Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄՆ-Ը «ԴՐԱ ՏԱԿԻՑ» ՉԻ ԿԱՐՈՂ ԴՈՒՐՍ ԳԱԼ

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\" Որոշ մարզերում գյուղացիները հաջորդ տարի էլ միայնակ կպայքարեն կարկուտի ու միլիոնների հասնող վնասի դեմ

Ամեն տարի անձրեւներից ու կարկուտից Լոռու մարզը վնասներ է, որ կրում է: Այս մարզը մեկն է այն մարզերից, որտեղ գյուղացու բերքը պաշտպանված չէ, իսկ կառավարության՝ հակակարկտային կայաններ կառուցելու մասին ամենամյա խոստումներն էլ դեռ տեսական բնույթ են կրում: Այս տարվա մայիս-հունիս ընկած ժամանակահատվածում կարկուտից տուժել է մարզի 49 համայնք, որից 17-ը 3 անգամից ավելի է կարկտահարվել, 5 համայնքում էլ 7 անգամ են կարկուտ տեսել, իսկ Գյուլագարակ եւ Գարգառ համայնքներում այնքան կարկուտ է եկել, որ գյուղացիները չեն էլ ցանկանում մտաբերել: Միայն այս համայնքներում կարկուտի հասցրած վնասը հասել է 860 մլն դրամի: Կարտոֆիլի արտադրությամբ ճանաչված այս գյուղերում բնակիչները վաճառելու փոխարեն, գնում են:
«Ամեն տարի հաշվարկում ենք բնության հասցրած վնասները, կազմում ակտերը, բայց դրանից ոչ մի օգուտ չկա, ոչ մի աջակցություն: Էնքան շատ են վնասները, որ որեւէ մեկը, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրա տակից չի կարող դուրս գալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը: Դեռ երեք տարի առաջ, երբ մարզի բնակիչներին վնասի դիմաց կառավարությունը որոշակի աջակցություն էր նախատեսել (սերմացուի տեսքով), բնակիչները միահամուռ հրաժարվեցին աջակցությունից, պայմանով, որ մարզի տարածքում հակակարկտային կայաններ կառուցեն: Լեռնանցք գյուղի բանկիչ Ա. Մաթեւոսյանն էլ պատմում էր, թե ժամանակին, կառավարության հոգատարությունից խանդավառված, իր ձեռքով ստորագրել է 319 հազար դրամից հրաժարվելու փաստաթղթի տակ, այժմ հույս չունի, որ կայանները կկառուցվեն. «Էսքան քրտինք եմ թափում էս հողի վրա, մի 5 տարուց, եսիմ, էլ կարամ աշխատեմ, քանի ուժս տեղն է, մի որոշում անեն, որ ես էլ իմ աշխատածի արդյունքը տեսնեմ»: Պարոն Բունիաթյանն էլ նշում էր, թե ամեն տարի գյուղացիներին մոտ 1 միլիարդ դրամի վնաս է կարկտահարությունը պատճառում: Ըստ նրա, իրենց մարզում հակակարկտային կայանների կառուցումը օդի պես անհրաժեշտ է. «Թե չէ, ես էլ չեմ ընդունում, որ գյուղացիներն անընդհատ ասում են, թե վնասի դիմաց պետությունը պետք է փոխհատուցի, ինչի՞ համար փոխհատուցի, ապահովագրություն չունեցող հողի համար փոխհատուցումն անիմաստ է»: Նրա խոսքով, կառավարության որոշմամբ, այս տարի իրենց մարզում կայաններ պետք է կառուցվեին, բայց, չգիտես ինչու, այս անգամ էլ կառուցումը հետաձգվեց. «Հիմա ասում են, 2010-13թթ.-ին 15 հակակարկտային կայան կկառուցեն: Այս տարի հետաձգվեց, քանի որ մասնագիտական ծառայությունները կայանների բնույթը փոփոխության ենթարկեցին, նախկին սովորական կայանների փոխարեն որոշվեց ռեագենային կայաններ կառուցել: Եթե սովորական կայանը 80 հա կարող է պաշտպանել, ապա ռեագենայինը՝ 500-600 հա, իսկ քանի որ Լոռու մարզի բոլոր տարածաշրջանները շատ խոցելի են եւ, բարձր լեռնային դիրքով պայմանավորված՝ բարենպաստ ամպերի կուտակման, նաեւ վարար անձրեւների ու կարկուտի զարգացման համար, այս տարբերակն ավելի ձեռնտու է»:
Մարզպետարանի աշխատակցի տեղեկացմամբ, կառուցման գործընթացի առաջին փուլում իրենք նախընտրում են ներառել մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող 5 համայնք՝ Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Թումանյան, Շամլուղ. «Առայժմ պարզ չէ, որտեղ կկառուցվեն, բայց մենք մեր տեսակետը հայտնել ենք, մեզ թվում է՝ հաշվի կառնեն»: Ի տարբերություն Լոռու մարզի, արմավիրցիների բերքը պաշտպանված է: Մեզ հետ զրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ ներկայիս 32 կայանին մինչեւ տարեվերջ կմիանան եւս 40-ը. «Թուրքիայից եկող կարկտաբեր ամպերի դեմն առնում ենք, եւ եկող տարիներին կարկուտից շատ քիչ վնաս կունենանք, իսկ եթե եւս երեք հատ էլ կայան կառուցենք, բացի ծրագրով նախատեսված այդ 40-ը, ընդհանրապես խնդիրներ չենք ունենա»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» պետ Ռոբերտ Հովսեփյանն էլ «Առավոտին» ասաց, որ կայանների կառուցման գործընթացը ակտիվ ընթանում է, Արարատում արդեն 28 կայան կառուցվել է, 8-ն էլ ընթացքի մեջ է: Նրա խոսքով, Արմավիրից բացի, մեծ թվով կայաններ առաջիկայում կկառուցվեն նաեւ Արագածոտնի մարզում. «Սա կարկտահարությունից ամենից շատ տուժող տարածաշրջաններից մեկն է»: Նրա հավաստմամբ, կառավարությունը ինտենսիվ աշխատում է կայանների կառուցման ուղղությամբ:
Առաջիկայում կարկտավտանգ բոլոր մարզերը կայանների պակաս չեն ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել