Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեւական կառույց չի՞

Դեկտեմբեր 02,2010 00:00

«Առավոտը» ստացել է Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի պարզաբանումը՝ կապված մեր թերթի նոյեմբերի 19-ի համարում հրապարակված «Քաղծառայողին պաշտոնազրկեցին սեփական դիմումի համաձայն» հոդվածի հետ: Ըստ Գ. Աբրահամյանի՝ հոդվածում կան որոշ անճշտություններ, որոնք ընթերցողների մոտ տարընթերցումների տեղիք են տալիս. «Նախ՝ նյութում գրվում է, թե Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը  Սամվել Ղազարյանին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության (իրականում առողջապահության եւ սոցիալական ապահովության) վարչության պետի պաշտոնում «տեղավորել» է «միանգամից, առանց քաղծառայության ատեստացիան հանձնելու»: Ուզում ենք հիշեցնել, որ քաղաքացիական ծառայողների ատեստավորումը բացարձակապես որեւէ կապ չունի քաղծառայության մրցույթի եւ պաշտոնում նշանակելու գործընթացների հետ: Դրա նպատակն է ընդամենը երեք տարին մեկ անգամ պարզել, թե արդյո՞ք տվյալ անձը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին: Հեղինակի հավաստիացումը, թե Սամվել Ղազարյանը որոշ ժամանակ պաշտոնավարել է առանց «ատեստացիան հանձնելու», որեւէ արտառոց բան իր մեջ չի պարունակում: Ավելին.  պարոն Ղազարյանն այդ պաշտոնում առաջին անգամ պետք է ատեստավորվեր այս տարվա նոյեմբերի 17-ին, սակայն ատեստավորմանը չէր ներկայացել:
Եթե հեղինակը թյուրիմացաբար ատեստացիա ասելիս նկատի է ունեցել պաշտոնի զբաղեցման համար անցկացվող մրցույթը, ապա տեղեկացնում ենք, որ Սամվել Ղազարյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2007թ. նոյեմբերի 13-ին կայացած մրցույթի արդյունքում: Որեւէ այլ հիմքով տվյալ պաշտոնը նա չէր կարող նաեւ մինչեւ մրցույթը ժամանակավորապես զբաղեցնել, որովհետեւ  այն թափուր լինելու մասին մարզպետարանը ՀՀ ՔԾ խորհրդին տեղեկացրել է 08.10. 07թ., իսկ մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվել է ընդամենը 2 օր անց: Այսինքն՝ ընթացակարգի որեւէ խախտում տեղի չի ունեցել: Հեղինակի հայեցողությանն ենք  թողնում այն հանգամանքը, թե որքանով է նա նպատակահարմար համարում «կազմակերպչական գործունեությամբ աչքի չընկած» պաշտոնյայի գործունեությունը պետական կառավարման համակարգում, այն էլ այն դեպքում, երբ իր իսկ խոսքերով՝ «նրա օրոք բուժհաստատությունների ղեկավարներն ավելի կոռումպացված դարձան»:  Այսուհանդերձ հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ծառայողի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելուց հետո, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը որեւէ կերպ նրան օգնել, պաշտպանել այլեւս չի կարող, որովհետեւ նման լիազորությամբ օժտված չէ: Այդ մասին քաղաքացիական ծառայողներին ասվել է բազմիցս: Այսինքն անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելու հանգամանքը չի կարող ապացույց հանդիսանալ, որ Քաղծառայության խորհուրդը «գնալով ձեւական կառույց է դառնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել