«Առավոտի» հավաստի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի շաբաթ է պահվում է Կոտ Դ’Իվուարի մի քաղաքացի, որը ՀՀ է ժամանել Թուրքիայից եւ փաստաթղթային խնդիրներ ունի, ինչի պատճառով հայ սահմանապահները նրան չեն թողնում օդանավակայանից դուրս գալ: Մեր տեղեկություններով՝ նրան արտաքսել են Թուրքիա, որտեղից էլ նույն ձեւով արտաքսվել է Հայաստան: Ըստ որոշ լուրերի՝ մի քանի օր առաջ նա աղմուկ է բարձրացրել օդանավակայանում, թե՝ ինձ այստեղ սոված-ծարավ պահում եք, վատ եք վարվում հետս: Աղմուկից հետո մեր սահմանապահները նրան ձեռնաշղթաներ են հագցրել եւ նույնիսկ բռնության ենթարկել: «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական բաժնից մեզ ասացին, որ սահմանապահ զորքերի հետ որեւէ առնչություն չունեն, ոչինչ չեն կարող ասել այդ պատմության մասին, եւ մեզնից են առաջին անգամ լսում: Սակայն ոստիկանական մեր աղբյուրները ճշտեցին մեր տեղեկությունները, միայն հիշեցրին, որ սահմանապահ զորքերի հետ իրենք առնչություն չունեն, դրանք պատկանում են Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ-ի հետ երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել: