցանցին»: Մեկ այլ ծերունի էլ դժգոհեց, որ ինքը բնակվում է սարի կողմերում եւ բացարձակապես հույս չունի խմելու ջուր ունենալու. «Էդ թաղում մոտ 20 տուն կա, որոնց ջուր չի հասել, ես էլ չէի ալարի, կփորեի ջրագծի տեղերը, կհասցնեի ցանցին, բայց ճանապարհի տակով թե՛ ոռոգման ջրի եւ թե՛ գազի խողովակ է անցնում, վտանգավոր է: Բացի էդ, խոսքը 15 մետրի մասին չէ, այլ 300 մետրի, հնարավո՞ր է էդքանը ձեռքով փորել: Ուղղակի վատն այն է, որ դեռ պիտի շարունակենք ուրիշների տնից ջուր կրել, հիմա էլ սկսել են ջրաչափեր տեղադրել, ամոթ է, չէ՞, ամեն վայրկյան դռները ծեծես»:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու ջրազուրկ մարդկանց վիճակը: Պաշտոնյան տեղեկացրեց, որ խոսքը 20-25 տան մասին է, որտեղ դարեր ի վեր ջրագծեր չեն եղել: «Ջրմուղը, էսքան գործը կատարելուց հետո, էդ մի քանի տան հարցը չի լուծի՞»,- մեր հարցին հարցով պատասխանեց տնօրենը:
Ի դեպ, նկատենք, որ Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների գյուղերին մատակարարվող ջուրը եւս վարակավտանգ է, այն բացարձակապես զուրկ է քլորացումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել