Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնահատական ընդդեմ գնահատականի

Դեկտեմբեր 02,2010 00:00

Ովքե՞ր են «կիսագրագետ, գավառամիտ խաժամուժը» կամ «ֆանատիկ զոմբիները»

Օրերս կայացած ՀՀՇ երիտթեւի համաժողովում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատելով կոալիցիոն կուսակցությունների երիտթեւերին՝ նրանց անվանեց «կոմսոմոլներ»: Իսկ խորհրդային պատմության այդ իրողությունն այսպես բնութագրեց. «Նախկին խորհրդային կամ սոցիալիստական ճամբարի ամենախայտառակ երեւույթը հենց այդ կոմսոմոլի երեւույթն էր, երբ պատրաստում էին կիսագրագետ, ֆանատիկ զոմբիներ, որոնք հետագայում պիտի դառնային սիստեմի հենարանը: Ի դեպ, եթե դուք նայեք Խորհրդային Միության պատմությանը, կուսակցության շարքերում կային ֆանատիկներ: Բայց կային շատ զարգացած, լուրջ ինտելեկտուալ մարդիկ, որովհետեւ նրանք դեռ ստացել էին ցարական կրթություն, այն ժամանակ մասնագիտություն էին ստացել»: Գալով 60-80-ականներին՝ Տեր-Պետրոսյանը Խորհրդային Միության կադրերի մի մասին «կիսագրագետ, գավառամիտ մի խաժամուժ» անվանեց:
Հատկապես վերջին որակումների առիթով «Առավոտի» հետ զրույցում ներկայումս «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, նախկինում՝ կոմերիտմիության կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ, հանրապետական ուսանողական շինջոկատների կոմիսար Գագիկ Թադեւոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ Տեր-Պետրոսյանն ո՞ւմ նկատի ուներ. վաղամեռիկ Համբարձում Գալստյանի՞ն, ով համալսարանի պատմության ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղարն էր, Աշոտ Մանուչարյանի՞ն, ով ֆիզիկայի ֆակուլտետի քարտուղարն էր, նաեւ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար աշխատեց, թե՞ Դեմիրճյան Ստյոպային, ով Պոլիտեխնիկ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի անդամ էր, այսօր էլ իր կողքին է: Միգուցե Հրանուշ Հակոբյանի՞ն, ով իր նախագահ եղած ժամանակ կառավարության անդամ էր, հիմա էլ ՀՀ սփյուռքի նախարարն է: Կամ՝ իր եղբայր Պետրոս Տեր-Պետրոսյանին, ով կոմերիտմիության շինարարական ջոկատների ակտիվիստ էր, հրամանատար»:
Ընդհանրապես, Գագիկ Թադեւոսյանին ցավ են պատճառել հանրապետության առաջին նախագահի գնահատականներն ու որակումները, քանի որ, իր կարծիքով, մտավորականին, բանասիրական գիտությունների դոկտորին դա հարիր չէ. «Ղարաբաղյան շարժման հենց սկզբից իր զինակիցներն են եղել մարդիկ, ովքեր անցել են իր կողմից նման որակումներ ստացած կոմունիստական դպրոցով: Նրանցից շատերն այսօր էլ իր կողքին են: Փաստորեն, այդ մարդիկ արժանապատվության ու ինքնասիրության շատ ցածր զգացում ունեն, որ դեռ գտնվում են մի մարդու կողքին, ով իրենց երիտասարդական ակտիվ շրջանի կյանքն ու գործունեությունն այդպես է պիտակավորում: Մյուս կողմից էլ՝ չեմ զարմանում, քանի որ ժամանակին Տեր-Պետրոսյանն ազգային գաղափարախոսությունը հռչակեց «կեղծ կատեգորիա», պատմությունը՝ «կեղծ գիտություն»: Այդպիսի մտածելակերպ ունեցող մարդու համար տարօրինակ էլ չէ այդ մոտեցումը»:
Գագիկ Թադեւոսյանը նաեւ նկատում է, որ ներկայիս իշխանությունը կամ քաղաքական ուժերը շատ կցանկանային ունենալ այնպիսի մի դպրոց, որտեղ կոփվեին կադրեր, ինչպիսիք կոփվել են կոմերիտմիության շարքերում: Նա չի կարծում, որ տասնյակ հազարավոր ուսանողական շինջոկատներում, որոնք ծառայում էին պետությանը, «զոմբիներ, կիսագրագետ, գավառամիտ» մարդիկ էին: «Կոմերիտականներն իրենց երկրի եւ հայրենիքի համար այնքան մեծ գործեր են արել, որ իրեն հարգող ցանկացած մտավորական միայն քմծիծաղ կտա: Գնահատականը շատ արժանի է գնահատական տվողին եւ նախեւառաջ անպատվաբեր է հենց Տեր-Պետրոսյանի համար: Ցավում եմ, կարծում էի, որ Տեր-Պետրոսյանն իր ապրած տարիներից դասեր քաղած կլինի»,- եզրափակեց Գագիկ Թադեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել