Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒՖԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ ԿԽՓԵՆ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Առայժմ դա կարվի «Պարենի համաշխարհային ծրագրով», սակայն 3 տարի հետո՝ պետական մակարդակով

Հայաստանի բոլոր դպրոցների 1-4 դասարանների աշակերտներին այսուհետեւ անվճար սնունդ է տրվելու, որպեսզի նրանք երկար ժամանակ՝ առավոտյան 8-անց 30-ից մինչեւ ժամը 1-2-ը, քաղցած չմնան եւ ավելի կենտրոնացած լինեն ուսման վրա: Այս ծրագիրն առայժմ գործելու է ընդամենը մի քանի մարզերում, միայն 3 տարի հետո է այն ներդրվելու հանրապետության բոլոր դպրոցներում:
Դպրոցականներին սնունդով ապահովելու մտադրությունը «Պարենի համաշխարհային ծրագրի» ղեկավարներինն է: Նրանք կարծում են, որ քաղցած մարդն ավելի ագրեսիվ է լինում, եւ նրա ինֆորմացիան կլանելու ունակությունը թուլանում է, ուստի առավել եւս երեխաները պետք է ուսման ընթացքի ժամանակ քաղցած չլինեն: «Պարենի համաշխարհային ծրագրի» գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովայի ներկայացմամբ, ներկայումս այն դպրոցներում, որտեղ իրենք արդեն աշխատում են, կիսով չափ սնունդ են ապահովում դպրոցականների ծնողները, կիսով չափ՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես դոնոր. «Մենք երեխաներին տալիս ենք տաք ապուր՝ ոսպով կամ ոլոռով եւ հաց: Այս ամենը տեղում է պատրաստվում, հացը՝ նույնպես: Ծնողների կատարած ներդրումները հիմնականում լինում են բանջարեղենի տեսքով՝ կարտոֆիլ, կաղամբ, գազար եւ այլն: Դպրոցն էլ է գնումներ անում, եթե ի վիճակի է, սակայն մենք ուզում ենք, որ բոլոր դպրոցներում 1 մոդել գործի: Երբ ՀՀ կառավարությունը 3 տարի հետո կսկսի զբաղվել այս գործով, այդ ժամանակ արդեն կլինի մշակված մոդել, քանի որ ամեն անգամ չի կարելի ծնողներից պահանջել»: Մեր այն հարցին, թե դա իսկապե՞ս այն սնունդն է, որի կարիքն ունեն այդ տարիքի երեխաները, դա համարվո՞ւմ է սննդարար ուտելիք, նա պատասխանեց. «Մենք կենտրոնացած չենք երեխայի առջեւ լիքը ափսե դնելու վրա, այլ նրա վրա, թե ինչ է այդ ափսեի մեջ: Մենք շարունակ փորձում ենք մեր ծրագիրը լավացնել եւ ավելի շատ սննդարար դարձնել երեխաներին տրվող սնունդը, դրա համար էլ մտադիր ենք ցորենի ալյուրը ավելի հարստացնել՝ վիտամիններով եւ հանքային աղերով: Մենք փորձում ենք իսկական օգուտ տալ»:
Պարզվում է, որ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մանուկների եւ դեռահասների բաժինն արդեն առաջարկներ ունի այս կապակցությամբ: Նրա պետ Ալեքսանդր Իսրայելյանի խոսքերով, դպրոցականներին սնունդով ապահովելը ճիշտ է. «Մենք առաջարկել ենք, որ այդ սննդի մեջ ներառված լինեն նաեւ այդ տարիքի երեխաների համար պարտադիր ընդեղենը, ձավարեղենը, հնդկացորենը, շաքարը, կաթի փոշին եւ ձեթը: Մենք այդ առաջարկությունը տվել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ գյուղատնտեսության նախարարություններին: Մենք նաեւ առաջարկել ենք, որ մեր տարածքային կենտրոնների տնօրենները ներգրավված լինեն սննդի ընտրության գործընթացում, որպեսզի հստակ ասեն, թե ինչ է պետք երեխաներին: Թե ինչպես է գործելու «Սնունդ դպոցականներին» ծրագիրը, պարզ կլինի եկող տավա վերջին: Հնարավոր է, որ առաջնահերթությունը տրվի ավելի կարիքավոր մարզերին»:
Կրթության եւ գիտության նախարարության զարգացման եւ մոնիտորինգի բաժնի պետ Ռոբերտ Ստեփանյանի կարծիքով էլ, «Սնունդ դպրոցականներին» ծրագիրը կարեւոր է, չնայած որ առայժմ պետական ռազմավարություն չկա նման հարցերի հետ կապված. «Դրա համար էլ դպրոցականների համար սնունդ ընտրելու հարցում հաշվի է առնվում «Պարենի համաշխարհային ծրագրի» փորձը, որը բավականին փորձառու է այս գործում: Նրանք առաջնորդվում են առաջնահերթ կարիքներից ելնելով: Հաշվի են առնում, թե հատկապես ինչն է կարեւոր: Նրանք խնդիր չեն դնում իրենց առջեւ՝ ապահովել, այլ՝ նվազագույնով ապահովել»: Մեր այն հարցին, թե բարձր դասարանների երեխաները դասերի ժամերին մի՞թե կարիք չունեն սնվելու, նա պատասխանեց. «Ունեն, բայց խոսքը հիմա առաջնահերթության մասին է: Փոքրերը դրա կարիքն ավելի շատ ունեն»:
Հաշվի առնելով այն, որ շատ դպրոցներում գործող բուֆետները դպրոցների տնօրենների համար մեծ եկամուտներ են ապահովում, մենք տիկին Մարիա Լուկյանովայից հետաքրքրվեցինք, թե արդյոք տնօրենները չե՞ն ընդդիմանում այս ծրագրին եւ արդյոք այն բուֆետների «գործին չի խփելու»: Մ. Լուկյանովայի խոսքերով. «Մենք հոկտեմբերին իրականացրել ենք այս ծրագրի պիլոտային մասը՝ Տավուշում եւ Գեղարքունիքում, այն դպրոցներում, որտեղ մենք աշխատել ենք, բուֆետներ չեն եղել: Բայց չեմ կարծում, որ դրանք կապ չունեն մեր ծրագրի հետ: Բացի այդ, ասեմ, որ այն, ինչ վաճառվում է դպրոցների բուֆետներում կամ կոնֆետ է, կամ չիպս, որը երեխաների առողջության համար այնքան էլ լավ չէ: Իսկ այն, ինչ մենք ենք առաջարկում, բոլորովին այլ է՝ օգուտ է տալիս երեխաներին, չէ որ նրանք քաղցած լինելով չեն կարողանա դաս սովորել»:
Նշենք, սակայն, որ դպրոցական բուֆետներում նաեւ անհայտ ծագման սննդամթերք էլ է վաճառվում, որը բավականին լավ սպառվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել