Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՆՈՋԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԿԻՆ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Այս դրույթն առաջարկվում է ամրագրել «Ընտրական օրենսգրքում»

Առիթ ունեցել ենք հրապարակելու մի քանիսն այն առաջարկություններից եւ դիտողություններից, որոնք ներկայացվել են «Ընտրական օրենսգրքի» նոր խմբագրությամբ նախագծի վերաբերյալ: Առաջարկները հիմնականում կրկնվում են: Գրեթե բոլոր տեղական կազմակերպություններն առաջարկել են ԱԺ ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով, թեկնածու առաջադրվելիս՝ աշխատանքային պարտականությունները կատարելուց ազատել ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, Երեւանի ավագանու անդամներին եւ այլն, պարտադիր տեսաձայնագրել քվեարկության եւ ձայների հաշվարկի ընթացքը, քվեարկության մատյանները պատճենահանել ու փակցնել ընտրական տեղամասում: Այնպես որ՝ այս անգամ կներկայացնենք միայն այն առաջարկները, որոնք եզակի են եւ յուրահատուկ:
«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն առաջարկել է, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ունենա մեկական ներկայացուցիչ ընտրական հանձնաժողովներում: Նաեւ առաջարկել է, որ արտախորհրդարանական կուսակցությունները ձեւավորեն հաշվիչ հանձնաժողով, որը կվերահսկի քվեարկության արդյունքները:
Կարեն Վարդանյանը, որն ԱԺԴ երիտասարդական կառույցի ղեկավարն է, առաջարկել է սահմանել. «Ընտրություններին չմասնակցելը առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով»: Ըստ այդմ՝ քվեարկությանը չմասնակցելու դեպքում պետք է տուգանվեն՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով (նկատենք, որ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նշել էր. «Կան երկրներ, օրինակ՝ Ավստրալիան ու Հունաստանը, որտեղ ընտրություններին չմասնակցելու համար քրեական հետապնդում է նախատեսված: Բայց այդ երկրներում եւս ոչ բոլորն են քվեարկում»: Ըստ նրա համոզման՝ «Պետությունը օրենքի ուժով չպետք է ստիպի քաղաքացուն քվեարկել: Դա քաղաքական կուսակցությունների եւ թեկնածուների խնդիրն է».- Ա. Ի.): Կարեն Վարդանյանը նաեւ առաջարկել է վերականգնել քվեաթերթիկում «բոլորին դեմ» տողը: Ըստ նրա՝ քվեաթերթիկները պետք է տպագրվեն այլ պետության «հատուկ պաշտպանված փաստաթղթեր տպագրելու արտոնություն ունեցող տպարանում» եւ Հայաստան բերվեն քվեարկությունից 2 օր առաջ: Ի դեպ, նման առաջարկ հնչել է նաեւ ԱՄՆ դեսպանատան նախաձեռնած քննարկման ընթացքում:
«Դու մենակ չես» հակակոռուպցիոն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն արդարացված է համարում սահմանելը, «որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, ինչը թույլ կտա բացառել հատկապես մարզերի ընտրատարածքները փաստացի իրենց կալվածքը դիտարկելու որոշ պատգամավորների հավակնությունները»: Համարելով, թե նոր նախագծով ԿԸՀ կազմավորման դեպքում էլ բաց է մնում մի շատ կարեւոր հարց՝ «ով է կրում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ողջ պատասխանատվությունը, քանի որ նախկին ընտրությունների դառը փորձը ցույց է տվել, որ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կոլեգիալ պատասխանատվությունը, մեղմ ասած, իրեն չի արդարացրել», ՀԿ-ն առաջարկում է ԿԸՀ-ն ձեւավորել մրցութային եղանակով:
«Մայր Հայրենիք» կուսակցության առաջարկներից առանձնացնենք այս մեկը. «Ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր 4-րդը պետք է լինի կին, եւ կնոջը ցուցակում կարող է փոխարինել միայն կին, որն ընտրացուցակում անմիջապես հաջորդում է դուրս եկող կնոջը»: Այս առաջարկը հիմնավորվել է մասնավորապես հետեւյալ փաստարկով. «Բարձր ինտելեկտով օժտված կանայք, կազմելով ՀՀ բնակչության ավելի քան 50 տոկոսը, հրաժարվում են ընտրապայքարից, քանի որ այսօր Հայաստանում ընտրությունների ընթացքում գործում են չգրված բիրտ օրենքներ»:
Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանն առաջարկել է սահմանել, որ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում դատարանները, ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ները աշխատում են առանց հանգստյան օրերի: Անհրաժեշտ է համարում նորմեր, որոնք թույլ չեն տա կուսակցություններին եւ պաշտոնատար անձանց զբաղվել «բարեգործությամբ», այլապես կարող են կանչվել պատասխանատվության: Ռուբեն Թորոսյանի առաջարկած եւս մի լրացում. «Ընտրությունների անցկացման մասին որոշում ընդունելուց մինչեւ նախընտրական քարոզչության սկիզբն արգելվում է ցանկացած քարոզչություն կուսակցությունների եւ անհատ անձանց օգտին ու դեմ»: Ըստ նրա՝ ԱԺ-ում 21 տեղ պետք է սահմանվի Սփյուռքի կազմակերպությունների համար: Եվ վերջապես՝ «Ընտրական օրենսդրության փոփոխություններ արգելվում է կատարել ընտրություններին նախորդող 6 ամսվա եւ նրանց անցկացման ընթացքում»:
ՀՀ Հանրային խորհրդի գենդերային եւ ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի առաջարկած լրացումներից է. «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի անդամ, նախագահ, տեղակալներ, քարտուղար չեն կարող նշանակվել ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, դասախոսներ»: Եվ հիմնավորումն է. «Բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման նպատակով անհրաժեշտ է զերծ պահել քաղաքական գործառույթներից ուսումնական հաստատությունները»:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության առաջարկություններից է՝ ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն առանձնացնել՝ դարձնելով անկախ մարմին, դրա կազմում որպես փորձագետներ ներգրավել քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս ՀԿ-ն առաջարկել է, որ ավելացվի հանրային հեռուստատեսությամբ տրամադրվող անվճար եթերաժամի քանակը եւ ամրագրվի, «որ այն հեռարձակվի ժամը 18:00-ից մինչեւ 23:00-ի ժամանակահատվածում»: Իսկ վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը «պետք է առնվազն 20 տոկոսով պակաս լինի այդ նույն ռադիո կամ հեռուստաընկերության կողմից համապատասխան ընտրության տարուն նախորդող տարվա ընթացքում առեւտրային գովազդի յուրաքանչյուր րոպեի միջին գնից»:

Հ. Գ. Նշենք, որ ընտրական օրենսդրության համաժողովի ընթացքում մասնակիցներին տրամադրված փաթեթի մեջ կա մի շատ ուշագրավ փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին գրավոր բողոքում է, թե դեռ սեպտեմբերի 9-ին առաջարկել էին նախագծում սահմանել սահմանադրական բարեփոխումներից բխող այն դրույթը, ըստ որի՝ ՍԴ-ն լիազորվում է քննության առնել ոչ թե ընտրությունների արդյունքների հետ կապված ցանկացած վեճ, այլ միայն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը. «Սակայն ինչպես այդ, այնպես էլ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանի, Գալուստ Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Հովհաննես Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Արայիկ Հովհաննիսյանի եւ մյուսների կողմից ներկայացված մի շարք սկզբունքային նախագծեր չեն ներառվել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» հրապարակված նոր խմբագրությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել